ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Առաջարկում են Արցախի հարցում մշակել նոր հայեցակարգ



Այսօր քաղաքացիական ազգային նախաձեռնությունը  «Արցախի թագավորությունից մինչեւ Հանրապետություն» թեմայով սեմինար-քննարկում էր կազմակերպել: Քաղաքագիտության մագիստրոս Ստեփան Հասան-Ջալալյանը խոսեց Արցախում պետականության ձեւավորման եւ զարգացման մասին, որի ընթացքում ցուցադրվեց նաեւ հատվածներ Արցախի վերաբերյալ իր նկարած ֆիլմից: «Հարությունյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ, Վաշինգտոն իրավաբանական քոլեջի մագիստրոս Լեւոն Գեւորգյանը խոսեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրի օրինակության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ազդեցությունն ինքնորոշման իրավունքի վրա, եւ թե ինչ է առաջարկում դատարանի եզրակացությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից: Նրա խոսքերով` դատարանը խիստ սահմանափակ մոտեցում է ցուցաբերում եւ թաքնված կերպով որոշակի լուծումներ է տալիս: Լեւոն Գեւորգյանն ասում է, որ դատարանն իր եզրակացությունների մեջ օգտագործում է Կոսովոյի ժողովուրդ եզրույթը, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությունը ժողովուրդ ասելով հասկանում է պետության ազգաբնակչությունը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այդ սկզբունքը գործում է ուժի գործադրման համատեքստում: Միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը խոսեց Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի վերաբերյալ: Նրա խոսքերով` Հայաստանը ղեկավարվում է ԵԱՀԿ-ում ընդունված հայեցակարգով եւ ճանաչում է Ադրբեջանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված հայեցակարգին, ապա այն մի կողմից հնարավորություն է տալիս պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ` իրականցնել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: «Այս բանաձեւն անտեսում է այն քաղաքական իրավիճակը, որը ձեւավորվել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում, քանի որ որեւէ մեկի կողմից դրա ստորագրումը կհակասի տվյալ երկրի սահմանադրությանը, այն կիրականացվի ի հակառակ գոյություն ունեցող իրավական ակտերի»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը: Միջազգային իրավունքի մասնագետի խոսքերով` բոլոր հայեցակարգերի հիմնական թերությունն այն է, որ ի սկզբանե անտեսված է մարդու իրավունքների սկզբունքը, այն մղված է երկրորդ պլան: Նրա կարծիքով` ԼՂ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ խաղաղ գործընթացը փոխելու հարցում: «Եթե Արցախը լուռ սպասի մինչեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեն որեւէ փաստաթուղթ, այդ դեպքում իրադարձությունը կարող է դառնալ անշրջադարձելի եւ ԼՂ-ի լռությունը դիտվել որպես համաձայնություն»,- ասաց նա: Անդրեաս Ղուկասյանի խոսքերով` այս սկզբունքների ընդունումը տարածաշջանում կարող է բերել մի նոր քաղաքական իրադրության, երբ քաղաքական էլիտաները հակասության մեջ կմտնեն իրենց հասարակության հետ: Նա կարծում է, որ մեզանում  Ղարաբաղի հարցում նոր հայեցակարգի կարիք կա:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված