Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Աստանան դիվանագիտական հաղթանա՞կ է



«Աստանայում ստացանք այն, ինչ սպասում էինք: Նախագահ Սարգսյանի ելույթը բավականին կարեւոր է եւ բացառիկ իր էությամբ, ամբողջ աշխարհին հայտարարվեց` ինչ է սպասվում մեզ, եթե բանակցությունները տապալվեն, կամ կողմերը համաձայնության չգան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը: Նա կարեւորեց այն, որ Աստանայում բանակցային կողմերը դրսեւորեցին միակարծություն, միասնականություն բանակցային պրոցեսների սկզբունքների առումով` ի լուր բոլորի հայտարարելով, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծումը անընդունելի է բոլորի համար: Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները միասնական են եւ կարող են գործել միասնական. «Սա մեր արտաքին դիվանագիտության հաղթանակներից մեկն է: Ադրբեջանին մեկ անգամ էլ հասկացվեց, որ այս երեք սկզբունքները չպահպանելը անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլեւ Մինսկի խմբի, աշխարհի բոլոր երկրների համար: Եթե Ադրբեջանի նախագահը իր բութ տրամաբանությամբ եւս մեկ անգամ փորձի ռազմական ճանապարհով հարցի լուծումը տանել, ապա մենք պարտադրված կլինենք անել այն, ինչ ցանկանում ենք, եւ ինչն ընդունելի է մեզ համար. դա կլինի Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը ցանկացած ճանապարհով, ընդհուպ` ռազմական»: ԱԺ պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առանձնացած թեւի անդամ Վարդան Խաչատրյանը սպասելիքներ չուներ Աստանայի գագաթնաժողովից, չէր կարծում, թե  այնտեղ պետք է ինչ-որ տեղաշարժեր լինեին. «Աստանայի գագաթնաժողովը իր առջեւ դրված հիմնական երեք նպատակին այդպես էլ չհասավ, այսօր էլ փաստաթուղթը լեցուն է հարաբերականությամբ, որեւէ կոնկրետ առաջընթաց Աստանայում, տեղի չունեցավ»: Նա դրական գնահատեց նախագահի ելույթը, բայց նշեց, որ դժվար է ասել, թե գործընթացը ինչպես կընթանա: Խոսելով զիջումների մասին` Գագիկ Մելիքյանը մեջբերեց նախագահի խոսքը, թե որեւէ մեկը մեզնից չսպասի զիջում, եթե խոսքը չի գնում փոխզիջումների մասին: «Մեր կողմից երբեւէ զիջումներ չեն լինելու»,- ասում է պատգամավորը: Վարդան Խաչատրյանն այլ կարծիքի է, նա նշում է, որ զիջումներ չանելը  միայն Հայաստանի դիրքորոշումն է, իսկ Գագիկ Մելիքյանն էլ պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Հայաստանը համակարծիք են, միայն Ադրբեջանը համակարծիք չէ, քանի որ որեւէ մեկը չհերքեց Հելսինկյան սկզբունքները, իսկ Ադրբեջանը կամաց-կամաց կհաշտվի միջազգային հանրության հետ: Իր ելույթում նախագահը նշեց,որ մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը պարտադրի մեզ խնդրի ռազմական լուծում. «Դա մեր կողմից նշված սպառնալիք չէ, մեր ընտրությունը չէ, մեր ցանկությունը չէ, այլ լսեցնել բոլորին այն, ինչ կսպասվի մեզ անհամաձայնության դեպքում»,- ասում է Մելիքյանը: ԱԺ-ի օրակարգում է Ղարաբաղի ճանաչման հարցը: «Հանրապետականը» կողմ կքվեարկի, թե դեմ, Գագիկ Մելիքյանը չասաց` նշելով, որ հնարավոր է նույնիսկ քվերակություն չլինի. ««Հանրապետականը» երբեք չի ձգտում պատերազմի, երբեք չի սպասում, որ Ադրբեջանը պատերազմ հայտարարի, նոր ճանաչի, դա մեզ համար ինքնանպատակ չէ, քանի դեռ գնում է բանակցային պրոցեսը, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, մենք չենք ցանկանում մեր քայլերով տապալել բանակցային պրոցեսը»: Պատգամավորի խոսքերով` եթե Ադրբեջանը մեզ պարտադրի պատերազմ, ապա մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը, ռազմական պայմանագիր կկնքեք Լեռնային Ղարաբաղի հետ, ամեն կերպ կապահովենք ԼՂՀ-ի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված