Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«VO.X»-ի երգերը ծնվում են, երբ սկսվում է դեպրեսիան



Նոյեմբերի 14-ին «VO.X» խմբի առաջին հայերեն սկավառակի` «Made in Երեւան»-ի շնորհանդեսն էր: Ձայնասկավառակի բոլոր 21 ստեղծագործությունները մարդկային հարաբերությունների, հասարակական խնդիրների, սիրո, հուսահատության, հավատքի եւ ճշմարիտ արժեքների մասին են, որոնք խմբի երգիչներ Արամը եւ Գայան ցանկանում են փայփայել այսօրվա Երեւանում` իրենց ծննդավայրում»:

«Կարոտ կա իսկական Երեւանի նկատմամբ, Երեւանը ուրիշ է, այն քյաբաբային Երեւանը չի, մեր Երեւանը կա, ուղղակի նա պոռնիկի աշխատանքի համար դիմակ է հագել, որպեսզի ընդունվի, փող աշխատի, բայց երբ դիմակը հանի, կլինի «Made in Երեւան»-ի Երեւանը»,- ասում է «VO.X» նախագծի պրոդյուսեր Արամ Րիանը: Առաջին հայկական էկոլոգիական երգը` «Թեղուտ»-ը, ստեղծել է «VO.X» խումբը: Արամն այդ երգը նվիրել է կնոջը` Գայային` որպես հարգանքի տուրք նրա բնապահպանական գործունեությանը, ինչպես նաեւ` անտառներին, որտեղ անցել է երգչի մանկության մեծ մասը: Երգն առաջին անգամ կատարվել է Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ: Հասարակական թեմաներով երգեր գրելը «VO.X»-ի համար բեմական կամ ստեղծագործական նոր կերպար փնտրելու ձեւ չէ: «Ես երգահան եմ եւ ինձ չեմ տարանջատում ինչ-որ ոճերում, ունեմ գործեր կիսաջազային, կիսաբլյուզային ոճերում, ռոք օպերաներ եւ այլն: Իմ երգերը բոլոր նախադրյալներն ունեն, որ դառնան շլյագերային եւ շոու-բիզնեսային երաժշտություն: Ես ավելի շատ եվրոհայկական երգեր եմ ստեղծում»,- ասում է Արամ Րիանը: Ի սկզբանե` 1999 թ., «VO.X»-ը ձեւավորվել էր որպես անկախ սոցիոգոսպել երաժշտական նախագիծ` «ձայն բարբառո հանապատի» կարգախոսի ներքո (vox լատիներեն հենց ձայն է նշանակում), որպեսզի երգերի միջոցով բարձրաձայն խորհեն առօրյա հոգեւոր ու հասարակական խնդիրների մասին: Արամը շուրջ 1500 երգերի հեղինակ է, 20 տեսահոլովակների ռեժիսոր ու մոնտաժող: Նա մեծամասամբ հավանում է հենց իրենց երգերը, մի քանիսը չի հավանում, բայց դրանք էլ ուրիշներն են շատ հավանում: ««VO.X»-ի երգերը լսում են այն մարդիկ, ովքեր դեռ չեն կորցրել իրենց խիղճը: Ամեն մարդ դատում է «VO.X»-ի ստեղծագործական կյանքը` ըստ իր փչացածության աստիճանի»,- կեսկատակ ասում է Արամը: «Բազմաթիվ հասարակական, սոցիալական թեմաների մասին երգելով` արդյոք որեւէ բան փոխվո՞ւմ է»,- հարցնում եմ: «Ես երգում եմ նրա մասին, ինչն ինձ հուզում է: Ես հատուկ չեմ նստում, ծրագրում, հնգամյակի պլան կազմում: Ասել միայն ճիշտը, լինել անկեղծ. դա է կարեւորը: Ես էլ էի միշտ մտածել, թե, օրինակ, Ջոն Լենոնը, ով առաջին սոցիալական երգերն է ստեղծել, ի՞նչ է փոխել` բացի կուտակած միլիոններից եւ փառքից: Բայց դրանից այն կողմ բան չեմ տեսել: Եթե առանձին տեղերում առանձին մարդիկ էլ փոխվեն, էլի մեծ բան կլինի»,- պատասխանում է Արամ Րիանը: Արամը Հայաստանի թիվ մեկ խնդիրը համարում է այն, որ մեր երկիրը փոքր է եւ պետք է կրի կամ ԱՄՆ-ի դիմակը, կամ` Ռուսաստանի: Նա համոզված է, որ հասարակական կազմակերպությունների ու շարժումների մեծ մասն ունեն ամերիկյան կամ եվրոպական տերեր ու արմատներ:

«Յուրաքանչյուր տեսակի ազատություն, օրենք, դեմոկրատիա, օպոզիցիա, հավատք, շարժում պետք է լինի մերը, մեր հողի վրա տնկած ու աճեցրած` զերծ օտար պարարտանյութից: Այս պարագայում հպարտորեն կարող եմ ասել, որ «VO.X»-ը, արտահայտելով որեւէ հոգեւոր, հասարակական կամ քաղաքական կարծիք, չի ներկայացնում եւ ոչ մի կազմակերպություն, շարժում, աղանդ, կուսակցություն եւ չի պատկանում ոչ պալատական արտիստների դասակարգին, ոչ էլ օպոզիցիային»,- ասում է Արամը: Դրամ նա վաստակում է երգեր գրելով, գործիքավորումով եւ տեսահոլովակներ նկարահանելով: Արամի` մեծ աղմուկ հանած աշխատանքներից է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա ստեղծված տեսահոլովակը. «Ով մեզ չի ճանաչում, նայում է, տեսնում է` ժամանակակից սանրվածքով, բիզ-բիզ մազերով տղան Չարենցի բանաստեղծությունն է խեղաթյուրում, բայց իրականում այդպես չէ: Հնարավոր է, որ մի 20 տարի հետո մեր արածը դառնա դասական, մենք ամենայն լրջությամբ ենք մոտենում մեր գործին»: Որոշ ժամանակ Մեծ Բրիտանիայում ապրելուց հետո վերադառնալով հայրենիք` Արամը տեսավ, որ այստեղ շատ բան է փոխվել, հիասթափությունները հաջորդում էին մեկը մյուսին: «Անգլիայում երբեք մտքովս չէր անցնի սոցիալական երգեր գրել: Անգլիական սկավառակներս լցված են անգլիական նոստալգիայի, լոնդոնյան տրամադրություններով: Հենց սկսում եմ հայերեն գրել, լեզուն է, թե հայաստանյան իրավիճակը, անկախ ինձնից` սկսում եմ խնդիրների մասին գրել: Ինձ նույնիսկ զարմացնում է, թե այստեղ ինչպես են կարողանում սիրո երգեր գրել: Հայերեն չեմ կարողանում սեր երգել»,- ասում է Արամը: Նա շարունակում է իրեն էմիգրանտ զգալ իր հայրենիքում, ասում է` իր նմանները փոխվել են, անհոգի բիզնեսմեններ են դարձել. «Զարգացում կա, նոր շենքեր են կառուցվում` առանց հաշվի առնելու սեյսմիկ օրինաչափությունները, նոր սուպերմարկետներ կան, բայց հետո՞ ինչ, ի՞նչ է փոխվել: Գոնե լինենք ասիական լավ երեւույթ, Աֆրիկայի հետ համեմատվելն էլ վատ չի, բայց հիմա ոչ Եվրոպա ենք, ոչ Ասիա, ոչ էլ` Աֆրիկա»: Հայաստանում Արամի ստեղծագործական «մուսան» դեպրեսիան է: Հենց սկսվում է դեպրեսիան, ծնվում են երգերը: Արամը սովորել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բաժնում, մասնակցել է «ԲԻ-Բի-Սի»-ի ռեժիսորական դասընթացներին:

Հին ժամանակների եւ ոչ քյաբաբային Երեւանի կարոտը «Made in Երեւանում»-ում

«VO.X»-ը արտասահմանում բազմաթիվ մրցանակներ է շահել, առաջին երկու սկավառակները ստեղծվել եւ թողարկվել են Մեծ Բրիտանիայում: 2003 թ. «VՕ.X» խումբը Բրիտանիայի ազգային մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվեց լավագույն բրիտանական խումբ: «No Metter» երգը տեւական ժամանակ հնչում էր բրիտանական ռադիոհեռուստաընկերությունների եթերում: Իսկ 2004-ին խմբին նույն հաջողությունը բերեց «Gone with the wind» երգը: Ամերիկյան մի կազմակերպություն նրանցից միանգամից 3 երգ է գնել պատրաստվող ֆիլմերի soundtrack-երի համար: «VO.X»-ը արտերկրում գնահատվում է, իսկ Հայաստանում ոչ մի մրցանակ չի ստացել, կազմակերպվող զանազան միջոցառումներին էլ չեն հրավիրում: «Հիմա, երբ ինձ ասում են` կմասնակցե՞ս այսինչ միջոցառմանը, ես կեսկատակ ասում եմ` եթե ապահովես մեր հաղթանակը, կմասնակցեմ: Ո՞վ պետք է մեզ մրցանակ տա»,- հարցնում է Արամը: Համերգներին «VO.X»-ին հիմնականում չեն հրավիրում` պատճառաբանելով, թե իրենց երաժշտությունը հրապարակային երաժշտություն չէ, ժողովուրդը չի հասկանա: Նման պատճառաբանություններին Արամը հակադարձում է. «Դուք եք նեղացնում ժողովրդի ճաշակը եւ նրա փոխարեն որոշում»: «Մեզնից ոչ փողային շահ ունեն, ոչ անկողնային, ոչ էլ մեկը կա, որ վերեւից թելադրի: Տեսահոլովակները մենք ենք նկարում, եւ ոչ մեկը դրանից փող չի վաստակում, որ ուզենա ինչ-որ հեռուստաընկերության թելադրել, որ այն պտտվի բոլոր ալիքներով»,- ասում է Արամը: Հայաստանում նրանք մեկ մենահամերգ են ունեցել: «Ի՞նչ անենք, որ իսկապես ունենանք «Made in Երեւան»-ի Երեւանը». ասյ հարցի պատասխանը Արամը չգիտի, նրան այս հարցը փակուղի է տանում. «Մյուս կողմից էլ` ո՞վ պետք է անի, անհրաժեշտ է պայքարել, բայց ժողովրդին չեն թողնում պայքարի, իսկ երբ չեն թողնում, առաջ են գալիս ինչ-որ օպոզիցիոն շարժումներ, որոնց ես դեմ եմ, դրա համար էլ չգիտեմ, թե ինչ է պետք անել, դրա համար էլ ես երգում եմ»,- ասում է Արամը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված