Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Հայաստանում տարեցտարի բրոնխիալ ասթմայի աճ է գրանցվում



Հայաստանում բրոնխիալ ասթմայի տարածվածության մասին հավաստի տվյալները բացակայում են: Պատճառները մի քանիսն են, նախ` հիվանդներից քչերն են դիմում հիվանդանոց, հետեւաբար` գրանցումները ավելի քիչ են, քան իրականում կան: «Հիմնականում բրոնխիալ ասթմայի թեթեւ ձեւերը բնակիչները կարողանում են տանը ինչ-որ կերպ հաղթահարել, չեն դիմում բժշկի օգնությանը»,- ասում է ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյան: Կան տարբեր, բայց ոչ պաշտոնական հետազոտություններ, որոնք ժամանակ առ ժամանակ գրանցել են ինչպես ասթմայի, այնպես էլ ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը: Օրինակ` 2004-2005թթ. Արաբկիր բժշկական համալիրը միջազգային ստանդարտացված հարցաթերթիկներով իրականացրել է հետազոտություն հիվանդության տարածվածության վերաբերյալ: Հայտանբերվել են 4000 հիվանդներ, որոնցից 1-2 % է բրոնխիալ ասթմայով տառապել, մնացած մասը ունեցել է այլ հիվանդություններ: Երբ հարց է ուղղվել, թե քանի՞ տոկոսն է ունեցել ասթմայի ախտանիշ, 12 % պատասխանել է դրական: «Պատկերն այնպիսին է, որ իրականում հիվանդության տարածվածությունը շատ ավելի մեծ է, քան հրապարկվում է: Հայաստանում տարեցտարի բրոնխիալ ասթմայի աճ ունենք»,- ասում է ալերգոլոգը: Բրոնխիալ ասթման ավելի տարածված է զարգացած երկրներում, մինչդեռ ոչ զարգացած կամ զարգացող երկրներում` ավելի քիչ է: Ամենաշատը տարածված է Անգլիայում, Իռլանդիայում, որտեղ 20 տոկոսից ավել է հասնում, իսկ ամենաքիչ տարածվածությունը աֆրիկյան երկրներում է: Բժիշկը նշում է, որ ալերգիաների առաջացման պատճառները գիտությանը մինչեւ վերջ հայտնի չեն: Նախկինում կարծել են` մթնոլորտային օդի աղտողվածությունը մեծ դեր ունի, այնուհետև, երբ հետազոտություններ են եղել, պարզվել է, որ Արեւելյան Գերմանիայում ալերգիաները ավելի քիչ են, քան Արեւմտյան Գերմանիայում, որտեղ օդի աղտոտվածությունն այն ժամանակ ավելի շատ է եղել: Գիտնականները սկսել են մտածել, որ մեկ ուրիշ գործոն կա, որը նպաստում է ալերգիայի զարգացմանը: Տվյալներ են հայտնվել, որ զարգացած երկրներում, որտեղ հիգիենայի մակարդակը բարձր է, շատ են ալերգիկ հիվանդությունները եւ ասթման, քան զարգացող երկրներում, որտեղ միկրոբների հետ շփումը ավելի մեծ է: «Զարգացող երկրներում շատ ավելի տարածված են ինֆեկցիոն հիվանդությունները եւ դրանցից մահացությունները, հատկապես մանկական տարիքում` լուծ կամ սուր շնչառական հիվանդություններից մահացությունները: Մյուս կողմից, երբ իմունային համակարգը վաղ մանկական տարիքում շփվում է միկրոբների հետ, նա պատրաստվում է նրան, որ պետք է պայքարի միկրոբների դեմ եւ չի շեղվում այլ ուղղությամբ: Իսկ զարգացած երկրներում, որտեղ մինիմումի է հասցված միկրոբի հետ շփումը, իմունային համակարգը պարապ է մնում եւ սկսում է զարգանալ մեկ ուրիշ ուղղությամբ»,- ասում է մասնագետը: Խրոնիկ հիվանդությունները սրվելու հակում ունեն փոփոխական եղանակներին: Ասթմայի սրվելը պայմանավորված է վիրուսային ինֆեկցիաներով, աշնան վերջից սկսած մինչեւ գարնան սկիզբ սուր շնչառական հիվանդությունները սրվում են, այդ թվում նաեւ` ասթման: Մասնագետը ասթմայով հիվանդներին խորհուրդ է տալիս մինչեւ գրիպի սեզոնը ամենամյա գրիպի պատվաստում կատարել, որը կկանխարգելի ամենօրյա գրիպը եւ կիջեցնի սրացումների հավանականությունը: Մեծ թիվ են կազմում այն երեխաները, որոնք մանկական տարիքում ունենում են սուր շնչառական հիվանդություններ, որը դժվար է գնահատել որպես ասթմա, բայց նրանք, ըստ բժշկի, ռիսկային խմբի մեջ են և ավելի մեծ տարիքում կունենան բրոնխիալ ասթմա: Հիմնական վիրուսը ակտիվանում է աշնան ու ձմռան ամիսներին, կանխարգելումը կատարվում է սովորական վիրուսների նման: Ցանկալի է, որ ծնողները չշփվեն մարդաշատ միջավայրում, խիստ պահպանեն ձեռքերի հիգենիան, իսկ հիվանդ մարդիկ միմյանց հետ չշփվեն, հատկապես` չշփվեն փոքր տարիքի երեխաների հետ: Բրոնխիալ ասթման լինում է ալերգիկ եւ ոչ ալերգիկ, 80 %-ից ավել դեպքերում ալերգիկ ծագում է ունենում: Հիվանդության առաջին շրջանում զարգանում է ալերգիան, որը սկսվում է դեռ վաղ մանկական տարիքից, երեխաները սկզբում ունենում են ժողովրդի լեզվով ասած` դիաթեզ, իսկ ավելի ուշ տարիքում` 5 տարեկանից հետո, սկսվում են ասթմայի ախտանիշները: Սուլող շնչառությունը ասթմայի զարգացման ռիսկային գործոն է համարվում: Այն լինում է մինչեւ 3 տարեկան երեխաների մոտ եւ 40 տոկոսի դեպքում վերածվում է ասթմայի, 60-ի մոտ` անհետ կորում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնք սկզբում ունեցել են սուլող շնչառություն եւ հետո կորցրել են, ավելի մեծ տարիքում ունենում են խրոնիկ թոքային հիվանդություններ, հատկապես, երբ ծխախոտի կամ ծխի հետ շփումը մեծ է լինում: Այս խմբի երեխաների համար շատ կարեւոր է արտաքին միջավայրի հետ շփման գործոնը, նրանց պետք է հեռու պահել ծխախոտի ծխից ու օդի աղտովածությունից: Ա. Բաղդասարյանն ասում է, որ ավելի վաղ տարիքում տղաների մոտ է գերակշռում բրոնխիալ ասթման, իսկ ավելի մեծ տարիքում` կանանց մոտ: Ասթման ախտորոշվում է 5-6 տարեկանից հետո: Առաջին ախտանիշներն են դժվար շնչառությունը, հազը, գիշերային հազը, կրծքավանդակում սեղմելու զգացողությունը, ավելի հաճախ չի ուղեկցվում ջերմությամբ, չնայած վաղ տարիքում կարող է եւ ջերմությամբ արտահայտվել: Հնարավոր է նաև, որ երեխան առողջ ֆոնի վրա ունենա դժվար շնչառություն, հետո պարզվի, որ երեխան ինչ-որ ալերգիայի հետ կոնտակտ է ունեցել: Կան երեխաներ, որոնք ունեն երկարատեւ եւ անբացատրելի հազ, բայց դժվար շնչառություն չունեն, իսկ երբ հետազոտություն են անցնում, հայտանաբերվում են ասթմային բնորոշ հատկանիշներ: Հիվանդության առաջնային կանխարգելումը վերաբերում է ռիսկային խմբին, այսինքն` սուլող շնչառություն ունեցող երեխաներին. պետք է պարզել, թե ինչի նկատմամբ ալերգիա ունի եւ կանխարգելել այն: Օրինակ` եթե փոշու դեզի նկատմամբ ալերգիա ունի, պետք է հնարավորինս քչացնել շփումը փոշու դեզի հետ: Կա երկարատեւ եւ կարճատեւ բուժում: Երկարատեւ բուժումը կանխարգելում է սրացումների հավանականությունը: Ճիշտ մոտեցոումն այն է, որ հիվանդությունը նախապես կանխորոշվի եւ հիվանդը ստանա երկարատեւ բուժում, որը կապահովի առողջ կյանք հիվանդի համար: Երբ սրացումները չեն կանխարգելվում, ավելի են բարդանում, հիվանդները հոսպիտալացվում են, այդ դեպքում բուժումը իրականցվում է հիվանդանոցներում: «Շատ ավելի էժան է կանխարգելումը, քան հետո` բուժումը»,- ասում է Աստղիկ Բաղդասարյանը` նշելով, որ դեղորայքը թանկ է:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված