ՈՒրբաթ, 13 դեկտեմբերի

«Да здравствует самый гуманный суд»



Այս վանկարկությամբ այսօր ամբաստանյալ Արմեն Կիլինկարովը իրավապահների կողմից դուրս տարվեց դատական նիստերի դալիճից և վերադարձավ քրեակատարողական հիմնարկ` 5 տարի ժամկետով: Նշված ժամանակահատվածով ազատազրկման նա այսօր դատապարտվեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչվելով «Սպանության» մեջ: Այսօրվա դատավճռով Կիլինկարովի համար սահմանեց 8,5 տարվա ազատազրկում, բայց նրա նախկին 4 տարի ազատազրկման վճռից գումարեց եւս 6 ամիս և պատժաչափը դարձավ 9 տարվա ազատազրկում: Ապա հաշվակցեց նախկին` 4 տարի ազատազրկման չափը և վերջնական պատժաչափ սահմանվեց ազատազրկում 5 տարի ժամկետով: Իսկ պատժի սկիզբը հաշվվեց 2009 թվականի օգոստոսի 31-ից: «Անարդար դատական ակտ,- զարմացած ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը,- ինչպե՞ս կարելի է ապացույցներ չլինելու պայմաններում ներկայացնել մեղադրական դատավճիռ»: Փաստաբանին անհասկանալի մնաց նաև նոր և նախկին պատժաչափերի հաշվակցումը. «Հետաքրքիր է` ինչպե՞ս դատարանը նախկինում կրած պատժից 6 ամիս գումարեց: Այդ հոդվածով հնարավոր է դեռ սահմանադրական դատարան դիմեմ: Մարդը 4 տարի կրել է պատիժը, պետք է ամբողջությամբ հաշվակցվեր: Բայց հաշվակցվելուց առաջ կրած պատժից 6 ամիս գումարվեց նոր տրվածին, իսկ կրած պատժից չի կարող գումարվել»,- ասում է փաստաբանը: Բայց այս պահին Ռուբեն Հակոբյանին մտահոգողը ոչ այքան պատժաչափն է, որքան, ինչպես ինքն է ասում` անմեղ մարդուն մեղավոր ճանաչելը. «Շատ թե քիչ, որևէ տրամաբանություն չկա, երբ խոսքը գնում է մարդու մեղավորության և անմեղության մասին: Եթե անմեղ մարդուն նույնիսկ 1 տարի էլ են ոչ ճիշտ դատապարտում, դա արդեն իսկ ողբերգություն է, արդարադատության խախտում»: Դատավոր Մարինե Մելքոնյանը հրապարակեց միայն դատավճռի եզրափակիչ մասը` պատժաչափի վերաբերյալ: Դատարանի պատճառաբանություններին ու հետևություններին պաշտպանական կողմը նոր է ծանոթանալու: Բայց ինչ հիմնավորումներ էլ որ գրված լինի, փաստաբանի համոզմամբ, պետք է որ վիճարկման առարկա դառնան: Ռուբեն Հակոբյանը շեշտում է, որ այսօրվա դատավճիռը բողոքարկելու է վերադաս ատյաններում, իսկ հաջողության չհասնելու եւ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է նաև եվրոպական դատարան:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված