ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Դավիթ Ամալյանն ուզում է, որ իր համերգի օրը պետությունն ու հայրենիքը նույնանան



«Հերիք եղավ, Տեր»-ի ժամանակ 23 երգից 17-ը հնչելու է առաջին անգամ Մարտի 2 և 3-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի է ունենալու հեղինակային երգերի կատարող Դավիթ Ամալյանի 4-րդ մենահամերգը: «Աննախադեպ համերգ չի լինելու, որևէ բանով չի առանձնանալու մյուս համերգներից: Երգեր են հնչելու կենդանի կատարմամբ 5 հոգանոց նվագախմբով»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Դավիթ Ամալյանը: Այս համերգին նա ավելի շատ է երգելու, լինելու են զուգերգեր` իր կնոջ` Արմինեի, ինչպես նաև Լեյլա Սարիբեկյանի և Ռուբեն Հախվերդյանի հետ: «Հերիք եղավ, Տեր» խորագրով համերգի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավար Հայկ Նավասարդյանը նշեց, որ համերգը երկու բաժնից է բաղկացած: Առաջին բաժնում հնչելու են Դավիթ Ամալյանի երգերը, որոնք գրված են ոչ իր խոսքերով, այլ Թումանյանի, Չարենցի, Տերյանի, Մեծարենցի, ինչպես նաև Աղվան Մինասյանի, Կարեն Մամիկոնյանի, Ռուբեն Գևորգյանի և այլոց: Համերգի երկրորդ բաժնում հնչելու են Դավիթ Ամալյանի խոսքերով գրված երգերը: Համերգին կատարվելիք 23 երգից 17-ը նոր է, նույնիսկ ձայնագրված տարբերակներ չունի: Տոմսերի արժեքը 2000-7000 դրամ է: «Հերիք եղավ, Տեր» խորագիրը վերցված է Դավիթ Ամալյանի վերջին երգերից մեկի հետևյալ տողից. «Հերիք եղավ, Տեր, հոգուս հանգիստ բեր»: Այդ երգում հեղինակը դիմում է Տիրոջը, բայց չի բողոքում է, այլ կեսկատակ կեսլուրջ ասում է. «Տերը ինքն է մեր ձեռը կրակն ընկել»: Ստեղծագործելիս Դավիթ Ամալյանը ձգտում է ինքն իրեն չխաբել, երբեք գոհ չի մնում իր գրածից: «Ես որևէ կախում որևէ գաղափարախոսությունից չունեմ»,- ասում է երգահանը: Վերջին շրջանում որևէ հայրենասիրական երգ չի գրել, գրում է այն, ինչ սիրտն ուզում է: Դավիթ Ամալյանը նշում է, որ «ցավի մեջ հայրենիք էլ կա, ռազմահայրենիք էլ կա», և հայրենիքի մասին շատ չի կարելի խոսել. վտանգավոր է: «Ես կուզեի, որ այդ օրը պետությունն ու հայրենիքը նույնանան»,- ասում է նա` անդրադառնալով համերգին: Երգահանի համոզմամբ` լավ չէ, որ Հայաստանի մշակութային քաղաքականությունը մեր ձեռքում չէ, քանի որ այն բանակի չափ կարևոր է մեզ համար, իսկ մշակույթ փչացնելը նշանակում է բանակը փոքրացնել: Ինչ վերաբերում է կենդանի կատարումներին, ապա Դավիթ Ամալյանն ասում է, որ կառավարության մակարդակով որոշվել է, թե ինչպես («պլյուսով», թե «մինուսով») երգել, իսկ ահա երգի բովանդակությունը ոչ մեկին չի հետաքրքրում: «Շոուն ձևն է, բիզնեսը` նյութը, ինչ երգելը ոչ մեկին չի հետաքրքրում: Եթե ձայն ունի, երգելու է «մինուս», բայց երգածի մեջ բան չլինի` ո՞ւմ է պետք»,- ասում է երգիչը: Նա կցանկանար, որ ստեղծվեր խորհուրդ, որը երգերի համար որոշակի չափանիշներ սահմաներ, և այնքան արժեքավոր լիներ այդ ամենը, որ ինքը` երգահանը, չհամապատասխաներ այդ չափանիշներին: «Հետքի» խնդրանով անդրադառնալով երգահան Վահրամ Պետրոսյանի` վերջին օրերին մեծ աղմուկ հանած հայտարարությանը, թե իրեն` Վահրամ Պետրոսյանին հոգեհարազատ է ադրբեջանական երաժշտություն` Դավիթ Ամալյանն ասաց, որ ավելի լուրջ խնդիրներ էլ կան: «Վահրամին ճանաչում եմ: Ինքը էշ-էշ դուրս է տվել, չի էլ հասկացել` ինչ է խոսում: Մյուսներն էլ թուրութվանքը առել են ընկել նրա վրա: Շոու-բիզնեսի տերերից մեկը, որ թուրքական լադերով երգեր է գրում, նկարում, ցույց է տալիս, ոչ մեկի վրա չի ազդում: Հանկարծ քավության նոխազ են գտել: Ես ոչ իրեն եմ արդարացնում, ոչ էլ մյուսներին»,- ասաց երգահանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված