Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Երիտասարդները փորձում են աշխարհում ստեղծել Հայաստանի մշակութային իմիջը



Մարտին Փարիզում կսկսվեն «Մայր իմ» ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 24-ը: Ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի Մեծ եղեռնի օրը, ըստ որում` ոչ միայն հայկական, այլև եվրոպական հեռուստաալիքներով: 2010 թ. նոյեմբերի 11-ին Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական մշակութային բարեկամություն» ծրագրի շնորհանդեսը: «Էֆ էմ էս մեդիա» մշակութային հասարակական կազմակերպության և ֆրանսիական մի շարք կազմակերպությունների և անհատների համագործակցության արդյունքում ստեղծված ծրագրի շրջանակներում հայ և ֆրանսիացի էստրադային արտիստները ձայնագրել ու տեսագրել են համատեղ կատարումներ: Ծրագիրը ներառում է տասը երգ, որոնց մի մասը («Մայր իմ», «Մեր երազներ», «Քամիներ», «Կռունկ») արդեն վերջնականապես պատրաստ է: Այժմ կազմակերպությունն աշխատում է «Մայր իմ» ֆիլմի վրա, որը նկարահանվելու է համանուն երգի հիման վրա: «Պետք է ստեղծել մտածելակերպ, որ եվրոպացին, հայ բառը լսելով, լրջություն տեսնի: Ամբողջ աշխարհում Հայաստանի մարկետինգը անել, նպաստել հայկական հիմնահարցերի հայամետ լուծմանը»,- ծրագրի իրականացման նպատակը այսպես է բացատրում «Էֆ Էմ Էս մեդիայի» հիմնադիրներից Կարեն Ֆիդանյանը: «Մայր իմ» երգում միացված են ֆրանսիական սլամը և հայկական շարականը: Երգը կատարում են հայ դասական երգչուհի Ռոզին և ֆրանսիացի երգիչ Դևոնը, երգում է նաև ֆրանսիացի Ջիֆան: «Մայր իմ» երգի ձայնագրությունը պատրաստ է: Երգի մեջ Ռոզիի հատվածը հայերեն է, իսկ Ջիֆան ֆրանսերենով արտասանելու է «Նարեկը»: Տեսահոլովակի երկու տարբերակները` մուլտֆիլմը և սլայդ շոուն, պատրաստ են: «Մենք երգի սլայդ շոուում ցույց տվեցինք, որ հայկական հուշարձանները չեն պահպանվում, ինչը վատ է: Եվրոպական շատ երկրներում կա այդ խնդիրը, երբ իսլամիստական ուժերը փորձում են իրենցով անել ուրիշ երկրի արժեքները, ոչնչացնել դրանք»,- պատմում է ՀԿ-ի նախագահ Դավիթ Սարգսյանը: Երաժշտական հոլովակի հիման վրա նկարահանվելիք ֆիլմը ևս նվիրված է Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրին: Ֆիլմի ռեժիսորը ֆրանսիացի Ստեֆան Զիլբերգն է: Սցենարի վրա աշխատել են ֆրանսիացի մի շարք սցենարիստներ: Հայ ռեժիսորներից Վիգեն Չալդրանյանը նույնպես կարդացել է սցենարը և հավանություն է տվել: Այժմ երիտասարդները մտածում են արտիստի ընտրության մասին, ցանկանում են Գրիգոր Նարեկացու դերը առաջարկել ֆրանսահայ նշանավոր դերասան Սիմոն Աբգարյանին, ով Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլում մարմնավորել է Արշիլ Գորկու կերպարը: Ֆիլմի սյուժեն հետևյալն է. ֆրանսիացի գող Ջիֆան փորձում է կողոպտել Ռոզիին, խլում է պայուսակը, որի մեջ Նարեկացու «Մատյանի» ֆրանսերեն թարգմանությունն է: Գողանում է նաև խաչը: Հետո Ջիֆան սկսում է հետաքրքրությունից կարդալ «Նարեկը», և նրա աչքին պատկերվում են Արևմտյան Հայաստանի մի շարք հուշարձաններ: Ֆիլմի ավարտը լավատեսական է. խաչը դնելով Ռոզիի ձեռքում` աղջիկը հարություն է առնում: Նույն կերպ հարություն են առնում հայկական հուշարձանները: Ֆիլմը որոշ առումով նաև փաստավավերագրական է. այն ավարտվում է տվյալներով, ըստ որոնց` մինչ ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում կար 2.200 հայկական եկեղեցի, իսկ այժմ մնացել է 200-ը: «Մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ ոչ միայն մեր խնդիրները, այլև այն, որ մենք մտահոգված ենք նաև գլոբալ հարցերով: Օրինակ` առաջին տեսահոլովակը պատմում է հայկական եկեղեցիների ավերման մասին, բայց դրանով մենք նաև բողոք ենք բարձրացնում, որ որտեղ էլ դա լիներ, անընդունելի է մշակութային գենոցիդը»,- ասում է Կարեն Ֆիդանյանը: Ծրագրի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները: Երիտասարդները մտադիր են ծրագիրը ներկայացնել բարերարներին և հուսով են, որ կլինեն մարդիկ, ովքեր կհետաքրքրվեն նախագծով և կհովանավորեն այն: «Մենք այս պրոյեկտից զգում ենք հոգևոր բավարարվածություն, իսկ բարերարների օգուտը այն է լինելու, որ իրենք իրենց հայրենիքի համար մի լավ գործ են կատարել»,- ասում է Կարեն Ֆիդանյանը: Այս 10 երգից ոչ բոլորն են նյութ դառնալու համանուն ֆիլմերի համար: Երիտասարդները մտադիր են նկարահանել ֆիլմաշարեր հայությանը հետաքրքրող տարբեր թեմաների վերաբերյալ, օրինակ` Արցախի հիմնախնդիր, փակ սահմաններ և այլն: Հետագայում մտադիր են թողարկել նաև ձայնասկավառակ, կազմակերպել համերգ, մշակութային երկխոսության մեջ մտնել այլ ազգերի հետ: «Էֆ Էմ Էս մեդիան» հիմնադրվել է 2010 թ.: Հիմնադիրները երեքն են` Դավիթ Սարգսյանը, աուդիտոր Կարեն Ֆիդանյանը և Արամ Սարգսյան, ով աշխատում է Բելգիայում ու Ֆրանսիայում և իրականացնում է ծրագրի եվրոպական հատվածը: ՀԿ-ի անվան մեջ ԷՖ-ը Ֆիդանյան Կարենն է, Էմ-ը` Մարտիրոսյան Հակոբը, Էս-ը` Սարգսյան Արամը: Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջարկել է Արամ Սարգսյանը: Նա մոտ 15 տարի Ֆրանսիայում ու Բելգիայում ապրելու ընթացքում հասկացել է, որ Եվրոպայի ազգերը շատ քիչ բան գիտեն մեր մասին, և անհրաժեշտ է մտածել հայ ազգի մշակութային իմիջի մասին: ՀԿ-ն խնդիր է դրել պահպանել ու քարոզել հայության մշակութային արժեքներն ու հոգևոր ավանդները` հայոց լեզուն, հայ մեծանուն արվեստագետներին, պատմաճարտարապետական հուշարձանները, արվեստն ու գրականությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Էֆ Էմ էս մեդիայի» երիտասարդները մտածում են նաև ներքին խնդիրները լուծելու մասին: Համագործակցելով մի շարք կազմակերպությունների հետ` մտադիր են տեսահոլովակ նկարահանել ծխելու դեմ պայքարի շրջանակներում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված