Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

Մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO-2010» ցուցահանդեսը



ՀՀ կրթության  և գիտության նախարարության և  «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ այսօր «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում բացվել է հերթական 11-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը` «Կրթություն և կարիերա EXPO-2010» խորագրով: Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ավագ դպրոցներ, ուսուցման կենտրոններ) և միջազգային դոնոր  կազմակերպություններ: Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, նշել է, որ նախարարությունը մշտապես սատարում է բոլոր նմանատիպ նախաձեռնությունները: «Կրթությունը նախևառաջ հանրային կարիք է, և պետության պարտավորությունն է ապահովել կրթության իրավունքի իրականացումն իր բոլոր քաղաքացիների համար: Միաժամանակ, կրթությունը նաև շուկա է, որտեղ կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատությունները` ժամանակակից մարկետինգային տեխնոլոգիաներով, հետզհետե բարելավվող ուսումնական գործընթացով և մատչելիությամբ իրենց փաստացի շահառուներին պետք է ներկայացնեն այն հնարավորությունները, որ ընձեռում է հայաստանյան կրթական շուկան` մեր քաղաքացիների գիտելիքների, հմտությունների, կարողությունների և արժեքերի զարգացման համար: Իրականում կրթությունն ինքնանպատակ չէ. այն նախևառաջ պետք է սպասարկի տնտեսության շահերը` պատրաստելով համապատասխան մասնագիտական ունակություններով և որակավորումներով օժտված երիտասարդ կադրեր: Տնտեսությունն իր հերթին պետք է համապատասխան պահանջարկ ձևավորի կրթական շուկայում` նոր կրթական ծրագրեր և բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Կրթության մյուս, եթե ոչ ամենակարևոր  առաքելությունն է սպասարկել հասարակության շահը` պատրաստել արժեքներ կրող քաղաքացիներ, ովքեր իրենց ունակությունները կդրսևորեն ոչ միայն որպես տնտեսական համակարգի շահառուներ, այլ նախևառաջ մեր հասարակության լիարժեք անդամներ»,- նշել է նախարարը` հատուկ ողջունելով գործատուների մասնակցությունը նմանատիպ ցուցահանդեսներին` ի դեմս «ՎիվաՍել» ընկերության, որի հետ, ըստ նախարարի, սերտ համագործակցություն է ակնկալվում նաև հաջորդ տարի: «Այս համագործակցությունը կարող է  օրինակ հանդիսանալ Հայաստանի բոլոր գործատուների  և խոշոր տնտեսվարողների համար, որոնք պետք է սատար կանգնեն կրթական համակարգին, ձևավորեն համապատասխան պահանջարկ և բիզնեսի սոցիալական պատասխանատվության մոդելներ»,- ընդգծել է Ա. Աշոտյանը և վստահություն հայտնել, որ երեք օրերի ընթացքում ցուցահանդեսի բոլոր այցելուները կստանան իրենց հարցերի պատասխանները  և կրթական շուկայում կգտնեն իրենց համար ճիշտ և գրավիչ ծառայություն: Վերջում  նախարարը մասնակիցների ուշադրությունն է սևեռել այն հանգամանքի վրա, որ ցուցահանդեսին մասնակցում են նաև Հայաստանի ավագ դպրոցները, որը, ըստ Ա. Աշոտյանի, նոր երևույթ է կրթության համակարգում և հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ տեղեկատվության սփռումը նույնպես նմանատիպ ցուցահանդեսների յուրահատկություններից մեկն է: «Կրթություն և կարիերա EXPO-2010» ցուցահանդեսի նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկատվություն կրթության ոլորտի վերաբերյալ, նպաստել ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների  կայացմանը, տեղեկացնել աշխատանքային շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, ինչպես նաև հանդիպումներ կազմակերպել մասնագետների և իրական գործատուների միջև: Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են` բարձրագույն  և միջին մասնագիտական կրթություն, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուների ուսուցում, փոխանակման ծրագրեր, ինչպես նաև աշխատանքի տեղավորում, միջազգային կազմակերպություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ կրթական համակարգում, ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ, գրասենյակային և  դպրոցական կահույք:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված