ՈՒրբաթ, 06 դեկտեմբերի

«Տվել ենք փողը, տվեք աշխատանք»,- նախարարության պահանջն է



Յուրացման փաստով դատաքննությունը շարունակվում է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՀՀ մշակույթի նախարարության «Գուգարք» ՊՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի գործի քննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել պետական միջոցները յուրացնելու, խոշոր չափի գումարներ հափշտակելու եւ պետական հարկերից խուսափելու համար: Դատարանը հարցաքննության էր կանչել մշակույթի եւ քաղաքաշինության նախարարությունների աշխատակիցներ Սամսոն Սահակյանին ու Միքայել Ազատյանին, ովքեր նախարարությունների կողմից լիազորված են հանդես գալ իբրեւ տուժողի ներկայացուցիչներ: Ըստ մեղադրանքի` 2006-08 թթ. Հնեվանքի եւ Քոբայրավանքի վանական համալիրներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՊՓԲԸ-ին հատկացվել է 240.409.000 դրամ, որից 26.370.200 դրամն ավել ֆինանսավորում է: Բացի այդ, երկու վանական համալիրներում չի կատարվել 84.501.300 դրամի աշխատանք: Մշակույթի նախարարության աշխատակազմի իրավաբանական ու վերահսկողության վարչության պետի տեղակալ Սամսոն Սահակյանը նշված գումարի չափով քաղաքացիական հայց ներկայացրեց դատարանին: Նա անճշտություն համարեց փորձաքննության եզրակացությունը, ըստ որի` կազմակերպությանն ավել է ֆինանսավորվել 26.370.200 դրամ: Դա հիմնավորեց նրանով, որ պայմանագրերով հատկացվող գումարներից բացի, ընկերությանն այլ գումարներ են փոխանցվել պայմանագրերին կցված համաձայնագրերով: Իսկ փորձագետին այդ մասին հայտնի չի եղել: Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Միքայել Ազատյանը դատարանին տված իր ցուցմունքում հաստատեց այն մեղադրանքը, ըստ որի` Լոռու մարզի Գարգառի մշակույթի տան վերանորոգման համար նախարարության կողմից «Գուգարք» ՊՓԲԸ-ին է փոխանցվել 105.835.100 դրամ, բայց փաստացի կատարվել է 104.779.600 դրամի աշխատանք: Ըստ փորձաքննության` 1.055.000 դրամի աշխատանք չի կատարվել: Նշված գումարի չափով էլ Միքայել Ազատյանը քաղհայց ներկայացրեց դատարանին: Վկան միանշանակ բացառեց, որ կազմակերպության կողմից հնարավոր է լրացուցիչ աշխատանքներ կատարված լինեն, քանի որ պայմանագրով չնախատեսված բոլոր լրացուցիչ աշխատանքներն արտացոլվում են պայմանագրի բաղկացուցիչ մաս կազմող համաձայնագրի մեջ, իսկ Սամվել Հովսեփյանի հետ Քաղշինը նման փաստաթուղթ չի կնքել: Նախարարության ներկայացուցիչը հստակ պնդեց նախարարության պահանջը` տվել ենք փողը, տվեք աշխատանք: Ամբաստանյալ Սամվել Հովսեփյանն ու նրա պաշտպան Ադելինա Հակոբյանը խնդրեցին վկային մեկնաբանել այն հանգամաքը, որ մինչ քրգործի հարուցումը նախարարության ներկայացուցիչներից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից կազմված հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել Գարգառի մշակույթի տանն ու արձանագրել, որ նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կատարված են: Քաղշինի ներկայացուցիչը տեղյակ չէր այդ հանձնաժողովի ու նրա կողմից կատարված ուսումնասիրության մասին: Այս կապակցությամբ մեղադրող կողմը հանդես եկավ հայտարարությամբ, թե նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ թե Քաղշինի, թե մշակույթի նախարարության եւ թե համայնքի ղեկավարների կողմից թույլ են տրվել խախտումներ: Այդ արձանագրությունն էլ նրանց պարտականությունների թերացման արդյունքն է: Մեղադրող պնդեց մեղադրանքը, ըստ որի` փորձագիտական վերջնական եզրակացությամբ հիմնավորվում է, որ Գարգառի մշակույթի տանը չեն կատարվել նախագծով ու ծավալաթերթով նախատեսված աշխատանքները: Իր ցուցմունքում գործով վկա, քաղաքաշինության պետական տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնի տեսուչ Վարուժան Մուրադյանն էլ հայտնեց, որ 2009 թ. օգոստոսին հանձնարարականով երկու անգամ ուսումնասիրություն է կատարել Գարգառի մշակույթի տանը, առաջին դեպքում նախագծային աշխատանքները կատարված են եղել, բայց շեղումներով: Նրա ասելով` մի քանի չկատարված կետեր են եղել, որոնց վերաբերյալ տեղեկանք է ներկայացրել տեսչության պետին, վերջինս էլ` նախարարին: Երկրորդ ուսումնասիրության ժամանակ, նրա ասելով, փոփոխությունը կատարված էր: Միայն երկու չկատարված կետ էր մնում` կաթսայատան երկու պոմպերը չէին տեղադրված, ու դրանց միացումները չէին արված: Վկան դատարանում նաեւ նշեց, որ մշակույթի տանը նախագծային փոփոխություններ են արվել, շինարարի պահանջով իրականացվել է ծավալների համադրում: Իսկ նախաքննական մարմնին ցուցմունք էր տվել, որ ուսումնասիրություն է կատարել ու պարզել, որ կան մի շարք խախտումներ: Խախտումներից բացի պարզել է, որ կաթսայատանը տեղադրված չեն եղել 2 հատ պոմպեր, 2 հատ կրակցրիչներ, միացված չեն եղել կաթսաների ջրի միացման գծերը, գազի արտաքին ցանցը, չի կատարվել շենքի ջեռուցման համակարգի փորձարկում: Դատարանը փորձեց վկայից պարզել` տեղեկանքն ինչ-որ ձեւով, ինչ-որ տեղ գրանցվե՞լ է, թե՞ ոչ: Դժվարությամբ, մեղադրող կողմի օգնությամբ վկան պատասխանեց, որ կան ելից ու մտից մատյաններ, որոնցում հաշվառված կլինեն ուղարկվող փաստաթղթերը: Դատարանը պարզեց, որ երկու անգամն էլ տեսուչը մենակ է եղել: Սամվել Հովսեփյանն ակնարկեց, որ տեսուչը չի եղել Գարգառի մշակույթի տանը, ինքն էլ ոչ մի դիտողություն չի ստացել տեսչության կողմից£ Դատարանում, որպես վկա, ցուցմունք տվեց նաեւ Ալվարդ Խլոպուզյանը: Ըստ մեղադրանքի` Սամվել Հովսեփյանը 2008 թ. մարտի1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը Թումանյան քաղաքի բնակիչ Ալվարդ Խլոպուզյանին, ձեւականորեն ձեւակերպելով «Գուգարք» ՊՓԲԸ-ում` որպես գանձապահ, նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրել` 375.757 դրամ, ու յուրացրել: Վկան ցուցմունք տվեց, որ աշխատանքային պայմանագիր չի կնքել, աշխատանքային պարտավորություններ չի կատարել ու աշխատավարձ էլ չի ստացել: Ինքը համաձայն է եղել նույնիսկ առանց աշխատավարձի ձեւակերպվել որպես հաստիքային աշխատող, քանի որ Զբաղվածության կենտրոնում նրան որպես չաշխատող հաշվառելու համար մեկ տարվա աշխատանքային ստաժ են պահանջել: Ինքն էլ խնդրել էր ամուսնուն` «Գուգարք» ՊՓԲԸ-ի աշխղեկ Աշխարհիկ Նիազյանին, որ ընկերությունում իրեն ձեւակերպեն որեւէ հաստիքով` թեկուզ պահակ կամ հավաքարար: Ամիսներ հետո, երբ բանվորների աշխատանքային գրքույկների հետ իր գրքուկն էլ են վերադարձրել, նոր միայն իմացել է, որ ընկերությունում ձեւակերպված է եղել որպես գանձապահ է: Պաշտպան Ադելինա Հակոբյանը, հիմք ընդունելով դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի` աշխատավարձի ցուցակում մեկ ամսվա 40 հազար դրամ աշխատավարձի դիմաց դրված ստորագրությունը պատկանում է Ալվարդ Խլոպուզյանին կամ նրա ամուսնուն, փորձեց պարզել` ստացե՞լ է նա այդ գումարը: Վկան պնդեց, որ երբեք ոչ մի աշխատավարձի ցուցակում չի ստորագրել եւ աշխատավարձ չի ստացել: Բանվորների աշխատավարձի ցուցակում էլ իր անունը երբեք չի եղել: «Եթե իմ ամուսինը մի տարի աշխատավարձ չի ստացել, ինչպե՞ս պիտի կնոջ աշխատավարձն ստանար»,-զարմացավ Խլոպուզյանը: Սամվել Հովսեփյանին նկատմամբ մեղադրանք է հարուցվել Մշակույթի նախարարության դիմումով: Նախարարության ներկայացուցիչ Սամսոն Սահակյանը դատարանում խոսեց լրացուցիչ փորձաքննություն նշանակելու, կատարված աշխատանքների ծավալները վերանայելու մասին: Կարծիք հայտնեց, որ նախագծի հեղինակի ու տեխնիկական ղեկավարի հետ Սամվել Հովսեփյանն էլ պետք է մասնակցի ուսումնասիրությանը, որպեսզի վերջնականապես ճշգրտվեն կատարված աշխատանքի ծավալները: Իսկ ամբաստանյալի կողմից խոշոր գումարների, դրանց յուրացման մեղադրանքի մասով Սամսոն Սահակյանը նշեց, թե «ինքը կարա փոխանցված գումարը լրիվ ուրիշ բանի վրա ծախսի, ուրիշ գումարով էլ պահանջվող ծավալները տա»: Նա նույնիսկ դրական արտահատվեց անցյալում Սամվել Հովսեփյանի կատարած աշխատանքի վերաբերյալ. «2006-07թթ. շատ լավ էլ աշխատել է: Լավ ծավալներ է տվել»: Ու եթե ամբաստանյալը` Սամվել Հովսեփյանը, նման իրավիճակում է հայտնվել, ապա, պաշտոնյանի կարծքիով, միայն իր մեղքով. աշխատողներ էլ ուներ, ֆինանսավորում էլ, եթե աշխատանքը ճիշտ կազմակերպեր, նման խնդիրներ չէին առաջանա: Ըստ նրա` խախտումեր նկատվել են միայն 2009-ին. «2007-ին, եթե տեսնեին` պրոբլեմ կա, համոզված եղեք, որ կնայեին, կստուգեին, գործից կհանեին, բայց 2008-ին էլ են պայմանագիր կնքել նրա հետ»,- ասում է մշակույթի նախարարության ներկայացուցիչը եւ ավելացնում է. «Եթե 2007-ի ծավալը չկատարեր, հետո ինչպե՞ս 2008-ի ծավալը կաներ»: Սամսոն Սահակյանի ներկայացմամբ` ստացվում է, որ ամբաստանյալ Սամվել Հովսեփյանի կողմից 84.501.300 դրամի չկատարված աշխատանքը վերաբերում է միայն 2009-ին, քանի որ «Գուգարք» ՊՓԲԸ-ի հետ 2006-ին կնքելով առաջին պայմանագիրը, նախարարությունն այնուհետեւ նրա հետ պայմանագրեր է կնքել նաեւ 2007-ին ու 2008-ին, ընդ որում` յուրաքանչյուր վանական համալիրի համար առանձին պայմանագիր:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված