Կիրակի, 08 դեկտեմբերի

Բնապահպանական կազմակերպությունները դիմում են վարչապետ Տիգրան Սարգսյանին



Մեծարգո պարոն վարչապետ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ սյունեցիների հստակ դիրքորոշումը կառավարությանը ներկայացնելու նպատակով «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը և «Ազատամարտ» կոմիտեն նախաձեռնել են ստորագրահավաք, որի մասնակիցները կարող են իրենց կարծիքն արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Ստորագրահավաքին արդեն իսկ մասնակցել է 13850 (տասներեք հազար ութ հարյուր հիսուն) քաղաքացի, և մասնակիցների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Մենք հաշվի ենք առնում համաշխարհային մասշտաբով էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փոքր չափերը, տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա` անթույլատրելի ենք համարում ուրանի հանքի շահագործումը Հայաստանում և այն համարում ենք լուրջ սպառնալիք ազգային անվտանգության համար: Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց` մենք հայտարարում ենք, որ այս գործընթացում կառավարությունը խախտել է մի շարք տեղական և միջազգային օրենքներ (արձանագրությունների կեղծում, հասարակական լսումների բացակայություն, տեղաբնիկների դիրքորոշման անտեսում), որը հանրության շրջանում տագնապ և հիասթափություն է առաջացրել: Հանրության ձայնը առավել լսելի դարձնելու նպատակով տեղական տասը հասարակական կառույցի հետ համատեղ նամակով դիմել ենք նաև ՀՀ նախագահին` պահանջելով չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը և կասեցնել գործընթացը: Տեղական հասարակական կառույցների դժգոհությունները, Կապան, Լեռնաձոր, Քաջարան համայնքների ավագանիների որոշումները, հանրության շրջանում տիրող լարված մթնոլորտը անտեսելով` «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲ ընկերության պատվերով դեռ շարունակվում են երկրաբանահետախուզական աշխատանքները Լեռնաձորի համայնքի տարածքում, որը տագնապ է առաջացրել տեղաբնիկների մեջ, և տարածաշրջանից ոչ բնականոն արտահոսք է սկսվել: Ս.թ. նոյեմբերի 11-ին Կապանում կազմակերպված հանրահավաքը և ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները վկայում են հանրության միակարծության մասին, և կառավարության կողմից վերոնշյալ փաստերը անտեսվելու դեպքում ՀՀ քաղաքացին և միջազգային հանրությունը կասկածի տակ կդնեն Հայաստանի Հանրապետության` ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու կառավարության ձգտումները: Հիմք ընդունելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները, հանրության մեջ տիրող լարված մթնոլորտը` մենք պահանջում ենք չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը և հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ: «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն` Ա.Փարսադանյան «Ազատամարտ» կոմիտեի նախագահ` Խ.Հարությունյան 06.12.2010

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված