Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Ըստ Լ.Գալստյանի` իշխանությունն առաջնորդվում է պետության վախճանի փիլիսոփայությամբ



Այսօր անդրադառնալով Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքներին` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, և ժողովուրդն իշխանություններից իր դժգոհությունն է արտահայտում: Ժողովուրդը, նրա խոսքերով, դժգոհ է սոցիալ-տնտեսական վիճակից, անկառավարելի գնաճից, իրավունքների ոտնահարումից, սոցիալական անարդարությունից: «Կարծես թե պետության վախճանի զգացողությունն ունենք, որովհետև պետության վախճանի փիլիսոփայությամբ առաջնորդվող այս կառավարությունը կամ իշխանությունները պարզապես անընդունակ են երկիրը հանելու այն բոլոր մարտահրավերներից, խնդիրներից, որոնց առջև կանգնած է երկիրը»,- ասում է Լիլիթ Գալստյանը: Պետության վախճանի փիլիսոփայության մասին խոսելիս նա օրինակ է բերում մի շարք օրենքներ` պարտադիր ավտոապահովագրմանը, կենսաթոշակներին, բնապահպանությանը վերաբերող, և նշում, որ պետությունը ամեն ինչ կենտրոնացնում է մասնավորի ձեռքին: «Իսկ ու՞ր մնաց պետության ղեկը»,- հարցնում է Լիլիթ Գալստյանը: Նրա խոսքերով` 2011թ. բյուջեն լավագույնս արտահայտում է պետության վախճանի փիլիսոփայությունը. աղքատության ցուցանիշը 35 տոկոս է, 60.000 մարդ լքել է Հայաստանը, Գյումրիի միգրացիոն կենտրոններում հերթեր են առաջանում: Այս բոլորը երևույթները սասանում են մեր ազգային անվտանգությունը: «Մենք տեսնում ենք, որ մեր պետությունը անզոր է և սնանկ` պարզագույն ձվի գնի կառավարումից մինչև արտաքին քաղաքականության մարտահրավերներ: Բոլոր ցուցանիշներով մենք հետընթաց ենք արձանագրել»,- ասում է դաշնակցական պատգամավորը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն, անդրադարձավ մաքսերի բարձրացմանը: Նա ասաց, թե չի հասկանում` ինչ է նշանակում մաքսերի բարձրացում, քանի որ կա մաքսային օրենսդրություն, և մաքսատունը գին սահմանող չէ: «Կամայական մեկնաբանությունները, բողոքավորների առաջ քաշած հարցի ձևը ինքնին ասում են այդ մարդկանց անգրագիտության մասին: Եթե այնտեղ կան կամայականություններ, ապա մեզանում սահմանված են դրանք բողոքարկելու ձևերը»,- ասում է Մանվել Բադեյանը: Խոսելով քաղաքապետի` փողոցային առևտուրը վերացնելու որոշման մասին` նա նշեց. «Փողոցային առևտուրը ունի իր վատ կողմերը, և եթե չլիներ սոցիալական բաղկացուցիչը` այն, որ այդ մարդիկ ընտանիք են պահում, տեսականորեն միանշանակ ճիշտ որոշում է: Այլ հարց է` դրա ժամանա՞կն է, թե՞ ոչ: Մենք անընդհատ կարող ենք ասել, որ դրա ժամանակը չի, որովհետև անընդհատ այդ գործով զբաղվող մարդիկ կլինեն: Մի օր պետք է այդ հարցը լուծվի, բայց այլընտրանք պետք է առաջարկել, որպեսզի մարդիկ կորուստներ չունենան` տեղափոխվելով այլ տարածք»: Փողոցային առևտրի հարցում Լիլիթ Գալստյանը համամիտ է Մանվել Բադեյանի հետ: Դաշնակցական պատգամավորը նշում է, որ մինչ այդ քայլին գնալը քաղաքապետարանը պետք է քարոզչական աշխատանքներ կատարեր և լրջորեն պատրաստվեր: «Շատ ավելի խելամիտ կլիներ, եթե համարժեք լուծումներ գտներ, հետո նոր այդ մարդկանց փողոցից դուրս հաներ»,- նշում է նա: Մանվել Բադեյանի խոսքերով` իշխանությունն այդքանը հասկանում է, բայց թե ինչքանով է հաջողվում այդ ամենը, կախված է իշխանության մեջ գտնվող մարդկանցից:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված