Կիրակի, 17 նոյեմբերի

Ստեղծվել է թեստավորման համակարգ. կանցկացվի առցանց օլիմպիադա



ACM (Association for Computing Machinery) թեստավորման համակարգն առաջինը և առայժմ միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: «Հայկական թեստավորող համակարգի ստեղծումը դարձել էր պահի հրամայական: Ուստի, օգտագործելով օլիմպիադաներում ձեռք բերած հմտություններս, ինչպես նաև մասնագիտական և աշխատանքային փորձս` 2009 թ. որոշեցի ինքս ստեղծել այդպիսի մի համակարգ»,- ասում է 27-ամյա Դավիթ Նիկողոսյանը: Նա սովորել է ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետում, մասնագիտությամբ ծրագրավորող է: Ուսանելու տարիներին բազմիցս մասնակցել է Հայաստանում և արտերկրում անցկացվող ծրագրավորման օլիմպիադաներին: Եվ քանի որ Հայաստանում չկար այնպիսի թեստավորման համակարգ, որը հնարավորություն կտար օնլայն ռեժիմում լուծել օլիմպիական խնդիրներ, նա ստիպված էր օգտվել արտասահմանյան համակարգերից: «Ինձ համար վիրավորական էր, որ Հայաստանը չունի այդպիսի համակարգ: Միքտը հղացավ հենց օլիմպիադաներից մեկի ժամանակ: Այդ համակարգը ստեղծելու համար պահանջվում են օլիմպիական գիտելիքներ ունեցող ծրագրավորող, ցանցային ադմինիստրատորի գիտելիքներ և լավ դիզայներ»,- ասում է Դավիթը: Նրա խոսքերով` գգտվելով արտասահմանյան համակարգից` զարկ էինք տալիս նրանց արտադրանքին, վճարում նրանց, մինչդեռ այդ ամենը կարող ենք անել մենք և մեր երկրում: Այսօր Դավիթն աշխատում է որպես ցանցային ադմինիստրատոր, քանի որ մինչև այժմ իրեն բախտ չի վիճակվել աշխատել որպես ծրագրավորող: Մեկ տարի անց` 2010 թ., ACM-ն արդեն պատրաստ էր: Դավիթի խոսքերով` www.acm.am-ը ստեղծելու նպատակն է զարգացնել օգտագործողի ծրագրավորման հմտությունները, փորձարկել սեփական գիտելիքները ծրագրավորման ասպարեզում: Համակարգից կարող են օգտվել ինչպես ուսանողները, այնպես էլ լուրջ հիմնարկներում աշխատող մասնագետները: Այն բարդ թեստավորման համակարգ է, որը տեղակայված է www.acm.am կայքում: Կայքում գրանցվելը, առցանց օլիմպիադաներին մասնակցելն անվճար են: Դավիթը խոստանում է երբեք վճարովի չդարձնել դրանք: Կայքում 5-6 ամսվա ընթացքում գրանցվել է 70 հոգի, իսկ այցելել է ավելի քան 200 մարդ: Համակարգն աշխատում է հետևյալ կերպ. օգտագործողը կարդում է խնդիրը և լուծման իր տարբերակն ուղարկում համակարգին: Ստանալով լուծման տարբերակը` համակարգը ակնթարթորեն թեստավորում է այն: Կախված խնդրի լուծումից` համակարգը կարող է տալ երկու տիպի պատասխան. լուծումը ճիշտ է, կամ լուծումը սխալ է, ընդ որում` վերջինի դեպքում տալիս է մանրամասն տեղեկություն` սխալի տեսակի վերաբերյալ: Մյուս առանձնահատկությունն այն է, որ այս համակարգից կարող է օգտվել յուրաքանչյուրը կամայական վայրից` ձեռքի տակ ունենալով միայն ինտերնետ: «ACM համակարգի առավելություններն են երեք լեզուների առկայությունը, խնդրի վայրկյանական թեստավորումը, խնդիրների ինքնատիպությունը, այսինքն` համակարգում ներգրավված խնդիրների մեծամասնությունը հեղինակային է և ունի օլիմպիական բարդություն, օnline մրցույթներ կազմակերպելու հնարավորություն: Համակարգն ունի նաև ստրատեգիական մեծ նշանակություն, ACM-ը ծրագրավորողների ֆաբրիկա է»,- ասում է Դավիթը: Համակարգն արդեն հասցրել է երկու անգամ` 2010 թ. հուլիսին և դեկտեմբերին, ենթարկվել ադրբեջանցիների հարձակումներին: «Կայքի տեխնիկական հնարավորություններն այդքան էլ ուժեղ չեն. կայքը գտնվում է իմ տանը, ես ոչ մի տեղ հոստինգ չեմ արել: Նախատեսվում է նաև լեզուների քանակը ավելացնել»,- ասում է Դավիթը: Նա կայքը վերազինելու և ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմել է բազմաթիվ գերատեսչությունների, մասնավոր ձեռնարկությունների, բայց առայժմ, մերժումից կամ անտարբերությունից բացի, ոչնչի չի հանդիպել: Կայքը տեխնիկապես վերազինելու համար անհրաժեշտ է 6.000 դոլար: «Սա զարգանալու է, որովհետև եթե կա մի պրոդուկտ, որից տարածաշրջանում չկա, ուրեմն այն իր տեղը կգտնի, եթե ոչ Հայաստանում, ապա գոնե ուրիշ երկրներում»,- համոզված է ծրագրավորողը: Այսօր կայքում կա ծրագրավորման վերաբերյալ օլիմպիական 27 խնդիր: Կայքի հիմնադիրը մտադիր է հետագայում ոչ միայն ավելացնել խնդիրների քանակը, այլև ընդլայնել դրանց բնագավառը: Դավիթի խոսքերով` խնդիրները լուծելով` մարդիկ կատարելագործվում են: Կայքում գրանցվելուց հետո նրանք ունենում են 0 միավոր, իսկ ճիշտ լուծած յուրաքանչյուր խնդրի համար ստանում են միավոր ու բարձրացնում իրենց ռեյտինգը: Առցանց անվճար օլիմպիադա www.acm.am-ում Դավիթի նախաձեռնությամբ ACM համակարգում կազմակերպվել է առցանց օլիմպիադա, որը սկսվելու է հունվարի 30-ին` ժամը 12:00-ին, և տևելու է 5 ժամ: Այդ ընթացքում www.acm.am-ում գտնվողները պետք է լուծեն 8 խնդիր, որոնք փակ են ու գաղտնի: Դավիթը ցանկանում է որևէ կերպ ոգևորել օլիպիադայի հաղթողներին, օրինակ` վկայագրեր տալ, բայց առայժմ ոչ մի բան վերջնական չի որոշել: Նախատեսում է տարեկան 4 անգամ օլիմպիադաներ կազմակերպել: Ծրագրավորողի խոսքերով` օլիմպիադաներին մասնակցելը ուսանողներին կօգնի մասնակցել նաև միջազգային օլիպիադաներին, կարևոր է նաև նրանց մասնագիատական կայացման համար: «Ուզում եմ, որ մարդիկ անտարբեր չլինեն: Ես ինձ համար չեմ անում այս ամենը, շահույթ չեմ հետապնդում: Այս ճյուղը անհրաժեշտ է զարգացնել Հայաստանում: Պետք է լավագույն և մրցունակ մասնագետներ պատրաստենք ու չթողնենհք, որ լքեն Հայաստանը»,- ասում է Դավիթը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված