ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Մանվել Բադեյան. «Էս երկիրը չի վախճանվելու, հանգիստ մնացեք»



«Բունտը էմոցիոնալ պոռթկում է, որը կարող է լինել ցանկացած պայմաններում, անգամ տնտեսական աճի, սոցիալական արդարության պայմաններում: Մի բան ակնհայտ է. երբևիցե որևէ երկրում որևէ բունտ որևէ դրական արդյունքների չի հանգեցրել: Ես դեմ եմ բունտին և այդպիսի զարգացումների հնարավորությունը համարում եմ չնչին»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, նշեց, որ քաղաքացիների բարձր պահանջատիրական զգացումն իշխանություններին կարող է հետ պահել երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակին մատների արանքով նայելու պրակտիկայից: «Դաշնակցությունը պիտի փորձի իր գաղափարական, այսպես ասած, արժեքների շուրջ համախմբել ժողովրդին: Անշուշտ, մենք շատ ենք գնահատում երկրում խաղաղության, կայունության և սոցիալական համերաշխության գործոնները: Փորձենք իրապես համակարգային բարեփոխումների ճանապարհով որակական մի նոր հանգրվանի հասցնել երկիրը»,- ասում է Լիլիթ Գալստյանը: Նրա կարծիքով` մաքսերը բարձրացնելու մասին որոշումը, ինչպես նաև փողոցային առևտուրը վերացնելու մասին քաղաքապետարանի որոշումը դժգոհ խմբեր են ավելացնում հասարակության մեջ և պարարտ հող ստեղծում սոցիալական բունտի համար: Դաշնակցական պատգամավորը նշում է, որ այսօրվա իշխանություններն իրենց քաղաքականությամբ տապալեցին սոցիալական պետության հայեցակարգը: Մանվել Բադեյանի խոսքերով` մենք սոցիալական երկիր ենք այնքանով, որքանով մեր օրենքներն են: Նա նշում է, որ մեզանում խնդիրների լուծման բազմաթիվ ուղիներ կան. ում իրավունքը խախտվում է, թող դիմի դատարան, իսկ եթե ընդունված վճիռն արդարացի չէ, թող դիմի Եվրադատարան: Լիլիթ Գալստյանը հակադարձում է. «Հայաստանում քաղաքական մեծամասնությունը օրենքներ է ընդունում բոլորի համար, իսկ բացառություններ` իր համար: Ո՞վ չգիտի, որ օրենքների դաշտը Հայաստանում չի աշխատում. այսօր մեզանում ամենախոցելի դաշտը իրավական համակարգն է»: ՀՅԴ խմբակցության պատգամավորի խոսքերով` մենք թե ներքին, թե արտաքին դաշտում պարտությունների շղթայի մեջ ենք, և պետք է ունենանք քաղաքական կամք, վճռականություն` խնդիրները լուծելու մեր երկրի ներսում, քանի որ ցանկացած եվրոպական կառույց խորհրդատվական կազմակերպություն է: ՀՀԿ-ական պատգմավորի համոզմամբ` եթե մենք ունենք «քնած հասարակություն, քնած մարդիկ», ովքեր իրենց շահերը չեն պաշտպանում, կունենանք նաև այսպիսի իրավիճակ: «Ես ամենևին բունտի կոչ չեմ անում, ընդհակառակը` կոչ եմ անում խնդիրները լուծել խոհեմ, գրագետ, ամեն մեկը իր իրավունքին տեր կանգնի: Առաջին օրվանից լսում ենք, որ երկրի վախճանը գալիս է, դուք չարախնդությամբ սպասում եք, թե երբ էս երկիրը կվախճանվի: Չի վախճանվելու, հանգիստ մնացեք»,- վերջում բոլորի մտահոգությունները փարատեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված