Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

«Դեռ սպառված չեն բաց երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները»



Այսօր կայացավ Մոսկվայում նկարահանվող հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգը» գեղարվեստական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի մամուլի ասուլիսը: Բացելով ասուլիսը` Աշոտ Պողոսյանը նշեց, որ «Ընդհատված երգն» առաջին հերթին կինոյի լեզվով երկու ժողովուրդների հակամարտության մեջ պարզաբանում մտցնելու փորձ է: «Արվեստը կոչված է միավորել մարդկանց, հենց դա ենք մենք փորձում անել: Զենք ճոճելու և անիմաստ սպառնալիքների ժամանակները պետք է անցյալում մնան: Ղարաբաղն ինքնորոշվել, անկախացել է դեռ 1991 թվին, և այժմ հետքայլ չի կարող լինել: Ադրբեջանը պետք է այնքան արիություն գտնի իր մեջ, որ ընդունի այս փաստը և սատարի հարաբերությունները կարգավորելու կառուցողական երկխոսությանը: Մեր ֆիլմը լավ առիթ է երկու ժողովուրդների փոխըմբռնման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու համար»: Ադրբեջանցի լրագրող Գյուլշան Բաբաևայի` էլեկտրոնային փոստով ուղարկած ադրբեջանական կողմի հետ համագործակցության մասին հարցին Պողոսյանը պատասխանեց. «Նկարահանող խումբը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համագործակցության բոլոր շահագրգիռ անձանց հետ: Դա վերաբերում է նաև Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք դեռ չեն արել համագործակցության որևէ առաջարկ, հակառակը` Ադրբեջանը ջանք չի խնայում ապագա կինոնկարը վարկաբեկելու համար»: Պատասխանելով մեկ ուրիշ ադրբեջանցի լրագրողի` Վուգար Իսմաիլովի հարցին` նախկինում արած հայտարարության վերաբերյալ, թե ֆիլմում ցուցադրվում է երկու ժողովուրդների էթնիկական անհամատեղելիությունը, Պողոսյանն ասաց. «Չխոստովանել, որ մեր հասարակություններում շատերն ունեն այդ կարծիքը, արդարության դեմ մեղանչել կլինի: Խոսել առկա կարծրատիպի մասին` չի նշանակում «նկարահանել ֆիլմ էթնիկական անհամատեղելիության մասին»: Հակառակը` մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո, որը քեմալական Թուրքիայի և բոլշևիկների հանցավոր պայմանավորվածությամբ 20-րդ դարեսկզբին մտցվել է Ադրբեջանական ՍՍՀ կազմ, կարող են ստեղծվել երկու հարևան ժողովուրդների հարաբերությունների կարգավորման նախադրյալներ: Զուր չէ ընտրված ֆիլմի կարգախոսը. «Պատերազմի վերջնական նպատակը խաղաղությունն է»: Նկարահանող խումբը զղջում է, որ Ադրբեջանը, ղեկավարվելով «չեմ տեսել, բայց դատապարտում եմ» սկզբունքնով, ամեն կերպ փորձում է խոչընդոտել նախագծին և ծավալել է ագրեսիվ արշավ ԶԼՄ-ներում: Պատճառն ակնհայտ է. չընդունել այն, ինչ արվում է հայկական կողմից` անկախ բավանդակությունից և նպատակից: Սակայն ես հակված եմ կարծելու, որ դեռ սպառված չեն բաց երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները: Ֆիլմի միջոցով` Ղարաբաղյան հիմնահարցն ու դրա հետ կապված հետագա զարգացումները միջազգային հանրությանը պիտի ներկայացվեն չաղավաղված տեսքով: Մենք կոչ ենք ադրբեջանական կողմին դրսևորել ողջամտություն և միանալ նախագծին»: Աշոտ Պողոսյանը հայտնեց, որ ֆիլմի թրեյլերի շնորհանդեսը կկայանա արդեն փետրվարի վերջին: Գլխավոր պրոդյուսերը նշեց նաև, որ ֆիլմի պաշտոնական`www.prervannaya-pesnya.ru կայքի գործարկումից հետո, երկու շաբաթվա ընթացքում, այն ունեցել է ավելի քան հարյուր հազար այցելու, որոնցից ավելի քան 30.000-ը` ադրբեջանական IP-հասցեներից: Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը: Սյուժեի համաձայն` Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայն ու ադրբեջանցին ընկնում են խորը հորի մեջ, և նրանց միջև երկխոսություն է ծավալվում: Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որևէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են գտնել երկուստեք ընդունելի ելքը` ստեղծված իրավիճակից: Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջին, այնուհետև նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը` Աշոտ Պողսյանը: Ֆիլմի ֆինանսավորումն իրականացվում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ որոշ մասայական տեսարանների  նկարահանման, ինչպես մաև տարբեր երկրներում պրեմիերաների ու ցուցադրումների հավուր պատշաճի կազմակերպման համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված