ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի մարդու գենետիկ կոդը որոշելու համար 60 հազար եվրո է պետք



Արենիի պեղումները սկսվել են 2007 թ., ուշադրությունը այս հուշարձանի նկատմամբ մեծ է, քանի որ մասնագետների խոսքերով` այն օրիգինալ հուշարձան է: Եթե սովորաբար պեղումները մի քանի ամիս են տեւում, ապա այս անգամ ավելի երկար են տեւել: Պեղումները իրականացնում են միջազգային ծրագրի շրջանակներում` Կալիֆոռնիայի եւ Իռլանդիայի համալսարանների հետ համատեղ: Այս տարվա աշխատանքները եւս հուսախաբ չարեցին հետազոտողներին, հսկայական քանակությամբ նյութ է հանվել, որը մեծ նշանակություն ունի ինչպես հնագույն Հայաստանի, այնպես էլ Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների, մշակույթի ձեւավորման համար: «Մենք պեղում ենք մի հուշարձան, որտեղ գտնված նյութերը բացառիկ տվյալներ են տալիս ուսումնասիրողներին` այդ ժամանակաշրջանի վերաբերյալ տեղեկություններ իմանալու համար: Այն շատ օրիգինալ մի բան է, այսպիսի շանս պատմությունը մեկ անգամ է տալիս»,- ասում է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Այս տարի մեծ ծավալով են աշխատել, պեղել են 4 քարայր, ամեն տարվա պեղումները փոխում են պատկերացումները հուշարձանի մասին: Այս տարվա պեղված անոթները բավական հետաքրքիր տվյալներ են հաղորդում, մարդկային մնացորդներ կան, գործվածքներ, շորեր: Շատ հետարքիքր տվյալներ կան նաեւ հնագույն սովորույթների մասին. «Երեխաները թաղված են հիմնականում ամբողջությամբ, մեծահասակներն էլ մասնատված են թաղված»,- ասում է նույն ինստիտուտի գիտաշխատող, հնագետ, արշավախմբի հայկական կողմի ղեկավար  Բորիս Գասպարյանը: Այս տարի աշխատանքներին շատ են խանգարել այցելուները: Երբ զբոսաշրջիկները գալիս են երեկոյան, եւ արշավախումբը այնտեղ չի լինում, հնարավոր է` նրանք մտնեն, նայեն  եւ վնասեն այնպիսի մի նյութ, որն այլեւս վերականգնել հնարավոր չլինի: Այժմ որոշվել է քարայրի մուտքը փակել, քանի որ առանց մասնագետի ուղեկցության այնտեղ մտնելը լի է վտանգներով: Հնագետներն ասում են, որ ընդհանրապես այդ տարածքը զբոսաշրջության հիանալի օբյեկտ կարող է դառնալ, բայց առայժմ այնտեղ ուսումնասիրություններ են կատարվում: Գտնված նյութերը բավականին հետաքրքիր տվյալներ կհաղորդեն հնագույն աշխարհի մարդու, նրա տնտեսական գործունեության, մշակույթի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է եղել այդ ժամանակարշրջանի մարդը, նրա կենցաղը, ո՞րն է եղել այն կենդանին, որին ընտելացրել է, ի՞նչ է հագել, հին արհեստների մասին, տեքստիլի մասին: Գտածոները թվագրում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջ եւ 4-րդի սկիզբ, չնայած սա վերջանական թիվ չէ, դեռ սպասում են ուսումնասիրությունների վերջնական արդյունքներին: Պեղումների ընթացքում նաեւ մարդու մազեր, մաշկ է  հայտնաբերվել, մարմնի մասեր, որոնք բավական լավ են պահպանվել եւ հնարավորություն կտան իմանալ մ.թ.ա. 4-րդ հազարամյակի մարդու գենետիկ կոդը: «Նյութի պահպանվածությունը թույլ կտա պարզել ամբողջ գենետիկ կոդը: Խնդիրը հետեւյալն է, դա բավականին թանկ արժե: Դա մեկ լաբորատորիայի խնդիր չէ, դրա համար պետք է մեկ ամբողջ ինստիտուտ աշխատի, եւ այն արժե 60 հազար եվրո»,- ասում է Բորիս Գասպարյանը: Նա նշում է, որ այդ գումարը շատ դժվար է գտնել,  պետք է որոշել` ուզու՞մ ենք դա ունենալ, թե՞ ոչ: Մարդու գենետիկ կոդը աշխարհում մի անգամ է որոշվել. Իռլանդիայում մ.թ.ա. 6-րդ հազարամյակի լավ պահպանված մարդու մարմնով պարզել են նրա գենետիկ կոդը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված