Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Արամ Պաչյանը երազում է Տորոնտոյի մասին



2011թ. հունվարին վերջապես կտպագրվի երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածքներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի կայքում տեղադրված, ինչպես նաև մեկ անտիպ պատմվածք: Այս գիրքը տպագրվում է  պետպատվերի շրջանակում: Այն պետք է տպագրվեր դեռ նախորդ տարվա հունվարին, բայց տպագրությունն անընդհատ հետաձգվում էր տարբեր պատճառաբանություններով:

Այս անգամ վստահեցնում են, որ հաստատ կտպագրվի, բայց հեղինակի խանադավառությունն արդեն մարել է, իր համար դա արդեն եղած գիրք է, փակել է այդ էջը, չի էլ ցանկանում խոսել այդ մասին: Երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանը ծնվել է 1983թ. Վանաձորում: Ընտանիքում բոլորը բժիշկներ են, հայրը` վիրաբույժ, մայրը` օպերացիոն բլոկի բուժքույր, քույրը` դեղագետ: Արամն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2008թ.-ից աշխատել է իրավապահ մարմիններում, 2009թ. դուրս է եկել աշխատանքից` որոշելով զբաղվել միայն գրականությամբ: Բազմաթիվ մրցանակներ է ստացել, իսկ 2010 թ. Արամ Պաչյանին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ` 2009թ. գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար:

Ինչո՞ւ ընտրեցիր իրավաբանի մասնագիտությունը, եթե հետո պետք է գրականությամբ զբաղվեիր: Քննիչի աշխատանքից ինչո՞ւ դուրս եկար:

Քեզ երեխա ժամանակվանից դաստիարակում են, որ հենց դա է մասնագիտությունը, դու չես կարողանում դրան հակառակվել: Բանակ գնացի և այնտեղից լրիվ ուրիշ մարդ եկա, փչացա: Մայրս մինչև հիմա էլ ասում է, որ բանակից հետո դու անճանաչելի ես դարձել: Քննիչի աշխատանքին չէի կարող չընդունվել. շատ լավ գործ էր, քո քաղաքի մասին ահագին բան էիր իմանում, հետաքրքիր էր, բուռն էր: Բայց հասկացա, որ եթե երկրորդ տարին էլ շարունակեմ, դա կլինի իմ վերջը: Միանգամից հասունացավ աշխատանքից դուրս գալը, սկսեցին ինչ-որ բաներ պարտադրել, որը ես չէի կարող անել: Ծնողներս շատ ընդդիմացան, մինչև հիմա էլ ասում են: Մեր երկրում դժվար է, փոքր-ինչ ծիծաղելի է հնչում` ի~նչ գրող: Ինձնից բան դուրս չեկավ (ծիծաղում է- հեղ.):

Հիմա դու քեզ գրող համարո՞ւմ ես:

Չէ, իհարկե չէ, վախենում եմ, սկսել եմ կասկածել ամեն ինչի վրա: Այն, ինչ գրել եմ, համարում եմ վատը, չեմ հավանում ոչինչ, երբեմն զղջում եմ, որ գրել եմ: Ես դրանք այնպես եմ գրել, ինչպես գրողներն են գրում, բայց երևի էդպես չպետք է անել, չպետք է գրել գրողի պես, պետք է գրես սովորական: Զգացմունքային բաներ շատ են ստացվում: Մյուս կողմից էլ` գուցե դա երիտասարդ լինելուց է, և կգա ժամանակ, այդ ամենը կանցնի ու ավելի ծանծաղ կդառնա: Գուցե էսպես ճիշտ է. առաջինը զգացմունքը լինի, հետո` միտքը: Այ, չգիտեմ, խճճվել եմ արդեն, նույնիսկ գիրք չէի անի: Ես փորձ եմ անում գրելու. դա կլինի պարտություն, թե ինչ, ինձ դա չի հետաքրքրում: Թող լինի այդ պարտությունը, ողջունելի են այն մարդիկ, ովքեր գնում են էդ փորձին: Այսպես, թե այնպես` հաղթանակ չկա` գոնե պարտության հավեսը պետք է վայելես, որ դու արեցիր ու կրվեցիր, չստացվեց, բայց դա ճանապարհ էր ու պետք է հարգես էդ անցած ճանապարհը: Կուզեմ, որ հենց այդ պարտությամբ էլ վերջանա, բայց ինձ հենց փորձը, ճանապարհն է պետք:

Գրականությունը քեզ համար փախչելու տե՞ղ է, բողո՞ք, փրկությու՞ն, թե՞…

Գրականությունը ապրելաձև է, ինչպես ասում է Ֆլոբերը: Ես գրքերի մեջ եմ եղել, վախենալու չափ շատ եմ սիրում գրականությունը, գրականությունն ինձ համար ոչ փախուստ է, ոչ ապստամբություն, այլ կյանք է, կյանք: Ես այդպես ապրում եմ, ես գրականության մարդ եմ, ինձ չեմ պատկերացնում դրանից դուրս: Մեր հայոց լեզուն շատ եմ սիրում, իր հնարավորություններն եմ շատ սիրում, հայ գրականություն այդքան չեմ սիրում, դաստիարակվել են ամերիկյան գրականությամբ: Արձակի դաշտում մեր գրականությունը ծանծաղ է, իսկ խաղաղ ժամանակները արձակի զարգացման համար լավագույն շրջանն է: Դեռ մանկությունից գրքերի մեջ եմ մեծացել, ամենամեծ ուսուցիչս եղել է պապս: Այսօր էլ մանկությունից միայն գրքեր եմ հիշում: Ինձ գրող չեմ համարում, վախենում եմ, սկսել եմ կասկածել ամեն ինչի վրա:

Անընդհատ կարդալը չի՞ գժվեցնում:

Ինձ թվում է` արդեն գժվեցրել է, բայց ես իմ համար եմ կարդում, դա իմ կյանքն է` չնայած դա մյուս կողմից էլ հանգեցնում է նրան, որ կապդ կորցնում ես իրականության հետ, հաղորդակցվում ես միայն այդ գրողների, այդ հերոսների հետ. դու իրենն ես, գրականությունը կլանում է լրիվ, գրականությունը խանդոտ աղջիկ է: Երևի այդքան մնալով գրականության մեջ` մի քիչ կյանքից հեռանում ես: Ավելի շատ սիրում եմ կարդալ, քան գրել: Ավելի շատ սիրում եմ իմ սիրած գրողներին, քան ինձ: Մտածում եմ, որ ամեն ինչ ասված է, և ոչինչ ասված չէ:

Իսկ եթե մի օր էլ գիրք չլինի կարդալու… Ի՞նչ են տալիս գրքերը քեզ:

Կմեռնեմ, լավ չի լինի իմ վիճակը: Սիրում եմ կարդալ բնության, կենդանիների մասին: Հորս գրքերը` վիրաբուժության մասին, ևս կարդում են: Գրքերը ինձ տալիս են ազատություն, երևի մի քիչ մանկամիտ եմ մնացել, մի ուրիշ երևակայական աշխարհ ունեմ, որտեղ ես ուզում եմ լինել: Ես արդեն դուրս չեմ կարողանում գալ գրքերի մեջից, նաև չեմ ուզում, որովհետև դա իմ ապրելակերպն է դարձել: Եթե կործանում կա այս կյանքում, ես կուզեմ գրքերի մեջ կործանվել:

Ի՞նչ ես դու բերում գրականություն:

Իմ էսթետիկան, այն մտածողությունը, որը կա իմ պատմվածքներում, իմ աշխարհը:

Ո՞րն է քո աշխարհը:

Այ, չգիտեմ: Չեմ կարծում, թե բան եմ բերում գրականություն, կասկածում եմ` իմ գրածը ինչ-որ արժեք ունի գրականություն մտնելու համար: Բայց դա իմ խնդիրը չի, ընթերցողները թող ասեն: Շատ եմ կասկածում` ես ունե՞մ այդ աշխարհը, թե՞ ոչ: Քո արձակի մեջ իրականի և երևակայականի սահմանները անսահման են, մեկ բան հստակ է, կենտրոնում` տխուր, մենակ և տառապող մարդն է:

Իրականում էլ տխուր և մենակյաց մարդ ես: Ինչո՞ւ է այդպես:

Ես հիանում եմ Ռաբլեի, Սերվանտեսի հումորով, բայց դա իրենց էությունից է, իսկ իմ կառուցվածքը այլ է, ես այդպիսին են: Գրքերը ինձ համար նաև ապաստարան են: Գուցե հենց էդ տխրությունն է, որ ինձ պահում է գրքերում: Գենետիկորեն է փոխանցվել այդ տխրությունը, պապս էլ է այդպես: Դա այն է, ինչ ես զգում եմ: Մեկ-մեկ նեղվում եմ, ուզում եմ մարդկանց հետ շփվել, հաջորդ վայրկյանին էլ զղջում եմ: Երևի ինչ-որ լուրջ պրոբլեմ կա:

Գուցե ամուսնանաս, և դա տխրությանդ հիմնավորո՞ւմ դառնա: Ինչո՞ւ չես ամուսնանում, մենակ ինչքա՞ն կդիմանաս:

Կենցաղային տխրություն չի, դա ուրիշ աշխարհ է, առեղծվածային մի բան է: Շատ եմ մտածում, ծնողներս էլ են ասում: Ես չեմ ուզում ցավ պատճառել, այդ ամեն ինչը փաթաթել մեկի վզին: Ամենալավն այն է, որ շատ չմտածես դրա մասին, բռնես ու ամուսնանաս: Կյանք տալու խնդիրն է. ինչքանով է ճիշտ դա, երբ քեզնից մի մասնիկ է  լինելու երեխայիդ մեջ: Վախենում եմ, որ իմ էությունից ինչ-որ մասնիկներ լինեն, իր մասին եմ մտածում: Մտածում եմ` գուցե պետք չի դժբախտացնել ինչ-որ մեկին, սերունդ տալ: Գուցե հենց վաղն էլ ամուսնանամ, ինչ իմանամ` ինչ կլինի: Կարևորը սիրելն է, կարևոր չէ` հայուհի կլինի, թե թրքուհի:

Քո երկերում ինչքանո՞վ է ներկա Արամ Պաչյանը:

Սա ամենաբարդ հարցերից է: Գուցե որոշ հերոսներ նույնանում են ինձ, գուցե ամեն ինչ իրական է: Ինձ համար գրականությունը հորինվածք է: Ես հավատում են այդ հորինվածքի ամբողջ ճշմարտությանը. դա ավելի ճշմարիտ է, քան իրականում պատահածը: Բայց գրականությունը «մասին» չէ ընդհանրապես, գրականությունը ոչ մեկի մասին չէ, սեր է, գեղեցկության հասնելու հոյակապ միջոց: Շատ բաներ են լինում, որ գրում եմ, ինչ-որ հիշողություններ, հարցեր:

Թեմանե՞րն են ընտրում գրողներին, թե՞ գրողներն են ընտրում թեմաներին: Ներշնչանքի աղբյուրդ ո՞վ կամ ի՞նչն է:

Թեմաներն են ընտրում գրողներին: Ես այստեղ չեմ տեսնում գրելու շատ թեմաներ. աշխարհը ոնց կա, էդպես էլ մնացել է: Գրողը չպետք է թեմաներ փնտրի, թեմաները նրա մեջ պետք է լինեն: Ներշնչանքի աղբյուրն ամեն ինչն է, էն միապաղաղ օրերը, որ անկապ անց ես կացնում: Շատ սովորական և հետաքրքիր պրոցես է. լինում է, որ մտածում եմ` ոնց գրեմ, կամ վեր եմ կենում և սկսում եմ գրել: Ստեղծագործելու ժամանակ շատ ոգևորված եմ լինում` չնայած ահավոր ծանր պրոցես է ինձ համար: Բայց հետո շատ վատ եմ տանում, կարդում եմ և հասկանում, որ իրոք չի ստացվում լավ գրել, և սկսում եմ համակերպվել դրա հետ: Հիմա ամեն ինչի կասկածում եմ, մի բան չկա, որ չկասկածեմ: Հավատում եմ մարդուն, կյանքին, ով ավելի խելացի է, քան իմ ապրածը, ուզում եմ մխրճվել իր մեջ, իր հունով գնալ: Ես ուզում եմ սարի, ծաղկի, բույսի նման ապրել, շատ չկարևորել իմ դերը, իրոք էդքան կարևոր չէ: Ուզում եմ այնքան կարևոր լինեմ, ինչքան էդ բույսն է, ծաղիկն է: Երևի մարդը շատ է կարևորել իրեն, քան պետք է, որ մենք մարդ ենք, այլ ոչ թե որ մենք բնության մեկ մասնիկն ենք, ուզում եմ` մարդիկ ներդաշակվեն բնության հետ: Լիքը բաների համար ցավում եմ, մենք կարող ենք լավը լինել, բայց մենք լավը չենք: Մենք փող ենք սիրում, իշխանություն ենք սիրում. չնայած գիտենք, որ լավը հակառակն է` բայց մենք այդպես չենք անում: Լավ մարդիկ կան, բայց իրենք կորում են հորձանուտի մեջ:

Գրողի աշխատանքը ամենաքիչ վարձատրվողն է: Նաև դրանով է պայմանավորված, որ շատերը դառնում են պալատական ու սկսում են գովերգել այս կամ այն կուսակցությանը, անձին: Ինչպե՞ս ես դիմագրավում այդ ամենին:

Դժվար է, Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված է: Ես չեմ խառնվում քաղաքականությանը, ես գրականության մարդ եմ, զբաղվում եմ իմ գործով: Ես շատ եմ սիրում գրականությունը, դրանից դուրս չկամ: Ովքեր ծառայում են այս կամ այն մարդուն, կուսակցությանը, արդեն գրողներ չեն, գրողները պետք է գրականությանը ծառայեն:

Ինչքանո՞վ ես մասնակցում հասարակական-քաղաքական կյանքին: Միայն գրելով` ինչ-որ բան փոխվո՞ւմ է:

Օրվա անցուդարձին հետևում եմ, օրեցօր մենակության զգացումը խորանում է, ներքին տագնապ եմ զգում, որ հնարավոր է` մեր երկրի հետ ինչ-որ բան լինի: Գրականությունը ոչինչ չի փոխում, ինքը գեղեցկությունն է: Գրողը ի՞նչ անի. չի կարող իր գործը թողնել և սկսել ինչ-որ բաներ փոխել: Ես ոչ մի բան չեմ անում, ես գրում եմ: Էնքան շատ բաներ է պետք անել, բայց չգիտես` որտեղից սկսել: Լավագույնն այն է, որ ամեն մեկն իր գործը լավագույնս անի: Իհարկե, ես հարգում եմ այն գրողներին, ովքեր պայքարում ինչ-որ բան փոխելու համար: Մի քիչ էլ ափսոսում, որ էդ մարդիկ իրենց գործը թողել են և ուրիշ բանով են զբաղվում: Մեզ խանգարում է մեծից-փոքր «փող տալու» փիլիսոփայությունը, անպայման ջիպեր քշելու հոգեբանությունը: Իրավաբան կամ բժիշկ դառնալը ևս սովորույթ է, որ հետագայում լավ ապրես: Չարություն կա մեկը մյուսի հանդեպ: Երևի տարածքով փոքր ենք, նաև դրանից է: Եթե էսպես շարունակվեց, ոչ մի բան չի լինի, մենք լավը չենք լինի, խելացի չենք լինի: Կառուցվածքը պետք է փոխվի, ինչը շատ դժվար է, անգամ մարդու մեկ սովորույթ փոխելն է դժվար: Կարծում եմ` ես այստեղ պետք չեմ, ես չնչին դեր ունեմ այստեղ: Պատասխանատվությունից չեմ հրաժարվում, ես էլ եմ պատրաստ իմ լուման ներդնել, բայց որ անկեղծ լինեմ և ճշմարիտ` դա չնչին կլինի: Դրսում էլ իմ լուման չեմ ունենա, դա հիմիկվանից գիտեմ: Լավ չի գիտակցումը, որ պետք չես, բայց իրոք պետք չես, էլի: Ինքնախաբեության շրջանակ կա, որի մեջ սկսել ենք ապրել: Հավատում եմ իմ ընկերներին, ովքեր ինչ-որ բան անում են, ես իմ չափով եմ անում, բայց այդ չափը այնքան լումա ունի, որի համար արժե մնալ այստեղ: Այլ մշակույթի կարիք ունեմ, օդը այստեղ նրան չի հերիքում: Շատ կցանկանայի անծանոթ մի քաղաքում ման գալ, թանգարաններ տեսնել, մշակութային կենտրոնում հայտնվել: Ինձ զայրացնում են երիտասարդության դեբիլ դեմքերը: Մարդու սիրուն դեմքը, որ Աստծո նմանությամբ է ստեղծվել, չպետք է այդպես աղավաղել: Ափսոս է, թքելով ման են գալիս` տետրերը փորների մեջ գցած: Մի քիչ էլ թող ճաշակով հագնվեն:

Երազանքներո՞վ ես ապրում:

Երազանքներ ունեմ գրքերի հետ կապված: Մի ժամանակ երազում էի իմ ուզած բոլոր վեպերը կարդալ, բայց հետո հասկացա, որ դրանք այնքան շատ են, որ մի կյանքը չի բավականացնի: Կուզեմ իմ երազած քաղաքում` Տորոնտոյում ապրել: Այդ քաղաքը ինձ շատ հոգեհարազատ է: Չեմ եղել, բայց երբ փոքր ժամանակ լսեցի այդ բառը, սկզբից սիրահարվեցի այդ բառին: Իմ սիրած դաշնակահարը այնտեղ է ապրել` Բախի ամենալավ կատարողներից մեկը` Գլեն Գուլտը: Ես միշտ եմ երազում, ամբողջ գիշեր: Եթե իրականանան, տխուր կլինի: Ես դեռ փոքր ժամանակվանից էլ երազանքներով եմ ապրում: Ինչ-որ բան եմ մտքիս դնում, որ առնեմ, ես դա երազելով եմ անում:

Ամանորի հրաշքին հավատու՞մ ես:

Ամենասիրածս տոնն է, տոնածառ եմ զարդարում: Ամենից շատ սիրում եմ այն, երբ լույսերը հանգում են, փողոցից կապույտ լույսեր են ընկնում սեղանի վրա: Ես էլ հյուրասենյակում եմ քնում, շատ հավես է, պատրաստությունն եմ սիրում: Երբ Նոր տարին անցնում է, ես մի շաբաթ դեպրեսիայի մեջ եմ ընկնում, որովհետև դու սպասում էիր, որ նոր կյանք է սկսվել, բայց ոչ մի բան էլ չի սկսվել, հասկանում ես, որ ամեն ինչ նույնն է:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված