Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

«Պետությունը սիրախաղ է անում բանակի հետ»



Վերջին ժամանակներում  բանակում տեղի ունեցող բազմաթիվ դեպքերի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնցից մի քանիսի հեղինակը երիտասարդ արձակագիր, հրապարակախոս Արամ Պաչյանն է: «Իմ ներկայացրածը դեռ քիչ է, ընթացքում ես ավելի եռանդով կներկայացնեմ այն իրական պատկերը, որ մեր բանակում կա եւ հուսով եմ` այլ արձագանքներ կլինեն»,- ասում է գրողը: Չնայած հեռուստատեսությամբ ցուցադրվող բանակային սերիալներին, որտեղ վարդագույն է ներկայացվում ամեն ինչ, Արամի խոսքերով` իրականությունը տեսնելու համար պետք է հասնել ճշմարտությանը: Վերլուծաբան Անուշ Սեդրակյանի խոսքերով` մենք պետք է ոչ թե ճշմարտությանը հասնենք, այլ գոյապահպանմանը, քանի որ ճշմարտությունը, ըստ նրա, մեզ համար շքեղություն է. «Բանակի իրականությունը ընդամենը կենսական խնդիրների արտացոլումն է»,- ասում է Անուշ Սեդրակյանը: Վերլուծաբանի խոսքերով` բանակը շատ փակ համակարգ է, որտեղ լինում են հոգեւոր եւ ֆիզիկական ինքնասպանությունները: Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դեւրիկյանի խոսքերով` այստեղ խնդիրը փաստերի եւ փաստերի ընդհանրացումների մեջ է: «Ստեղծվող կերպարը նպաստու՞մ է բանակի առողջացմանը, թե՞ հակառակ ազդեցությունն է ունենում: Պետք է ստեղծենք իդեալ, որը չպետք է կտրված լինի իրականությունից: Պետք է ներկայացվեն զինվոր-զինվոր փոխհարաբերությունները, ոչ թե հրամանատար-զինվոր»,- ասում է Վարդան Դեւրիկյանը: Արամն այդ կարծիքին չէ, նրա խոսքերով` բանակում համակարգողը սպայական կազմն է, որը անգրագետ է, բթամիտ, մահակի լեզվով խոսող: «Գրականությունը ճշմարտությանը հասնելու յուրօրինակ ձեւ է, իսկ իրականությունից շատ բան է գալիս»,- ասում է Ա. Պաչյանը: Նա առաջարկում է, որ զինվորներին զբաղեցնել այնքան, որ նրանք ժամանակ չունենան կռվելու, իրար ծեծելու: Անուշ Սեդրակյանի կարծիքով`խնդիրը լավ կամ վատ հրամաննների մեջ չէ, նա կողմ է իդելական զինվորի կերպարի ստեղծմանը: Բայց իդեալական զինվորի կերպար ստեղծելիս էլ այն կամ պետք է հենված լինի ֆինանսական բարեկեցության վրա կամ էլ գաղափարական բացարձակ ճշմարտության վրա: «Մեր համակարգից ի՞նչ մեսիջներ են գնում բանակ, որ մենք զինվորից ինչ-որ բան պահանջենք»,- ասում է վերլուծաբանը: Ի տարբերություն Վարդան Դեւրիկյանի` Անուշ Սեդրակյանը նշում է, որ այսօր մարդիկ չգիտեն` ինչի համար են բանակ գնում: «Եթե մենք հույս ունենք, որ գրական մոդելի ստեղծման միջոցով մենք կստեղծենք բանակ, դա սովետական մտածելակերպ է, փոխարենը կխոսացնենք հակասությունը, ավելի լավ է գույներին տալ հեգնանք, իրոնիա, որ բացահայտվի այն, ինչ-որ կա, քան թե փորձենք աչքակապությամբ զբաղվել: Ներկայումս պետությունը սիրախաղ է անում բանակի հետ, քանի որ կարծում է, որ մեր բանակի կերպարը հասունացնելով` կարող է ինչ-որ բանի հասնել: Սիրախաղի հետ զուգահեռ մենք ունենում ենք բանակի ռեալ շահերի անտեսում»,- ասում է վերլուծաբանը: Անուշ Սեդրակյանի խոսքերով` եթե հրամանատարը իմանա, թե ինչ պատիժներ են իրեն սպասվում, նա  զինվորին չի ծեծի: Բանախոսի խոսքերով` հայրենիքի եւ սոցիալական արդարության խնդիրը չպետք է բաժանել միմյանցից, քանի որ  մարդիկ հայրենիքի կողմից պաշտպանվածություն են ուզում: Նրա խոսքերով` մենք այն ժամանակ կունենանք մեր երազանքների բանակը, երբ զինվորը ընտրի նրան, ում ինքն է ուզում: Արամ Պաչյանն էլ ասում է, որ պետք է օբյեկտիվ կերպով լուսաբանվեն բանակում տեղի ունեցող դեպքերը, սպանությունները բացահայտվեն, սպայական անձնակազմի կրթության մակարդակի բարձրանա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված