Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Իրանցի նկարիչը արդեն 8 տարի է` ժպիտ է «գողանում» Հայաստանում



Չարենցի փողոցով Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին տարիներ ի վեր «բնակություն են հաստատել» երեք փչացած տրակտորներ` կարմիրը, կապույտը և սպիտակը` ջարդուխուրդ եղած և թաղված աղբի մեջ: Իրանցի նկարիչ, գրա‎ֆիկ-դիզայներ Ալի Անասրիի աչքից չի վրիպել երևանյան «գեղեցիկ» տեսարանը:

Նա հետաքրքիր կոմպոզիցիա է նկատել, որն անուշադրության է մատնված, և եթե մի փոքր բան ավելացնի, ապա մարդիկ մի պահ կանգ կառնեն, կնայեն, գոնե չեն աղտոտի առանց դրա էլ կեղտոտ տարածքը: «Ես չեմ կարող բուժել, բայց արվեստն օգնում է, մի քիչ թեթևացնում է ցավը, կյանքը հետաքրքիր է դարձնում: Երբ մարդիկ առավոտյան դուրս են գալիս տնից, նյարդային են լինում, ամեն մեկը տարված է իր խնդիրներով, հոգսերով, բայց կարող են տեսնել քո արածը և ժպտալ: Ես ժպիտ եմ գողանում մարդկանցից»,- ասում է Ալին: Իսկ ժպիտ այս անգամ նա գողանում էր` մեքենաների վրա պարսկերենով և հայերենով հատվածներ գրելով իրանցի գրող Հաֆեզի պոեմից: Գրա‎ֆիկ-դիզայները համարում է, որ մեծ բան չի անում, բոլորն էլ կարող են անել, ինքը փողոցում նկարում է նախ իր համար, իսկ երբ հեռանում է տվյալ վայրից, նկարածն արդեն դառնում է բոլորինը: Ալի Անսարին ծնվել է Իրանում, սովորել գրաֆիկ-դիզայն, ինքուրույն որոշել, որ պետք է գա և ապրի Հայաստանում: «Բոլորն ասում էին, որ իմ մասնագիտությամբ միայն պանիր ու հաց կուտեմ, չեմ կարողանա ապրել, բայց ես ասում էի` ոչինչ, ես համաձայն եմ դրան»,- հիշում է Ալին: Ընտանիքում 4 երեխա են: Ալի Անսարին մանկուց սիրել է նկարել: Ամենից շատ սիրել է նկարել թերթերի վրա: Ծնողները միշտ նախատում էին` ասելով, որ թերթերում կարևոր բաներ են գրված, դրանք չփչացնի, ազատ տեղերում նկարի: «Հետո մեծացել եմ, թերթերի վրա էլ եմ հանգիստ նկարում, գրածների վրա էլ, փչացնում եմ, ինչ ուզում եմ, անում եմ. արդեն իմ փողով եմ գնում դրանք»,- պատմում է 30-ամյա Ալին: Իրանում նկարչին օդը չէր հերիքում, ու մի օր էլ զգացել է, որ այլևս չի կարող ապրել այնտեղ: «Ինձ հանգիստ չէի զգում, դժվար էր: Այնտեղ սահմանները շատ են, դրանք չես կարող անցնել, իսկ Հայաստանում սահմանը անսահմանությունն է, ինձ համար ազատությունն ամեն ինչ է: Այստեղ ոչ մի խնդիր չեմ ունեցել, ոչ մեկը չի եկել ասել, թե ինչի ես էդ ֆիլմը նկարում, իսկ Իրանում գալիս են ստուգում, թե ինչ երաժշտություն ես օգտագործում, ինչ թեմա է, ովքեր են խաղում»,- պատմում է Ալին: Նա որպես բնակավայր Հայաստանն է ընտրել ոչ միայն ազատության, մշակութային ակտիվ կյանքի, այլև Իրանին մոտ լինելու, վիզա հեշտությամբ ստանալու համար:

«Արվեստով Հայաստանում փող չես կարող աշխատել, նույնիսկ Իրանում կարող ես, բայց ոչ այստեղ»

2002 թ. Ալիի հայաստանյան կյանքը սկսվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանից: Հայաստանում ապրած առաջին երեք տարին լի է եղել դեպրեսիայով: Հայերեն չգիտեր, ուսման հարցը չէր ստացվում լուծել, ոչ մեկին չէր ճանաչում, որևէ բան բացատրելու համար էլ մասնագիտությունն էր գործի դնում` նկարում էր այն, ինչ ուզում էր բառերով ասել: Օրինակ` գեղեցկության սրահում նկարելով բացատրեց, թե ինչ ձևով է ուզում, որ վարսահարդարը կտրի մազերը: Ալին այժմ սովորում է Գեղեցիկ արվեստների ակադեմիայում: Հայաստանն Ալիի համար շատ ազատ երկիր է, և երբ հայաստանցիները բողոքում են իրենց անազատությունից, նա ասում է` գնացեք և մեկ ամիս ապրեք Իրանում: Պարզվում է` Հայաստանի օդն էլ շատ ավելի մաքուր է, քան Իրանի օդը: Իրանցի երիտասարդներն անհամեմատ ավելի ակտիվ են, քան հայ երիտասարդները. Ալիի խոսքերով, չնայած այնտեղ ամեն ինչ անում են` խեղդելու երիտասարդներին, բայց նրանք ելքեր են փնտրում: Մինչդեռ հայ երիտասարդները չեն օգտագործում իրենց հնարավորությունները: Այս ամենով հանդերձ, նա 8 տարվա ընթացքում Հայաստանում շատ փոփոխություններ է տեսնում, բավականին աշխուժություն է նկատում մշակութային կյանքում, «Ոսկե ծիրան», «Հայֆեստ», «Ռեանիմանիա» փառատոներն են անցկացվում, մարդկանց դեմքերն են փոխվել: 8 տարի առաջ շատ էին ծիծաղում Ալիի երկար մազերի վրա, իսկ հիմա` ավելի քիչ: Արկածախնդիր և համարձակ նկարիչը մեծ տեղ է տալիս ռիսկի գործոնին: Հենց ռիսկն էր նրան բերել Հայաստան, հիմա էլ որոշել է երկու տարուց հետո գնալ այստեղից: Այս անգամ ռիսկը նրան տանելու է Իտալիա, Ֆրանսիա, Նյու Յորք... «Կյանքը շատ կարճ է, պետք է ամեն ինչ հասցնենք տեսնել: Սովորել միշտ էլ պետք է, բայց ոչ միայն համալսարանում»,- ասում է Ալին: Նա հուսով է, որ իր աշակերտները կշարունակեն զբաղվել գրաֆիկ-դիզայնով, և այդպիսով գոնե մի բան էլ ինքը տված կլինի Հայաստանին: «Այստեղ ես իմացա` ով եմ, ինչպես կարող եմ խնդիրները հաղթահարել: Հայաստանը ինձ օգնեց սև ու սպիտակ չլինել: Այստեղ եմ մեծացել, մտածելակերպս այստեղ է ձևավորվել: Բայց արվեստով Հայաստանում փող չես կարող աշխատել, նույնիսկ Իրանում կարող ես, բայց ոչ այստեղ, քանի որ շուկան շատ փոքր է»,- ասում է նա:

Արտիստը ամեն ինչ է անում

Ալին նկարչության ոլորտում իր ուսուցիչներ է համարում Ռեմբրանդտին, Միքելանջելոյին, Դա Վինչիին, իսկ գրաֆիկայի ոլորտում շատ բան սովորել է ճապոնական գրաֆիկայից: Ալին ավելի շատ նկարազարդումներ ու քաղաքային դիզայն է անում: Մոտ 70 նկարազարդում ունի, 100 գրաֆիկական աշխատանք: Այժմ ստեղծագործություններում փորձում է միացնել Հայաստանն ու Իրանը: «Տեսնենք` ինչ կստացվի»,- ասում է Ալին: Աշխատում է նաև իրանցիների հետ, գրքեր, ամսագրեր է նկարազարդում, աշակերտներ ունի, մասնակցում է ցուցահանդեսների, տարբեր փառատոների («Մի մետր քառակուսի»,»Հայֆեստ»): ՆՓԱԿ-ը նրա երկրորդ տունն է, այնտեղ ասիստենտ է աշխատում: Ալին զարմանում է, որ հայաստանյան գյուղերում կանայք կարպետ են գործում, հագուստ կարում, բայց նրանք չեն սովորել ոչ մի տեղ, այդ կանայք արվեստից տեղյակ էլ չեն, բայց մի ներքին էներգիայով ամեն ինչ շատ ճիշտ ու կատարյալ են անում: Հետաքրքիր պատկերներ, ճիշտ ընտրված գույներ: Ալին նկարում է պատերի, դալանների, մեքենաների վրա, մի խոսքով` որտեղ ձեռքը հասնում է: Պատմում է, թե ինչպես գիշերվա ժամը 3-ին նկարում էր Երևանի բակերից մեկում, պատուհանից նայող կանանց էլ ասում, թե իրեն պատվիրել են, ինքն էլ գործ է անում, իսկ կանայք էլ զարմանում էին, որ հենց այդ ժամին են պատվիրել: Ալին սիրում է լսել և երգել հայկական ժողովրդական և հայ հեղինակային կատարողների երգերը: Փողոցներում նկարելիս Ալին միշտ աշխատում է, որ իր արածը չխանգարի ոչ մեկին, չփչացնի քաղաքը: Եթե երևանցիներն էլ այդպես վերաբերվեին իրենց քաղաքին, ապա այն, իրանցի նկարչի համոզմամբ, ավելի գեղեցիկ ու մաքուր կլիներ: Նկարելուց հետո վերադառնում է նույն տեղը, որ տեսնի` ինչ է ստացվել: Պատահում է, որ ամաչում է իր արածի համար, պատահում է, որ ասում է` վատ չէ: Անունը չի գրում նկարների տակ, ասում է` դա կարևոր չէ: «Ալին կյանքում և Ալին արվեստում նույնն է, ոչ մի տարբերություն: Ալին այն է, ինչ կա` համակ անկեղծություն է»,- ասում է նրա մոտ ընկերը` Արփան: Ալիի գրաֆիկական աշխատանքները հասարակ են: Վերնաշապիկի վրա գրված է` աշխարհը սուրբ է: Ալիի գրաֆիկական աշխատանքների առանցքում մարդն է, հարաբերություններ, խնդիրներ, փորձում է մի քիչ էլ հումոր մտցնել: Հայաստանը Ալիի համար նշանակալից էր նաև նրանով, որ այստեղ առաջին անգամ փորձեց իր դերասանական ու ռեժիսորական հմտությունները: Կարճամետրաժ ֆիլմեր է նկարում, ՆՓԱԿ-ի թատրոնում է խաղում. «Ես ոչ դերասան եմ, ոչ ռեժիսոր, ոչ նկարիչ, լավագույն դեպքում արտիստ եմ, իսկ արտիստը ամեն ինչ է անում»,- ասում է Ալին: Նա ուզում է Հայաստանում լիամետրաժ ֆիլմ նկարել հույսի մասին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված