Կիրակի, 15 դեկտեմբերի

Որոշ լրագրողների արգելել են մասնակցել ԲՀԿ-ի համագումարին



Մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մի քանի լրագրողներ, այդ թվում` «Հետքի» լրագրողը, չկարողացան ներկա գտնվել: Պատճառը ԲՀԿ-ի լրատվական պատասխանատուների` մեկը մեկից անտեղյակ լինելն էր, կամ կանխամտածված ձեւով արգելքներ ստեղծելը: Դեռ երեկ էինք գրել, որ համագումարից ժամեր առաջ լրագրողների մասնակցության հետ կապված որոշ անհասկանալի դրսեւորումներ են նկատվում, եւ հնարավոր է որոշ խոչընդոտներ առաջանան: Երեկ ուշ երեկոյան վերջին անգամ ԲՀԿ մամուլի պատասխանատու Բաղդասար Մհերյանից հետաքրքրվեցինք, թե համագումարին մասնակցելու համար լրագրողները արդյոք պետք է հավատարմագրվեն, թե ոչ: Բ. Մհերյանն ասաց, որ ԲՀԿ-ն խոչընդոտներ չի ստեղծի, մուտքն ազատ է, սակայն լրագրողները պետք է իրենց անունները գրել տան նախագահական նստավայրում, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ներկա է գտնվելու համագումարին: Իսկ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակից ասացին, թե նախագահականը ցուցակներ չի կազմում, եւ դա ԲՀԿ-ի գործն է: Սա հաստատեցին նաեւ այսօր առավոտյան, երբ լրագրողները մնացել էին դրսում: Նախ հենց սկզբից լրագրողների նկատմամբ ցուցաբերվեց անհարգալից վերաբերմունք: Հրահանգվեց, որ նրանք մարզահամերգային համալիր մտնեն ոչ թե գլխավոր, այլ տնտեսական մուտքից: Իսկ տնտեսական մուտքում լրագրողներին դիմավորեցին մի խումբ անվտանգության աշխատակիցներ եւ սկսեցին լրագրողներին ներս թողնել ցուցակներով: Երբ զանգահարեցինք Գագիկ Ծառուկյանին մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանին, նա ասաց, թե մասնակից լրագրողների ցուցակները նախագահական նստավայր է ներկայացրել, եւ այնտեղ մասնակիցների անուններն արդեն հաստատված են, ոչինչ անել չի կարող: Երբ մեջբերեցինք Բաղդասար Մհերյանի խոսքերը, թե խոչընդոտներ չեն լինի, Խ. Գալստյանն ասաց. «Ցավում եմ, բայց չենք կարող Ձեզ ներս թողնել»: Արդեն դահլիճում լրագրողները Խ. Գալստյանից հետաքրքրվել էին դրսում մնացած մի խումբ լրագրողների մասին, թե ինչու չեն կարողացել ներս մտնել, մամուլի քարտուղարն ասել է, թե դրսում ոչ մի լրագրող չի մնա եւ ներս կհրավիրեն: Սակայն դրանից հետո ինչպես Բաղդասար Մհերյանը, այնպես էլ Խաչիկ Գալստյանը անջատել էին բջջային հեռախոսներն ու անհետացել լրագրողների տեսադաշտից:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված