ՈՒրբաթ, 06 դեկտեմբերի

Ասուլիսից` ԱԱԾ



Այսօր կայացած ասուլիսում «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը Հայաստանի արտգործնախարարությունից մեկ բաժակ սուրճի կամ թեյի ակնկալիքի մասին էր հայտնել, սակայն մամուլի ասուլիսից անմիջապես հետո նրան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է: ԱԱԾ մամլո խոսնակից փորձեցինք մանրամասներ ճշտել, վերջինս ասաց, որ մեկ ժամվա ընթացքում հաղորդագրություն կտարածեն: Մոտ մեկ շաբաթ է` «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր ընկերների հետ Հայաստանում է: Նրանց հետ էլ դեռևս հոկտեմբերի 10-ին  ոտքով հատել էր հայ–թուրքական սահմանը: Մինչ ձերբակալվելը Թունա Բեքլեւիչը ասուլիսի ժամանակ պատմեց, որ իրենց անցած տեղից գետի խորությունը  50 սմ-ից ավելին չի եղել, որը Անիի ավերակներում գտնվող եռահարկ պատմական կամրջից մոտ 50 մետր հյուսիս է գտնվում: Այդ հատվածում գետը ծանծաղ է եւ նեղ, ճանապարհն էլ շատ օգտագործվող է: Ինչպես հավաստիացնում են` իրենք այդ քայլին են դիմել ոչ վատ մտադրությամբ, ոչ էլ ապօրինի, դրանով քննադատել են երկու երկրների միջեւ փակ սահմանները. «Սա հասարակական ջանք է, հասարակական դիվանագիտության օրինակ, մեզ այստեղ ոչ թուրք կառավարությունն է ուղարկել, ոչ էլ հայ կառավարությունն է հրավիրել: Սա մենք դիտարկում ենք որպես հայ եւ թուրք երիտասարդների համատեղ ջանք: Մենք մի խոսք ունենք`մեկ բաժակ սուրճը 45 տարվա հիշողություն ունի» ,- ասում է «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը: Երեկ արտգործնախարարության երկու հայտարարությունները տխրեցրել են Հայաստան եկած թուրքերին, իրենց խոսքերով`«սրտերը կոտրեցին»: Նրանք եկան Հայաստան` ցանկանալով հանդիպել այստեղի արտգործնախարարության որեւէ պաշտոնյայի հետ, նրանց հետ թեյ կամ սուրճ խմել, մտքեր արտահայտել, լսել նրանց տեսակետները եւ դրանք փոխանցել թուրք պաշտոնյաներին: Թունա Բեքլեւիչի խոսքերով`խաղաղության եւ բարեկամության համար երկխոսություն է անհրաժեշտ. «Մենք նրանց հետ չենք կարող հանդիպել, գոնե ձեր միջոցով ենք ուզում փոխանցել մեր ասածները: Հուսով ենք, որ իրենք այդ վերաբերմունքից կհրաժարվեն, մենք մինչեւ շաբաթ առավոտ այստեղ ենք: Կխնդրեինք, որ մեզ լսեն եւ իրենք էլ արտահայտեն իրենց մտքերը»: Հարցին, թե թուրք քաղաքական գործիչները չե՞ն վախենում, որ Հայաստան այցելելու պատճառով իրենց երկրում ճնշումների կենթարկվեն, Բեքլևիչը պատասխանեց. «Այո, նման վտանգ, սպառնալիք կա, բայց դա միայն հայ-թուրքական հարաբերություններին չի վերաբերում»: «Հզոր Թուրքիա» կուսակցությունը հիմնվել է 2006թ, իրենց խոսքերով` Թուրքիայի ամենաակտիվ քաղաքական ուժն է, որ զբաղվում է ոչ միայն հայ-թուրքական, այլ նաեւ թուրք-իսրայելական եւ այլ խնդիրներով: Նախատեսում են գծել ճանապարհային քարտեզը եւ այն ներկայացնել երկու երկրների ղեկավարություններին: «Հզոր Թուրքիա» ազգային կուսակցություն է, տարածված է ամբողջ Թուրքիայում, 4000-ից ավելի ակտիվ երիտասարդներից կազմված քաղաքական ուժ է, կուսակցության ներկայացուցիչը հույս ունի, որ ապագա ընտրություններում հաջողության կհասնեն: Կուսակցության նախագահի խոսքերով` եթե այսօր իրենք Թուրքիայում ընդդիմություն են, ապա վաղը կարող են իշխանություն լինել եւ ինչ-որ բան ստորագրել. «Եթե այդպիսի իրավիճակ ստեղծվի, վաղը մյուս օր իրար երեսի ինչպես ենք նայելու, եթե հարաբերությունները այսպես լարված են, մենք Հայասատան եկանք, անգամ մի բաժակ սուրճ կամ թեյ չեն հյուրասիրում»,- ասում է կուսակցության նախագահը և հավելում, որ իրենք մշտապես  Թուրքիայի հայերի կողքին են եղել, եւ Հրանտ Դինքի սպանությունից հետո ամենաուժեղ դիմադրությունը հենց իրենք են ցույց տվել: «Հզոր Թուրքիան» աշխատում է երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդման եւ սահմանների բացման համար: Այդ շրջանակներում էլ մարտին կազմակերպել են մոտ 40 հասարակական կազմակերպությունների այցը Երեւան, որից հետո ներգրավված հայ երիտասարդներին հրավիրել են Ստամբուլ: Ստամբուլում մոտ 20 հայ եւ թուրք երիտասարադների հանդիպմանը մասնակցել են թուրք պաշտոնյաներ: Այսօր նրանք պատրաստել են 31 հոդվածներից բաղկացած ծրագիր, որը նպատակը Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացուման և բարեկամությանը աջակցելն է: «Մենք պատմաբաններ չենք, քաղաքական գործիչներ ենք, մենք քաղաքական կամք ենք արտահայտում, պետք է հոգանք ժողովրդի կարիքները, պետք է փորձենք դարման գտնել: Կիսում ենք երկու կողմի վշտերը»,- ասում է կուսակցության նախագահը: Նրանք երկու ժողովրդի պահանջներից դուրս ոչ մի արտաքին ուժի ազդեցություն չեն ընդունում եւ վստահ են, որ սահմանները բացելուց հետո կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ապահովված է: Հարցին, թե ինչու իրենց կազմած հոդվածները նախ չեն քննարկել Թուրքիայի կառավարության հետ եւ նոր եկել Հայաստան, պատասխանեցին, որ իրենք այդ ուժը ունեն եւ «Թուրքիայի հարցը իրենց թողենք»: Բեքլևիչը հուսով է, որ իրենց նախաձեռնած բարեկամական շարժումը ցյուրիխյան գործընթացի երկրորդ մասն է լինելու, որով կբացվի հայ-թուրքական սահմանը: «Վստահ ենք, որ 2011թ. սահմանը բաց է լինելու, քանի որ մենք այդ ուղղությամբ լուրջ և վճռական քայլեր ենք անելու»,- հայտատարեց «Հզոր Թուրքիայի» առաջնորդը: Նրանք չեն այցելելու Եղեռնի զոհերի հուշահամալիր, չեն ցանկանում, որ սահմանի բացումը առնչվի Ցեղասպանության ճանաչման հետ, նրանք նախեւառաջ պահանջում են սահմանների բացում, իսկ մնացած թեմաները ժամանակի ընթացքում կքննարկվեն. «Մենք չենք ցանկանում, որ որեւէ հարց պատճառ հանդիսանա սահմանների փակ մնալու համար: Մենք պետության քաղաքականության ետնամասում ենք, 1915թ.-ի Եղեռնը թե հայ, թե թուրք հասարակության մեջ վնասներ է պատճառել, եւ անկասկած այս հարցերը դեռ շատ պետք է քննարկվեն, մենք քննարկման կողմնակից ենք»,- ասում է նա: Նախեւառաջ նրանք ցանկանում են քննարկել իրենց կողմից ստեղծած 31 հոդվածներից բաղկացած գործողությունների պլանը, նոր գործընթաց սկսել: Եթե նրանք հանդիպեն արտգործնախարարության ներկայացուցիչների հետ, ապա հայկական կողմի դիրքորոշումները կարող են փոխանցել Թուրքիայի պաշտոնյաններին:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված