ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Ավելի քան 4 մլն` ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսներին, 3 մլն էլ` պետբյուջեին



Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց դասախոսներն ընդդեմ Ֆրանսիական համալսարանի հայցի քննությունը: Այն ժամանակավորապես կասեցվել էր, մինչ պատրաստ կլինեին դատահաշվապահական փորձաքննության արդյունքները: Փորձաքննություն անցկացնելու միջնորդություն ներկայացրել էին հայցվորները` համալսարանից ազատված դասախոսները, քանի որ բանկի տրամադրած քաղվածքներում և համալսարանի հաշվապահությունից բերված տեղեկանքներում հակասություններ կային: Ըստ փորձագիտական կենտրոնի փորձագետի եզրակացության` դատարան դիմած 12 դասախոսին չվճարված ամենամյա արձակուրդային գումարը, որը ենթակա է բռնագանձման, 4 մլն 154 հազ. 58 դրամ է, իսկ պետբյուջե վճարվելիք հարկերը` մոտ 3 մլն: Դասախոսների ներկայացուցիչ, հայցվոր կողմի իրավաբան Անահիտ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ որևէ պատճառ չունի կասկածելու փորձաքննության արդյունքներին, կարծում է` փորձաքննությունը կատարվել է օբյեկտիվ, և բոլոր խախտումները վեր են հանվել: Հայցվոր կողմն ասում է, որ մինչ այս պահը գոհ է դատավորի օբյեկտիվությունից և հույս ունի, որ հայցը կբավարարվի: Ինչ վերաբերում է դատավճռի հրապարակման փուլում դատավորի նկատմամբ հնարավոր ճնշումների կիրառմանը, ապա հայցվոր կողմը հավատում է դատավորի անաչառությանը: «Այս գործը հասարակական հնչեղություն ունի, և դատավորը մանրակրկիտ, օրենքի տառին համապատասխան կատարել է բոլոր գործողությունները, օբյեկտիվ քննել է գործը, բոլոր ապացույցները: Բացառվում է դատավորի վրա ներգործություն»,- ասաց Անահիտ Հակոբյանը: Պատասխանող կողմի իրավաբան Հրանտ Գրիգորյանը թե նիստից առաջ, թե նիստից հետո հրաժարվեց որևէ բան ասելուց` նշելով, որ դատաքննությունը ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ 2010 թ. ամռանը Ֆրանսիական համալսարանն աշխատանքից ազատեց 29 դասախոսի, որոնցից 12-ը փորձում է դատարանի միջոցով վերականգնել իր խախտած իրավունքները: Դասախոսները պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում, գումար բռնագանձել հարկադիր պարապուրդի համար` միջին աշխատավարձի չափով, ստանալ չվճարված արձակուրդային գումարները և պատշաճ կարգով լրացնել իրենց աշխատանքային գրքույկները: Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց փետրվարի 17-ին:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված