ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Եթե Մանկական երկաթուղու թունելը չվերանորոգվի...



Էմոների գաղափարախոսության պատճառով տարեկան 365 երեխա կարող ենք կորցնել Դեպի Մանկական երկաթուղի տանող թունելն ու նրան հարակից տարածքը, սուբկուլտուրաների նշանների առկայության և հսկողության բացակայության պատճառով, խոր ազդեցություն են ունենում երեխաների դաստիարակության, ապագա սերունդների հոգեբանության վրա: Այս եզրակացությանն են հանգել երիտասարդ նախաձեռնողներ Արա Հարությունյանը և Հայկ Կիսեբլյանը, ովքեր ամիսներ շարունակ ուսումնասիրել են Հայաստանում տարածված սուբկուլտուրաները: Թունելն այսօր հետիոտնների համար նախատեսված միակ ճանապարհն է դեպի Մանկական երկաթուղի, և երիտասարդները ահազանգում են, որ այն անմխիթար վիճակում է: Անհրաժեշտ է Մանկական երկաթուղի տանող թունելն ու նրան հարակից տարածքը մաքրել տարբեր սուբկուլտուրաների նշաններից, հայհոյանքներից, թունելը վերանորոգել և այնտեղ հսկողություն սահմանել: Արա Հարությունյանը և Հայկ Կիսեբլյանը խոսել են Մանկական երկաթուղու տնօրինության հետ, որը երիտասարդներին ասել է, որ պատասանատու է միայն այգու համար, միջոցներ է հատկացնում դրա բարեկարգման համար, իսկ թունելը քաղաքապետարանի վերահսկողության տակ է: Քաղաքապետարանը թունելը վերջին անգամ բարեկարգել են մայիսի 9-ի նախօրյակին: Երիտասարդ նախաձեռնողները կազմակերպել են ստորագրահավաք, որին մասնակցել են 3000-4000 ծնող, մանկավարժ, խնդրով մտահոգված այլ անձինք: Արա Հարությունյանի խոսքերով` մեկ շաբաթվա ընթացքում պատրաստվում են դիմել քաղաքապետարան` տարածքը մաքրելու, թունելը վերանորոգելու և այնտեղ հսկողություն սահմանելու պահանջով: Արա Հարությունյանն ասում է, որ թունելը եղել է սուբկուլտուրաների ներկայացուցիչների, մասնավորապես էմոների հավաքատեղի: Եվրոպայում էմոյական գաղափարախոսությունը սկիզբ է առել «Տոկիո հոթել» ռոք խմբի երգերից: Էմոները բավական տարածված են, աչքի են ընկնում նրանով, որ իրենց նպատակն ինքնասպան լինելն է: Էմոների շրջանում ինքնասպանության ամենատարածված ձևը երակները կտրելն է: Բանախոսներն ասացին, որ էմոներ կարող են լինել բոլորի շրջապատում: Էմոները հիմնականում լսում են ռոք երաժշտություն, հագնվում են սև ու վարդագույն, եղունգները սև են ներկում, մազերին ամրացնում են թիթեռներ, ժապավաններ: Նրանք հասարակության մեջ չեն գտնում իրենց տեղը, մեկուսացած են լինում, ատում են իրենց շրջապատին: Արա Հարությունյանի և Հայկ Կիսեբլյանի հաշվարկներով` ամեն օր Մանկական երկաթուղու թունելի միջով անցնում է 50 երեխա, և եթե նրանցից գոնե մեկը կարդա էմոների թողած գրությունները և ընկնի էմոյական գաղափարախոսության ազդեցության տակ, ապա տարեկան 365 երեխա կկորցնենք: Բանախոսները համոզված է, որ թունելը վերանորոգելու և հսկողություն սահմանելու դեպքում նաև այդ խնդիրը կլուծվի: «Հետքի» հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե քաղաքապետարանը ընթացք չտա դիմումին` երիտասարդները պատասխանեցին, որ դիմելու են նաև կաթողիկոսին, վարչապետին, նախագահին: Իսկ եթե ոչ ոք ուշադրություն չդարձնի, փորձելու են բարեգործական հիմնադրամների միջոցով հասնել նրան, որ թունելը մաքրվի: Եթե երիտասարդները միջոցներ ունենային թունելը վերանորոգելու համար, ապա ինքնուրույն կանեին դա, չէին սպասի իշխանությունների արձագանքին: «Դրանով ոչ միայն մենք, այլև բոլորը պետք է մտահոգվեն»,- ասում են երիտասարդները:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված