Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Հայաստանը խաղաղությունը պետք է օգտագործի ռազմապես հզորանալու համար



Աստանայում անկացվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Արցախի հարցում որեւէ բան չի փոխվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը. «Այս հանդիպումները հարցը չլուծելու համար են: Հանդիպումները ես դիտում եմ հերթական տեսակետների ճշգրտման, կարծիքների փոխանակության տեսակետից»: Նրա խոսքերով` կա մոտավոր հավասարակաշռություն, որը պահում է վիճակը. «Մենք չպետք է մտածենք, որ Արցախը խաղաղ է, այլ հավասարակշռությունը խախտելու համար պետք է նախապատրաստվենք»: Լ. Շիրինյանի կանխատեսմամբ`դիրքերի ամրապնդման շրջան է լինելու. «Եթե աշխարհում ցնցումներ չլինեն, մինչեւ նավթի ռեսուրսի անկումը, եթե մենք այս վիճակը տանենք, ապա հաղթած ենք եւ հաղթած էլ դուրս կգանք»: Բանախոսը նշում է, որ անընդհատ պետք է պատրաստվել պատերազմի, խաղաղությունն օգտագործել ռազմապես ուժեղանալու համար: Քաղաքագետ Երվանդ Բոզայանն էլ ասում է, որ Աստանայից առաջ ադրբեջանցիները մեծ ակտիվություն են ցուցաբերել դիվանագիտական ճակատում եւ նրանք այն թեզն են առաջ քաշում, որ իրենց համբերության բաժակը լցված է ու այլեւս չեն հանդուրժի ստատուս քվոյի պահպանում. «Դրան էապես նպաստեց տխրահռչակ ֆուտբոլային քաղաքականությունը, որ սկսվեց 2 տարի առաջ: Թուրքիան անուղղակիորեն ներխուժեց Լեռնային Ղարաբաղի հարցում, ամրապնդեց իր դիրքերը»: Բոզոյանը նշում է, որ Աստանայում չի հաջողվի անցկացնել ճանապարհային քարտեզը, քանի որ այդ մոտեցումը մերժում է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ռուսաստանը, չնայած արդեն իսկ վտանգավոր է այն, որ այդ առաջարկը քննարկվում է կուլիսներում: «Դա ցույց է տալիս, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական ճակատում խոշորամասշտաբ պարտություններ է կրել, եւ թուլացել է Հայաստանի վիճակը: Ղարաբաղում զորավարժությունները բավականին ուշացած էին, բայց կարեւոր էին: Կարծում եմ, որ Հայաստանը ռազմավարական իմաստով պետք է փոխի իր դիվանագիտությունը, բավականին նախահարձակ լինի եւ ակտիվ գործողությունների անցնի, որովհետեւ, եթե մենք այսպիսի պաշտպանողական դիրքերից հանդես գանք, ապա լիքը վտանգներ կան»,- ասում է Երվանդ Բոզոյանը: Լեւոն Շիրինյանը հավելում է, որ եթե 1994թ.-ից ստատուս քվոն պահպանվում է, ուրեմն մենք այդքան էլ թույլ չենք. «Մենք պետք է մեր արածը հին հայկական հիվանդության հետ չշփոթենք, էլի չկախվենք աշխարհի ուժեղների փեշերից եւ ամեն ինչ բացատրենք իրենց կամքով»: Նա կարծում է, որ Ադրբեջանը հզորանում է, անընդհատ ավելի շատ է զինվելու, բայց դրանից չի զարգանալու: Հայաաստանն էլ պետք է նոր նախաձեռնություններով հանդես գա, օրինակ, Ադրբեջանին պարտադրի ավելի շատ զինվել: Շիրինյանի խոսքերով` երկրորդ խնդիրը Վրաստանի հետ հարաբերությունների ճշգրտումն է, որովհետեւ մեր երկրի անվտանգությունը որոշ չափով կախված է նաեւ Վրաստանից. «Մենք պետք է առաջարկենք Անդրկովկասի անվտանգության նոր հայեցակարգ: Մի քանի քայլ պետք է անի Հայաստանը` ճանաչել ԼՂՀ անկախությունը, պահանջել և միջազգայի հանրությանը պարտադրել, որ ցանկացած ժողովուրդի, ովքեր ապրում են Անդրկովկասում, տրամադրեն մշակութային ինքնավարություն»: Լեւոն Շիրինյանը համոզված է, որ եթե իրենք ուժեղ լինեին, մեր հարցը վաղուց լուծել էին, չնայած դա չի էլ նշանակում, որ մենք պետք է հույսներս դնենք մեր ուժի վրա: Երվանդ Բոզոյանը լուրջ չի վերաբերում Ալիևի հայտարությանը` ԼՂՀ բանակցային գործընթացում նոր փուլ սկսելու հետ կապված. «Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքները կառուցողական չի համարում և առաջ է բերում նոր փուլային տարբերակ, որը չի հետաքրքրում Հայաստանին, բայց հետաքրքրում է Միացյալ Նահանգներին: Վերջին երկու-երեք տարում մենք «պռավալ» տվեցինք Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, և չի կարելի ասել, որ ամեն ինչ նորմալ է ԼՂՀ խնդրում, մտահոգիչ էր նաև Կ. Սաուդաբաևի հայտարարությունը»: Բոզոյանը նշում է, որ վերջին 2-3 տարիներին Ադրբեջանը ուժեղանում է, Հայաստանը` թուլանում, իսկ Ադրբեջանը պահանջում է դիվիդենտներ, որոնք եթե չի ստանում, սպառնում է` սկսել պատերազմ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված