ՈՒրբաթ, 13 դեկտեմբերի

Դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազի դեմ ներկայացված հայցապահանջը



Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագությամբ Գագիկ Ավետիսյանի, այսօր մերժեց Հայաստանի քրեակատարողական (ՔԿՀ) հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի ներկայացրած հայցն ընդդեմ հանրապետության գլխավոր դատախազի: Նրանք դատարանից խնդրել էին գործով պատասխանող ՀՀ գլխավոր դատախազին պարտավորեցնել դիմումատուների ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական հետապնդում իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ: Դիտորդական խմբի անդամները` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արման Դանիելյանը, 2010 թ. սեպտեմբերի 2-ին դիտորդական առաքելությամբ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Դիտորդական խումբը պարզել է, որ ԱՄՆ-ում բանկային խարդախության փորձ կատարելու համար ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2010 թ. օգոստոսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը` 28 օր, կալանքի տակ է պահվել ոչ թե դատարանի որոշմամբ, այլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա: 2010 թ. սեպտեմբերի 3-ին դիտորդական խումբը ՀՀ գլխավոր դատախազին տեղեկացրել է կատարվածի մասին եւ խնդրել պատժել մեղավորներին: Հայցվորները հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ե. Ավագյանը պատասխան գրությամբ անտեսել է դիմումատուների բարձրացրած հարցը: 2010 թ. հոկտեմբերի 19-ին դիմումատուները կրկին «Հանցագործության` անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու եւ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու մասին» հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ներկայացված հաղորդմանը: 2010 թ. նոյեմբերի 11-ին գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետի ստորագրությամբ դիմումատուների հաղորդմանն ի պատասխան կրկին ուղարկվել է նախորդ պատասխանը, որից հետո դիտորդական խմբի անդամները դիմել են դատարան: Հայցվորները հայցադիմումում նշել են, որ ՀՀ գլխավոր դատախազն իր անգործությամբ ոչ միայն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված հանցագործության մասին տրվող հաղորդումներին ընթացք տալու ընթացակարգը, այլեւ իր դիրքորոշմամբ անլուրջ վերաբերմունք է ցուցաբերել իրավապաշտպան կազմակերպությունների տված հաղորդումներին: Նրանք դատարանին խնդրել են դատական կարգով պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազին` ներկայացված հաղորդման հիման վրա քրեական հետապնդում իրականացնել իր տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ: Դատարանում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները չընդունեցին հայցը եւ հայցվոր կողմի բազմաթիվ պնդումներին, թե իրավական որ փաստաթուղթն են հիմք ընդունել Ս. Պողոսյանին կալանքի տակ պահելու համար, պատասխանողները կոնկրետ փաստաթղթի հղում չկատարեցին: Ի վերջո, հայտնեցին, թե հիմք է ընդունվել երկու պետությունների միջեւ առկա բարի կամքի դրսեւորումը: Հայցվորները հայտնեցին, որ «բարի կամքը»  չի կարող գերակայել ՀՀ Սահմանադրությանը, որի 16-րդ հոդվածի համաձայն` մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով: Նշենք, որ Ս. Պողոսյանը կալանքից ազատվել է, եւ մեր երկիրը մերժել է նրան հանձնել ԱՄՆ իրավապահներին: Դատավոր Գ. Ավետիսյանը ընթերցեց դատարանին ներկայացրած Ս. Պողոսյանի գրությունը, որով տեղեկացնում է, որ չի բողոքում իրեն կալանքի տակ պահելու համար եւ հայցվորներին չի լիազորել նման հայց ներկայցնելու:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված