
Ապրեք ռադիացիայի հետ. դա վտանգավոր չէ
16:50, 3 դեկտեմբերի, 2010
Հայտարարում են Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողները
Ճառագայթային անվտանգության պետական կոմիտեն պնդում է, որ Լեռնաձորում ռադիացիոն ֆոնը նորմալ է: Տեղի աշխատողները ֆոնը ստուգում են դոզիմետրով, որն արձանագրում է 40 միլիռենտգեն: Նրանց համոզել են եւ նրանք կրկնում են, որ դա Հայաստանի համար վտանգավոր չէ, եւ որ մենք կարող ենք ապրել նման ռադիացիայի պայմաններում:
Մարդիկ փորձում են իրենց պաշտպանել, բայց նրանց նկատմամբ սկսում են խիստ միջոցառումներ կիրառել: Այսպես, վարկած կա, որ հորատման սարքն այրվել է կարճ միացման արդյունքում: Սակայն մինչ օրս ոստիկանությունը գյուղի բնակիչներին հարցաքննության է կանչում, նրանց վրա ճնշում է գործադրում: «Լեռնաձորցիներն իրենց անպաշտպան են զգում, մոլորված… »,- ասում են ակտիվիստները:
Լեռնաձորցիներն ավելի ու ավելի շատ են խոսում արտագաղթի մասին: Աշխատատեղերով ապահովված սակավաթիվ գյուղերից մեկը` Լեռնաձորը, կարող է դատարկվել: Ցավոք, պատասխանատու անձիք Սյունիքից արտագաղթման ռիսկերի մասին լռում են:
Ուրանի ծրագրի անվտանգությունը երաշխավորելու պարտավորությունն իր վրա է վերցրել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը` Հայաստանում ուրանային ծրագիրն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի 50% բաժնետոմսերի տիրապետման իրավունքով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի հակաուրանային հանրահավաքից հետո` հաջորդ օրը, նախարար Արմեն Մովսիսյանը ժամանեց Կապան, որտեղ մի շարք հանդիպումներ անցկացրեց տեղական վարչակազմի եւ բիզնեսի հետ, որից հետո մի շարք հայտարարություններ արեց տեղական լրատվամիջոցներով:
«ԷկոԼուր» ՀԿ

Տես նաև՝
