Կիրակի, 15 դեկտեմբերի

Դատախազը «պերեգավո՞ր է տարել» կալանավորի հետ



Ալավերդի քաղաքի նախկին բնակիչը Արմեն Կիլինկարովի գործի դատական քննությունն ավարտվեց: Նա մեղադրվում է 10 տարի առաջ կատարված` նույն քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանի սպանության մեջ: Մինչ այդ վերջինիս եղբայր Աշոտ Շաքարյանը դիտավորությամբ հրազենային վնասվածք էր պատճառել Արմեն Կիլիկարովի եղբորը` Գագիկ Կիլինկարովին. սպանության վարկած էր դարձել վրեժխնդրությունը: Դեպքը տեղի է ունեցել 2000 թվականին: 2001-ից Արմեն Կիլինկարովը հետախուզման մեջ էր: Այլ հանցագործության համար ՌԴ-ում ձերբակալվելուց և պատիժը կրելուց հետո 2009-ին տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել: Դատաքննության ավարտին մեղադրանքի և պաշտպանության կողմերը հանդես եկան ճառերով: Արմեն Կիլինկարովի մեղավորությունը պնդելով` մեղադրանքի կողմը դատարանին միջնորդեց որպես պատիժ սահմանել ազատազրկում` 12 տարի ժամանակով: Արմեն Կիլինկարովին առաջադրված մեղադրանքի համար օրենքը նախատեսում է ազատազրկում 5-12 տարի: Մեղադրող դատախազն էլ իր ճառում նշեց, որ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: «Եթե պայմանականորեն ընդունենք, որ կատարել է հանցանքը, ապա պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում անտրամաբանական է, որ 12 տարի է միջնորդում»,- ասում է Արմեն Կիլինկարովի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Պաշտպանության կողմը միանշանակ արդարացման դատավճիռ է ակնկալում: Դատարանը ճառի հնարավորություն տվեց նաև ամբաստանյալին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր մոտ կալանավայր է գնացել Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը` «առաջարկություններով»: «Տիկին Շահբազյանը էկել էր, (դատավորի նկատողությունից հետո) հա լավ, Շահբազյան Կարինեն էկել էր քրեակատարողական հիմնարկ: Պետի կաբինետ ինձ հրավիրեց ու առաջարկություններ էր ինձ անում. եթե մեղքդ վիզդ առնես, որ դա դու ես արել, նվազագույն կըլնի, եթե չէ, խիստ պըտի ըլնի: Ինչի էր էկել բերդ, ինձ հետ պերեգավոր էր տանում: Եթե ես հանցագործություն եմ արել, ու իրանք դաստատոչնի ուլիկաներ ունեն, որ ինձ դատեն, ինձ թվում ա` դատախազը չպիտի գա բազարի առևտրականի պես հետս տարգավատ ըլնի` դու վիզ առ սենց անենք, վիզ առ, նենց անենք: Նմանատիպ խոսակցություն եմ ունեցել իրա հետ: Բարձր տոներով էր հետս խոսում: Ես հանցագործության հետ ոչ մի կապ չունեմ: Դա ապացուցվում է նրանով, որ դեկտեմբերի 25-ին փաստի առթիվ գործ են հարուցել, հունվարի 8-ին ես դառա կասկածվող: Ո՞ւմ ցուցմունքով եմ դառել կասկածյալ: Վապշե ո՞վ ա գրել, որ ես կասկածյալ եմ դառել: Եթե «լսել եմ»-ներով ա, ասում են, որ էդ տիկին Շահբազյան Կարինեն Երևան 2 հատ տուն ունի ու սաղ Լոռու մարզը թալանած պահում ա: Դե գործ հարուցեք. լսելով եմ ասում: Եթե լսելով ինձ դատում եք, լսելով իրան էլ դատեք. սաղ Լոռու մարզը կերավ: Հանցագործության հետ կապ չունեմ: Իրանք էլ գիտեն: Ռուսաստանում կալանավայրում էի: Մատնահետքերս, past-profile նկարներս պահանջեցին. ո՞ւր ա, գործերի մեջ չկա: Ո՞վ ա զապրոս արել ընդեղ, ինչի՞: Էդ «Նիվայից» ինչի՞ հետքեր վեր չեն կալել: Իրանց չհետաքրքրեց, որ մատանհետք վեր ունեն, մի բանի հետք վեր ունեն: Ոչ մի բանի էքսպերտիզա չարին: Չէ, լավ էլ արել են, իմը չի բռնել դրա հետ: Ինձ կասկածյալ էին գրավել, ու իրանց պետք էր մի ձևով էս ամեն ինչի միջից դուրս գալ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Եթե ես ըլնեի, համոզված էղեք, որ նա չէր մեռնի, ուրիշ մարդ կմեռներ: Նա մեռած, չմեռած. իմ թշնամին նա չի: Իմ թշնամին նրա եղբայրն ա, որ իմ ախպորս վրա կրակել ա: Մինչև խոր ծերություն էլ, մինչև գերեզմանս էլ իմ թշնամին ա: Էդ մարդը ինձ պետք չի էղել… Ձգանը ես չեմ ձգել, որ սպանել են. էդքան բան»: Իրավաբանորեն վերաձևակերպելով իր պաշտպանյալի ճառը` փաստաբանը դատարանին հայտնեց, որ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական գործ է հարուցվել անհայտ դիակի հայտնաբերման փաստի առթիվ: Որևէ անձի վկայակոչում չի եղել: Հունվարի 8-ին կայացվել է մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, ինչը, ըստ օրենքի, հնարավոր է միայն բավարար ապացույցների ամբողջության դեպքում: Տվյալ պահին 3 հոգու ցուցմունք է եղել, որոնք էլ նշել են, որ ընդհանուր խոսակցություններից լսել են, որ Արմենն Կիլինկարովն է Արսեն Շաքարյանին սպանողը: Լևոն Կիլինկարովը` միակ վկան, ով հստակ տվել է Արմեն Կիլինկարովի անունը` որպես սպանություն կատարողի, ձերբակալվել և ցուցմունք է տվել դրանից 20 օր հետո միայն: «Մեղադրյալ ներգրավելու ապօրինի, անհիմն որոշում է եղել: Քննիչը ամեն կերպ պահել է իր որոշումը: Հակառակ դեպքում նրան մեղադրելու էին, որ առանց ապացույցի որոշում է կայացրել»,- մեկնաբանում է փաստաբանը: Ինչ վերաբերում է հետքաբանական և մատնադրոշմային փորձաքննություններին, փաստաբանն էլ է հաստատում Կիլինկարովի ասածը, որ դատախազության քննիչը սպանության հնարավոր վայր է համարել ավտոմեքենան, բայց հետքեր չի վերցրել: «Ավտոմեքենան խուզարկելիս փորձ չի արվել մատնահետքեր, մազի և այլ հետքեր վերցնել, որով կարելի էր պարզել` տուժողը եղե՞լ է ավտոմեքենայի մեջ, թե՞ ոչ: Քննիչը չէր կարող չհասկանալ, որ դա պարտադիր է»,- ասում է փաստաբանը: Դատաքննությունն ամփոփելով` Ռուբեն Հակոբյանն ասում է, որ գործում Կիլինկարովի մեղքը հիմնավորող որևէ ապացույց չկա: Եղածներն էլ ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, հետևաբար, չեն կարող օգտագործվել որպես ապացույց. դիակի հագուստը գաղտնիության պայմաններում, առանց առգրավման, փաթեթավորվել է քննիչի աշխատասենյակում և ներկայացվել փորձագետին, «դիակի հայտնաբերման վայրից վերցված իրեղենները և այլ իրեղեններ խառնվել են իրար մեկ փաթեթում» և այլն: Վկաներից միայն մեկն է հստակ ցուցմունք տվել Արմեն Կիլինկարովի դեմ` նրա հորաքրոջ տղա Լևոն Կիլինկարովը, ում սկզբում մեղադրանք է առաջադրվել սպանությանը օժանդակելու, իսկ հետո սպանությունը պարտակելու համար: «Արմենի անունը տալուց հետո մեղադրանքը փոխվել է. սա հիմք է տալիս ենթադրելու, որ նրա առաջ պահանջ են դրել` անունը կտաս, մեղմ պատիժ կլինի, չէ, կգնաս կկործանվես»,- ասում է փաստաբանը: Բայց այժմ Լևոն Կիլինկարովը հրաժարվել է իր նախկին ցուցմունքից և հայտնել, որ սպանություն կատարողը ոչ թե Արմեն Կիլինկարովն է, այլ ուրիշ անձ` Նորիկ Ղազարյանը: Իսկ նախկինում Արմեն Կիլինկարովի անունն է տվել հենց իր` Արմենի պահանջով: Նորիկ Ղազարյանի անունը տվել են նաև ուրիշ վկաներ: Գործով 12 վկաներ ցուցմունք են տվել, որ ընդհանուր խոսակցություններից են լսել, որ սպանություն կատարողը Արմեն Կիլինկարովն է: «Ցուցմունքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, եթե չի նշվում աղբյուրը,- ասում է փաստաբանը,- դատախազությունը դա գիտի, պարզապես տպավորություն է ստեղծել, թե տեսեք` գործով 12 վկա կա»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված