Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Թուրքերը վերականգնում են Սարգիս Լոլեի գերեզմանը



Թուրքիայի «բարի» քաղաքականության հանդեպ մենք էլի բարի ենք Հայկական հուշարձանների նկատմամբ Թուրքիայի ցուցադրական քաղաքականությունը շարունակվում է: Վերջերս և թուրքական, և հայկական լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները` վարչապետ Էրդողանի հովանավորությամբ, պատրաստվում են վերականգնել հայտնի ճարտարապետ Սարգիս Լոլեի գերեզմանը: Մեզանում Լոլեի անունը այնքան հայտնի չէ, որքան օրինակ` Պալյանինը: Լոլե գերդաստանի յոթ սերունդ հայտնի ճարտարապետներ և շինարարներ են եղել: Այդ ընտանիքը տարբեր ճարտարապետական շինություններ է նախագծել ու կառուցել Հարավարևելյան Թուրքիայում, հատկապես` Մարդինում: Ընտանիքից ամենահայտնին վերջին սերնդի ներկայացուցիչ Սարգիս Լոլեն է: Լոլեի մասին սկսեցին շատ խոսել այն բանից հետո, երբ Մարդինում նրա նախագծած ու կառուցած տներից մեկը գնեց «Սաբանջի» հիմնադրամը, որը թուրքական խոշոր հոլդինգներից մեկն է, զբաղվում է բարերարությամբ և կառուցել էր Մարդինի քաղաքային թանգարանը: Մարդինի փողոցներից մեկը վերանվանվել է Լոլեի անունով: «Այս տենդենցը թուրքերը օգտագործում են արտաքին աշխարհում դիվիդենտներ ստանալու համար, ինչպես նաև կա ինքնության խնդիր. ուզում են ցույց տալ, որ բազմամշակույթ են, ընդունում են բոլոր քաղաքակրթությունները: Ուզում են ցույց տալ նաև, որ Ստամբուլը քաղաքակրթությունների կենտրոն է, որ Թուրքիան հանդուրժող է բոլոր ազգերի նկատմամբ»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում թուրքական իշխանությունները, ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների, առանձնահատուկ քաղաքականություն են իրականացնում: Մարդինի փողոցներից մեկը հայ ճարտարապետի անունով կոչելու նպատակն էր ցույց տալ, որ Մարդինը նկարագիր, պատմություն ունեցող քաղաք է. ունի ճարտարապետ, ով ազգությամբ հայ է: Թուրքագետը թուրքական իշխանությունների այս քայլը պայմանավորում է Թուրքիայի զարգացման միտումներով և քաղաքակրթության կենտրոն լինելու ձգտման հանգամանքով, ինչը վերջիններս շատ լավ օգտագործում են քաղաքական նպատակներով: «Երբ նրանք մի կոթող են հայտնաբերում, անպայման ուզում են դա վաճառել, քանի որ դա իրենց դիվիդենտներ է բերում»,- ասում է Անուշ Հովհաննիսյանը: Պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը այստեղ միտում չի տեսնում: Նա այս ամենը համարում է խաղ, որը ներկայացվում է տենդենցի տեսքով, իսկ տենդենցը, ըստ նրա, իր մեջ դրական բան ունի: Պատմաբանի խոսքերով` մենք շատ անելիքներ ունենք մեր մշակութային ժառանգությունը պաշտպանելու և դրան տեր կանգնելու գործում: Պետք է համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել` ներկայումս Թուրքիայի տարածում գտնվող մշակութային ժառանգության հայկականությունը ապացուցելու համար: Այդ ամենով, պատմաբանի խոսքերով, պետք է զբաղվեն սփյուռքի ու մշակույթի նախարարությունները, ճարտարապետական կազմակերպությունները: Թուրքագետի խոսքերով` միակ բանը, որը մենք կարող ենք անել, միջնորդավորված դիմումներ ներկայացնելն է տարբեր միջազգային կազմակերպություններին, օրինակ` ՅՈւՆԵՍԿՕ-ին:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված