ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Հայաստանում ամեն մի ընտանիք 800 դոլար պարտք ունի



Պարտք ունեն նույնիսկ դեռ չծնված երեխաները «Կենտրոնացված կառավարման համակարգից դուրս եկած, լիբերալ հայացքներ որդեգրած մի երկիր, որն ունի շատ չնչին փորձ, բարոյահոգեբանական նստվածքներ, դրան ավելանում է նաև ճգնաժամը: Ես չեմ կարող ասել, որ մեզ մոտ կառավարման բարձր մակարդակ գոյություն ունի»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ասուլիսի մյուս բանախոսի` Միացյալ աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի կարծիքով` ճգնաժամը կարելի է հաղթահարել, եթե Կառավարությունն արդյունավետ աշխատի, մինչդեռ Հայաստանի կառավարումը ոչ արդարացի է, ոչ արդյունավետ: «Աստղագիտության մեջ կան ուղեծիր և ուղեգիծ, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ուղեգծում է, այլ ուղեծրում. անընդհատ պտտվում է ինչ-որ մի բանի շուրջ»,- ասում է Գուրգեն Արսենյանը: Վարդան Բոստանջյանը չէր ցանկանում, որ լրագրողները պրովոկացիոն հարցեր տային, որոնց ինքը ստիպված կլիներ պատասխանել այո կամ ոչ: «Կառավարությունն աշխատում է այնքանով, ինչքանով կարողանում է»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավորը: Նախատեսվում է, որ 2011թ. բյուջեն կլինի 1 տրիլիոն դրամ, որի 1/4-ը հատկացվելու է սոցիալական խնդիրների լուծմանը: Վարդան Բոստանջյանն այն անվանեց հնարավոր ռեսուրսների հավաքագրման բյուջե: Գուրգեն Արսենյանի կարծիքով` 1 տրիլիոնը պրոպագանդիստական բան ունի իր մեջ: ՄԱԿ-ի ղեկավարի խոսքերով` բյուջեն ոչնչով ոչնչից չտարբերվող փաստաթուղթ է, որի հիմնական աղբյուրը արտաքին փոխառություններն են և ներքին ռեսուրսները: Նրա կարծիքով` հարկային և մաքսային վարչարարությունը խոչընդոտում է երկրի զարգացմանը: «Հարկայինի տարբեր ստորաբաժանումներ ստանում են տարբեր պլաններ, որոնք պետք է կատարեն: Չպաշտպանված դաշտում գտնվող փոքր ձեռներեցներին հարկային աշխատողները գնալու են և ասեն` փող փոխանցեք, պլան ունենք: Տնտեսությունը արյունաքամ է լինում»,- ասում է Գուրգեն Արսենյանը: Վարդան Բոստանջյանը համաձայնեց, որ հարկային ու մաքսային բարեփոխումները չեն ծառայում իրենց նպատակին: Հայաստանի պարտքը 4,3 մլրդ դոլար է, որից 3,7 մլրդ-ը արտաքին պարտքն է: Վարդան Բոստանջյանն ասում է, որ սա բարձր ցուցանիշ է, բայց մեր երկիրը մինչ օրս արտաքին պարտքի առումով խոցելի չի եղել, ինչն արձանագրել է նաև միջազգային հանրությունը: «Պարտքի ինստիտուտը հետաքրքիր բան է. կարող ենք նաև չվերադարձնել»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավորը: Գուրգեն Արսենյանը համաձայն է, որ արտաքին պարտքը մարելու առումով մեր երկիրը դեռևս խնդիրներ չի ունեցել, բայց նաև շեշտում է, որ ներկա իշխանության օրոք Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվեց: Պարտքը տրվում է նախապայմաններով, իսկ նախապայմաններն էլ դառնում են օրենսդրական փոփոխություններ: ԲՀԿ-ական պատգամավորը նշում է, որ արտաքին պարտքը պետք է արդյունավետ օգտագործել ի նպաստ երկրի զարգացման: «Ես այն կարծիքին եմ, որ մենք կհասնենք այն մակարդակին, որ վերցրած պարտքը կսկսենք ճիշտ, լավ, արդյունավետ օգտագործել»,- ասում է նա:  Նրա խոսքերով` մեզանում պատասխանատվության ինստիտուտը մեղմ է և մշուշոտ: «Որևէ մեկը չի կրում որևէ պատասխանատվություն մեծ կամ փոքր սխալների պարագայում»,- նշում է Վարդան Բոստանջյանը: Գուրգեն Արսենյանն ասում է, որ հասարակությունը պետք է իմանա, որ իր անունից պարտք են վերցնում, ամեն մի ընտանիք արդեն 800 դոլար պարտք ունի, չծնված երեխաներն էլ պարտք ունեն և այդ պարտքը վճարելու են ավելացված հարկերի հաշվին: «Ես ինչ արձագանքեմ, Օստապ Բենդերն էր ասում` «սպանել է պետք այդ գիտունիկներին»: Տոչնի է ամեն ինչ, հիմի որ դա էդպես է, ինչ կարող ենք ասել, ինչքան էլ ուզենանք ծածկել այդ ամենը: Էդ մի գրեք, մի նկարեք, մենակ ինձ ցույց մի տվեք»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված