Երեքշաբթի, 10 դեկտեմբերի

Հայաստանում Ջավախքի մասին խոսելու տեղ չկա՞



Ի՞նչ է լինելու Ջավախքում, դատարկվելո՞ւ է այն ինչպես Նախիջևանը, թե՞ ազատագրվելու է ինչպես Արցախը: Վրաստանի կառավարությունը այս հարցը դրել է թե' իր, թե Հայաստանի, թե Ջավախքի առջև: Դեկտեմբերի 23-ին «Սարադարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Սարադարապատ» շարժման նախաձեռնող խումբը քննարկում էր կազմակերպել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի ազատ արձակման, ինչպես նաև ջավախքահայության խնդիրների շուրջ: Մարդիկ, ովքեր անհանգիստ են, մտահոգ են, , ինչպես բնութագրեց Տիգրան Խզմալյանը` մտավոր քաղաքացիները, «ում բկին է կանգնում ամեն կտոր կերած հացը, քանզի մեր ազգային հերոսները բանտարկված են», այսօր քննարկում էին վերևում նշված հարցերը: Տիգրան Խզմալյանը տեղեկացրեց, որ իրենք շուրջ 3 ամիս շարունակ դահլիճ էին փնտրում, որպեսզի հավաքվեին ու խոսեին այս հարցերի շուրջ: Եվ միայն ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է տրամադրել դահլիճ: «Մենք 100 օր կորցրել ենք միմիայն այն պատճառով, որ Հայաստանում Ջավախքի մասին խոսելու տեղ չունենք, որտեղ գոնե 100 հոգի կարողանանք հավաքել»,- ասաց Տ. Խզմալյանը: Տիգրան Խզմալյանը նշեց, որ Ջավախք ասելով միջազգային բարդություններ ենք ստեղծում, քանզի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ իրեն հայտնի չէ նման անվանումով տարածք, Վրաստանում գոյություն ունի Սամցխե-Ջավախեթի նահանգ: Եվ հայ պաշտոնյաները չեն արձագանքել այս հայտարարությանը, ինչպես որ կուլ են տվել շատ այլ բաներ: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը ներկայացրեց Վահագն Չախալյանի ձերբակալության և դատական գործընթացի մանրամասները` նշելով, որ նրա ձերբակալությունը տեղի է ունեցել վրաց-օսական պատերազմից 20 օր առաջ: Իսկ Տիգրան Խզմալյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Վահագն Չախալյանի ձերբակալությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նրան դատել են Հայաստանում և սահմանի վրա հանձնել Վրաստանի հատուկ ծառայություններին, որից հետո միայն Վրաստանը կարողացավ դատական գործ սկսել նրա դեմ: Իսկ հատուկ Վահագն Չախալյանի համար Վրաստանի իշխանությունները փոխեցին օրենսդրությունը, համաձայն որի` օտարերկրյա փաստաբանները զրկվեցին գործում ընդգրկվելու և որպես պաշտպան հանդես գալու իրավունքից:

Ջավախքի երկու տարբերակ ունի` արցախացում կամ ինքնուրույնություն. Ալեք Ենիգոմշյանի հուշումները` Հայաստանի և Վրաստանի իշխանություններին

Այսօր Ջավախքի առնչությամբ հայության առջև ծառացած գլխավոր խնդիրը Ջավախքի հայկականության պահպանումն է, դրա շարունակականության երաշխավորումը և Ջավախքի հզորացումը: Կայացած քննարկման ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ալեք Ենիգոմշյանը խոսեց Ջավախքի նշանակության մասին` ասելով, որ մշտապես և մինչ օրս հայերը այդ տարածաշրջանում բնակչության մեծամասնությունն են կազմել, և որպես հայկական ու հայերով բնակեցված տարածք Ջավախքը անգնահատելի է Հայաստանի անվտանգության համար. Ջավախքը Հայաստանի հյուսիսային դարպասն է: «Դժբախտաբար, բայց նաև բարեբախտաբար Ջավախքը մնացել է այն միակ Հայաստանի դարպասը, որը թուրքերի կողմից շրջափակված չէ, հետևաբար Ջավախքը ներկայացնում է դեպի արտաքին աշխարհ Հայաստանի գլխավոր ճանապարհը, դեպի ծով` ամենամոտ և հուսալի ճանապարհը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նա նշեց, որ Ջավախքը պատմական և աշխարհաքաղաքական պատճառներով Հայաստանի գերիշխանության ներքո չէ, այսօր այն վրացական գերիշխանության տակ է, և աշխարհաքաղաքական և այլ նկատառումներից ելնելով Ջավախքի միացումը մայր հայրենիքին` գերիշխան Հայաստանին հայկական պետականության և հայ ազգի տեսանելի առաջադրանքների և ծրագրերի օրակարգում չէ, բայց այս հանգամանքը պայմանավորվում է մի շատ կարևոր այլ հանգամանքով: «Սա բաց չեք չէ` դրված վրացական իշխանություններին, այս իրավիճակի պահպանման անխուսափելի, անշրջանցելի պայմանը Ջավախքի հայ բնակչության գոյության պահպանությունն է և դրա շարունակականության ապահովումը, երաշխավորումը և հզորացումը»,- ասաց Ա. Ենիգոմշյանը: Ալեք Ենիգոմշյանը երկու եզրակացություն և հուշում արեց Հայաստանի և Վրաստանի իշխանություններին: Առաջինը`Հայաստանի իշխանություններին. քանի որ Ջավախքը հայրենական տարածք է, անընդունելի է այն սփյուռք համարել, և որևէ հայ չպետք է լուռ մնա նման մոտեցման առջև: Երկորդը` վրացական իշխանություններին. եթե այսօր հիմնական կերպով խնդրո առարկա չի դարձվում Վրաստանի գերիշխանությունը հայկական այդ տարածքի վրա, բացարձակապես չի նշանակում, որ վրացական իշխանությունները կարող են Ջավախքի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում են: «Ջավախքը պիտի պահի իր հայկական ինքնուրույնությունը, և ջավախքահայության իրավունքները` որպես և' քաղաքացիներ, և' ազգային յուրահատուկ հավաքականություն, պիտի որ լիովին ապահովված լինեն»,- հավելեց Ա. Ենիգոմշյանը: Հայկական կողմի պայմանը` ներկայացված վրացական իշխանություններին լինելու է այն, թե արդյոք այսօր ապահովված է Ջավախքի հայկականության շարունակականությունը և Ջավախքի հզորացման պահանջի առաջադրանքը: Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ այն իրողությունը, որ Ջավախքի հայ բնակչության շահերի համար մարտնչող Վահագնը գտնվում է բանտում, և նրա ընկերները հետապնդվում են կամ չեզոքացված են, և նրանց գործունեությունն արգելված է, ապացուցում է, որ այն, ինչ այսօր համարվում է մինիմալ պահանջ հայերի և հայկական կողմի համար, այսօր չի իրականացվում և ոտնահարվում է վրացական իշխանությունների կողմից; Ալեք Ենիգոմշյանը նաև ներկայացրեց Ջավախքի մտահոգիչ վիճակի երեք հիմնական դրույթներ: Առաջինը` վրացական իշխանությունների մշտական ձգտումը` վրացացնել Ջավախքը, ագրեսիվ քաղաքականությունն այդ ուղղությամբ և Ջավախքից հայության և հայկական գործոնի արտամղումը: Երկրորդը, որը սերտորեն կապված է առաջինի հետ, Ջավախքում մտահոգիչ աստիճանի հասած արտագաղթն է: Երրորդը զուգահեռ է առաջին երկու երևույթներին. Հայկական իշխանությունների հանցավոր անգործությունն ու անտարբերությունն է ջավախքահայության հարցերի նկատմամբ. «Չասելու համար մեղսակցությունը,- հավելեց Ա. Ենիգոմշյանը,- այն առումով, որ Հայաստանի իշխանությունները մեղսակից են եղել Ջավախքի հայ երիտասարդ մարտնչողների դեմ ծավալված հետապնդումներին»: Ալեք Ենիգոմշյանը երկու երևույթ ևս առանձնացրեց. Ջավախքում ստեղծված վախի մթնոլորտը, որում ապրում են ջավախքահայերը և վախենում են ցանկացած ազգային, նույնիսկ մշակութային երևույթների պարագայում դրսևորել իրենց հայկական ինքուրույնությունը: Իսկ ամենավատն այստեղ, Ըստ Ա. Ենիգոմշյանի, այն է, որ Թբիլիսիի այդ քաղաքականությունը տեղում կիրառում են հայ գործակալները: Երկրորդ երևույթն էլ այն է, որ իրենց ժողովրդավար ներկայացնող Վրաստանի իշխանություններն արգելում են հայկական գրքերի մուտքը Վրաստան: «Վրաստանը, եթե ինքը չի գիտակցում, չեմ կարծում, որ չի գիտակցում, բայց հակահայկական բարդույթը, և Վրաստանի փոքր կայսերապաշտական միտումները նրան մղում են` չտեսնելու այն, որ, Ջավախքից վերացնելով հայկական գործոնը, նրանք փորում են իրենց իսկ գերեզմանը, որովհետև հայաթափ Ջավախքը չի լինելու վրացական Ջավախք, այլ բոլորիս համար պարզ է, որ այն լինելու է թուրքական Ջավախք, և այն լինելու է վրացական պետության վերջը»,- շեշտեց Ա. Ենիգոմշյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա այն արդարացումը, որ Հայաստանը ստիպված ու պարտավորված է այս քաղաքականությունը վարել, ըստ բանախոսի, սուտ է, որովհետև Ջավախքը ոչ թե Հայաստանի թույլ կետն է, այլ միակ լծակն է Վրաստանի նկրտումների դեմ: Այն օրը, երբ Հայաստանը և հայությունը կորցնի հայկական Ջավախքը, այդ օրը Հայաստանն ամբողջությամբ դառնալու է Վրաստանի պետության քմահաճույքը: «Ջավախքն ունի երկու տարբերակ` կամ Արցախացում, և կամ դեռևս Վրաստանի սահմանների ներսում Ջավախքի ինքնուրույնության ապահովում: Երրորդը չկա: Երրորդը տեսականորեն գոյություն ունի` նախիջևանացումն է, բայց հենց նախիջևանացման պարագայում է, որ հայերը թույլ չեն տալու այդ տարբերակը, և Ջավախքը փոխանակ նախիջևանանալու, արցախանալու է: Եթե վրացական իշխանությունները ուզում են խուսափել այդ տարբերակից, պարտավոր են խելամիտ լինել` Ջավախքին ապահովել իր ինքնուրույն գոյությունը` արտահայտելու համար իր ազգային ինքնուրույնությունը, և առաջին քայլը պետք է լինի Վահագն Չախալյանի ազատագրումը»,- ամփոփեց Ալեք Ենիգոմշյանը:

Շիրակ Թորոսյան. «Մեր միակ կռվանը հայաշատ Ջավախքն է»

Աժ պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է, որ այսօր թիվ 1 գերխնդիրը Ջավախքի հայապահպանությունն է: Պետք է հասնել նրան, որ Վրաստանի իշխանությունները կարողանան հրաժարվել Ջավախքը հայաթափելու քաղաքականությունից: Մինչդեռ մինչ օրս չի հաջողվել կասեցնել այդ քաղաքականությունը, որը, ըստ պատգամավորի, դրսևորվում է և ազգային, և մշակութային, և լեզվական, և ինքնության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտներում: Շիրակ Թորոսյանը նշեց, որ այսօր ջավախքցին արդեն զրկվել է մայրենի լեզվով հաղրոդակցվելու իրավունքից: Բոլոր փաստաթղթերը վրացերեն են, դպրոցներում դասագրքերը կիսով չափ վրացացվել են, առարկաները սկսում են վրացացնել, հայերենի դասաժամերը կրճատվել են, փոխարենը ավելացել է վրացերենի ժամաքանակը, ինչը, ըստ պատգամավորի, դիմախեղվում է հայ երեխայի մտապատկերը: Շիրակ Թորոսյանը նշեց, որ ջավախքցիները պայքարում են, որպեսզի հայերենը Ջավախքի տարածաշրջանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ ստանա, ինչը բխում է նաև Եվրախորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի դրույթներից, որը ստորագրել է Վրաստանը: ԱԺ պատգամավորը կարծում է, որ Վրաստանի իշխանությունները չարաշահում են իրենց աշխարհագրական դիրքը, սակայն հայկական կողմը չպետք է ընկրկի, թեկուզ կոմունիկացիոն կախվածություն ունի Վրաստանից, քանի որ Ջավախքի գործոնը շատ ավելի ուժեղ է: Հայաստանի իշխանությունները, ըստ պատգամավորի, ովքեր Վրաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում են բարիդրացիությունից, պետք է փոխեն իրենց դիրքը Վրաստանի հետ հարաբերություններում, կոշտացնեն այն, կոշտացման հիմնական գործոն պետք է դարձնեն ջավախքահայության հիմնախնդիրները, և հայ-վրացական հարաբերությունների օրակարգային թիվ մեկ հարցը պետք է դառնա ջավախքահայության իրավունքների պաշտպանության խնդիրները, իսկ դրանց լուծումը պետք է նաև դուրս բերվի հայ-վրացական հարաբերությունների շրջակայքից և հանվի միջազգային ասպարեզ: «Ջավախքը հայաթափվեց, կկորցնենք մեր գործոնը: 10 տարի հետո Ջավախքում հայ չի լինի, Վրաստանը կվարվի մեզ հետ այնպես, ինչպես կցանկանա. ամեն օր կփակվի գազամուղը, երկաթգիծը, Լարսի սահմանային անցակետը, և մենք որևէ զենք չենք ունենա այդ քաղաքականության դեմ պայքարելու համար: Մեր միակ կռվանը հայաշատ Ջավախքն է»,- ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահը: Արցախացում, նախիջևանացում կամ ինտեգրում Վրաստանի հասարակությանը. այս տարբերակներից Շիրակ Թոթոսյանը կարևորեց երրորդը, որպեսզի ջավախքահայությունը կարողանա որպես իրավահավասար Վրաստանի քաղաքացի ինտեգրվել Վրաստանի հանրությանը, պահպանել իր ազգային դիմագիծն ու ինքնությունը: Անդրադառնալով Վահագան Չախալյանի ազատազրկման փաստին, պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ Վահագն Չախալյանը զոհ գնաց վրացական իշխանությունների ստեղծած իրավիճակին, որպեսզի տեղի ազգային հասարակական գործիչների «աչքը վախեցնեն»: Եվ տասնյակ հասարակական գործիչները կամ փախել են Ջավախքից, կամ վտարվել, որովհետև նրանց էլ սպառնալու էր Վահագնի չակագատիրը: «Մինչդեռ այսօր Վահագնը ապօրինի, շինծու, սարքովի դատավարության արդյունքում նստած է բանտում»,-ամփոփեց պատգամավորը:

Ջավախքցի գրողը ակնկալում է գործեր, այլ ոչ թե հավաքներ

Բանաստեղծ, հրապարակախոս, արձակագիր Հակոբ Ավետիսյանը իր անցած ճանապարհի շնորհիվ համոզվել է, որ Ջավախքի հարցը պետք է լինի պետականորեն ծրագրված. այնպես, ինչպես Վրաստանն է Ջավախքի նկատմամբ պետական մոտեցում և ծրագրված քաղաքականություն իրականացնում: Իսկ Ջավախքի բնակչությունն ի վիճակի չէ պետական մեխանիզմի դեմ կանգնել ու պայքարել, և տալու է նման զոհեր ինչպես Վահագն Չախալյանն էր ու շատերը: Դրան նպաստել են նաև հայկական պետության գլխին կանգնած այրերը: «Ես ցանկանում եմ ձեզանից գործ, միայն գործ, ոչ թե հավաքներ ու մյուսներ, մենք հերոսներ չենք ուզում դառնալ, մենք ուզում ենք, որ մեռնենք պատմության համար, թեկուզ Ջավախքի հարցում կատարած գործ, որը սերունդներին փոխանցվի»,- ասաց Հակոբ Ավետիսյանը: Հակոբ Ավետիսյանը խնդրեց աջակցել Ջավախքին և ջավախքցիներին: Նա նշեց, որ ջավախքցին ամուր է և եղել է Հայաստանի ֆիզիկականի համլրողը, ներուժը: 90-ականներին ջավախքցիները գիտակցաբար զոհաբերել են իրենց ազատությունը հանուն Հայաստանի կայացման և Արցախի` ակնկալելով, որ Արցախի հետ Հայաստան պետություն ունենալով կունենան մոտեցում և անդրադարձ Ջավախքին: «Ջավախքցին ամենահայրենասեր զանգվածից է, բայց իր ուժերով, իր հնարավորություններով ի վիճակի չէ պետական մեխանիզմի դեմ կանգնել, երբ այդ մեխանիզմին աջակցում են նաև ներկայի իշխանությունները»,- ասաց գրողը:

Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց Ջավախքի հայ չինովնիկներին ետ կանգնել դավաճանական ընթացքից

«Մենք համոզված ենք, որ եթե վրացական իշխանությունները շարունակեն իրենց Ջավախքի հայաթափման ծրագիրը, նրանք կունենան ազատագրված Արցախի տարբերակը»,- ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ գնալով Ջավախքում վիճակը վատթարանում է, և Թիֆլիսի իշխանությունների վարած քաղաքականությունն իրականացնում են Ջավախքում բնակվող հայերը: «Այն հայերը, որոնք այսօր գործակցում են Թիֆլիսի իշխանությունների հետ, ենթարկվում են թիֆլիսյան հակահայկական բոլոր հրահանգներին, եթե կարծում են, որ անպատիժ են մնալու, ապա չարաչար սխալվելու են»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը և հիշեցրեց, որ 1988թ-ի շարժման ժամանակ Արցախում տիրող նմանատիպ մթնոլորտը, երբ այնտեղի չինովնիկները նույնպես կարծել են, որ, շարունակելով Բաքվի հրամանները կատարել, չեն պատժվելու: Չինովնիկները ստացել են իրենց պատիժը, չնայած մի մասը կարողացել է փախչել, մյուս մասն էլ դեռ պատիժ չի ստացել: Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց Ջավախքի հայ չինովնիկներին ետ գալ դավաճանական ընթացքից:

Վահագն Չախալյանի վիճակը` քեռու աչքերով

2,5 տարվա ընթացքում, բացի ծնողներից, առաջին անգամ վրացական բանտապահները թույլ տվել, որ Վահագնին այցելի մեկ այլ բարեկամ: Վահագն Չախալյանին նոյեմբերի 29-ին կալանավայրում տեսակցել է նրա մորեղբայրը` Մանվել Սմբատյանը: Նա ևս մասնակցում էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկմանը: «Վահագի վիճակը`քեռու աչքերով վատ չէր, բարոյապես ընկճված չէր, մի բան էլ ինքն էր մխիթարում, ասում էր. «Պինդ կացեք, ես կդիմանամ, ես ետ չեմ կանգնելու իմ ճանապարհից»»,- պատմեց Մանվել Սմբատյանը և փոխանցեց Վահագնի ջերմ բարևները:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված