17:46, 27 հունվարի, 2011
«…հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները` գերադասելի է Հայաստանի Հանարապետության տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները` որպես ռազմավարական նշանակության հումք»:
Այս մասին գրված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի եւ «Ազատամարտ» կոմիտեի նամակի պատասխանում (Նամակ 07/24.1/4471-10, 21.12.2010), որը պատրաստել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Հիշեցնենք, որ Կապանի կազմակերպությունները ՀՀ վարչապետից պահանջում էին չեղյալ համարել ուրանի ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը եւ հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ:
Նամակով նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում, եւ որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների նախագիծը ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:
2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Այդտեղ ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել:
«...քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել հանքավայրի շահագործման ծրագիր»,- գրված է նամակում: Այս մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը երազում է Հայաստանում ուրանի հանքվայրեր հայտնաբերել
Տես նաև՝
