Կիրակի, 15 դեկտեմբերի

Է. Նալբանդյան. «Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում` թմբկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը»



Հնդկաստան կատարած այցի ընթացքում, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին քննարկելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն հրապարակվեց, որն ընդգծում էր, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հիմնախնդրին կարգավորման համար հարկավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխադարձ վստահության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար: Որպես առաջին քայլ ձեռք բերվեց համաձայնություն փոխանակելու ռազմագերիներին եւ վերադարձնելու զոհվածների դիակները: Աստրախանի հանդիպումից հետո պայմանավորվածությունները սկսեցին իրագործվել: Սակայն ցավալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկվեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով: Նոյեմբերի 7-ին, այդ առթիվ կազմակերպված հատուկ արարողության ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարեց հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, ով շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ եւ վիրավորել երեք հայերի` նշելով, որ «կան տասնյակ հազարավոր այդպիսի հերոսներ… որոնք սպասում են Գերագույն Հրամանատարի հրահանգին»: Նա մի քանի անգամ հիշատակեց մահապարտ «շահիդներին»՝ խաղալով Ադրբեջանի բնակչության կրոնական զգացմունքների հետ եւ նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Նա թմբկահարեց, որ իր երկիրը «ունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, բանակը եւս մեծ վերելք է ապրում»: Զարհուրելի է, որ անգամ ելույթ ունենալով երեխաների առջեւ` դպրոցի բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում թմբկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ  Հայաստանը եւ Երեւանը ադրբեջանական հող է ու դրա մասին պետք է մանուկները իմանան: Սա 1939 թվականի Գերմանիան չէ, սա 2010 թվականի Ադրբեջանն է: 2004-2011թթ. ընկած ժամանակահատվածում, ընդամենը 7 տարում, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 18 անգամ: Եվ գրեթե կրկնապատկվել է 2010-ից 2011-ին: Եթե այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10 տոկոսը, ապա 2011-ին ՀՆԱ-ի լինելու է մոտ 20 տոկոսը: Ադրբեջանի կողմից սանձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ոչ թե ձեւական, այլ գործնական մասնակցություն ունենալուն»: Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ «լուռ դիվանագիտություն», ոչ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ոչ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք, եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»: Հռոմեական փիլիսոփա-կայսր Մարկոս Աուրելիոսի հայտնի «Մտքերը» վերնագրված էին «Ինքս ինձ մտքեր հասցեագրելով»: Փիլիսոփաները կամ որոշ կայսրեր հավանաբար իրենց մտքերը հասցեագրել են հենց իրենց: Իսկ դիվանագետները իրենց մտքերը հասցեագրում են այլ դիվանագետների, եթե նպատակ ունեն դիվանագիտական լուծումներ գտնել: Միակ քայլը, որ մնում է այս երկարատեւ գործընթացում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է առանց հավելյալ ձգձգումների: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված