Շաբաթ, 07 դեկտեմբերի

Աղմկահարույց սպանության դատական նիստերը վերսկսվել են



Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, հոկտեմբերի 22-ին շարունակվեց Ալավերդու աղմկահարույց սպանություններից մեկի` ալավերդցի Սպարտակ Մանուչարյանի գործը: Նա մեղադրվում է անցյալ տարվա հուլիսին Կարեն Սոխակյանին սպանելու համար: Հիշեցնենք` այս տարվա հունվարի 14-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի հրապարակում ալավերդցի Էդիկ Միրաքյանի հրազենային կրակոցով սպանեց  Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբորը` Վահե Մանուչարյանին: Եղբոր սպանությունից հետո Սպարտակ Մանուչարյանը նախաքննական մարմնին նոր ցուցմունք է տվել, ըստ որի` Կարեն Սոխակյանին սպանել է ոչ թե ինքը, այլ մահացած եղբայրը: Դատարանում Սպարտակ Մանուչարյանը պնդում է հենց այս ցուցմունքը: Տուժողի իրավահաջորդը` Կարեն Սոխակյանի քույրը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ամիսներ շարունակ ամբաստանյալի կողմից դատաքննությունը միտումնավոր հետաձգվում է` շահերի պաշտպան չունենալու պատճառով: Իսկ այն բանեիվ հետո, երբ ամբաստանյալի շահերի պաշտպանությունը ստանձնել է Արթուր Աթաբեկյանը, դատարանը վերջինիս հատկացրել է մոտ 1 ամիս` գործի նյութերին ծանոթանալու համար. «Սրա հետ մի 5-6 անգամ էլ պաշտպան Աթաբեկյանն անհարգելի դատական նիստերին չի ներկայացել» ,- դժգոհում է տուժողի իրավահաջորդը: Գործում ներգրավված 4 վկաներից դատարանում հարցաքննվել է միայն մեկը` Արծրուն Մատինյանը: Վկա Վոլոդյա Ջամալյանը հոկտեմբերի 4-ի նիստին հնարավորություն չի ստացել ցուցմունք տալու, քանի որ նիստը հետաձգվել է պաշտպանի չներկայանալու պատճառով: Իսկ մյուս երկու վկաների` Սեդա եւ Քրիստինե Մատինյանների վերաբերյալ նույն օրը դատավորը կայացրել է բերման ենթարկելու որոշում: Նախորդ` հոկտեմբերի 22-ի նիստում դատարանը հրապարակեց վկա Վոլոդյա Ջամալյանից ստացած տեղեկանքը, ըստ որի` առողջական խնդիրների պատճառով նա չի կարող ներկայանալ դատարան: Ոստիկանությունից էլ հայտնել են, որ Քրիստինե Մատինյանը, ըստ մոր հայտարարության, հանրապետությունում չէ, իսկ Սեդա Մարտինյանը, որոշման համաձայն, ենթարկվել էր բերման: «Դանակը բկիս էլ դնեն, այս սպանությունից բան չեմ հիշում: Արդեն 1,5 տարի անցել ա, մի բան էլ ա համարյա հիշում չեմ»,- ցուցմունքի սկզբում հայտարարեց վկան: «Այսօր Դուք դատարանում կաշկանդված եք, կա՞ խոչընդոտ, էդ խոչընդոտը վերացնենք»,- հարցրեց դատավորը: «Խնդրում եմ էլ ինձ մի կանչեք, գրածս հիմք ընդունեք ու պրծնենք»,- ասաց վկան: Մեղադրողի առաջարկությամբ հրապարակվեց վկա Սեդա Մատինյանի նախաքննական երկու ցուցմունքները: «Ժամը 24-ին լսեցի կրակոցներ, վեր թռա, լսեցի Քրիստինեի ձայնը, որը դեպի տուն էր գալիս: Շտապ դուռը բացեցի:  Քրիստինեն լացելով ասաց, որ Կարենի վրա կրակել են: Պատշգամբից դուրս նայեցինք և տեսանք Կարենի մեքենան խփել էր աղբարկղին: Դրանից հետո իմացա, որ նրան սպանել է մեր շենքի բնակիչ Սպարտակ Մանուչարյանը»,- քննիչին պատմել էր նա: Իր առաջին ցուցմունքում Սեդա Մատինյանը, չի ասել, թե ումից է լսել, որ Կարեն Սոխակյանի վրա կրակել է Սպարտակ Մանուչարյանը: Իսկ արդեն 2-րդ ցուցմունքում նշել է. «… Ես քնեցի և արթնացա ուժեղ կրակոցների ձայնից: Գոռացի` էս ինչ է, ոնց որ ականջիս տակին կրակեցին: Զարթնեց նաև ամուսինս: Այդ պահին տուն եկավ նաև աղջիկս, նա անհանգստացած, գոռալով ասաց` մամա, Կարենին խփեցին: Դրանից հետո նա վատացավ: Քրիստինեն մեզ պատմել է, որ ինքն իջել է մեքենայից և մի քանի քայլ անելուց հետո կրակոցի ձայն է լսել և շրջվել: Նորից կրակահերթեր է եղել: Տեսել է, որ կրակում է մեր շենքի բնակիչ Սպարտակ Մանուչարյանը»: Թե ինչու առաջին ցուցմունքում Սեդան չի գրել, որ աղջիկը տեսել է կրակողին` Սպարտակ Մանուչարյանին, վկան պարզաբանեց հետեւյալ կերպ. «Առաջին ցուցմունքում չեն հարցրել, չեմ պատասխանել»:  Դատավոր Հարությունյանը հարցրեց. «Ձեր ցուցմունքները, որ ընթերցվեցին, տարբերվում էին ոչ թե հակասության առումով, այլ լրացնելու առումով: Հիմա Ձեր ցուցմունքներում կա՞ր մի բան, որը կարդացվեց, բայց սուտ է»: Ի պատասխան` վկան հայտարարեց` չկա: Դատարանը որոշեց հրապարակել նաև վկաներ Վոլոդյա Ջամալյանի և Քրիստինե Մատինյանի նախաքննական ցուցմունքները, ինչին դեմ էր ամբաստանյալի ամբաստանյալի պաշտպանը: «Դատարանը նաև ողջամիտ ժամկետում գործը քննելու պարտավորություն ունի, ընդ որում` այստեղ ամեն ինչ արվել է, որպեսզի ամբաստանյալի իրավունքները չոտնահարվեն: Բայց չմոռանանք նաև տուժող կողմի իրավունքերի մասին»,- ասաց դատավորը: Ամբաստանյալի պաշտպան Աթաբեկյանը միջնորդեց նիստը հետաձգել, ինչը դատարանի կողմից չընդունվեց: Վկաների ցուցմունքները հրապարակվեցին: Այնուհետև դատավոր Հարությունյանը որոշեց հրապարակել գործում եղած ապացույցները, ինչին Արթուր Աթաբեկյանը կրկին դեմ էր: Նա կրկին միջնորդեց նիստը հետաձգել` պառճառաբանելով, թե պատրաստ չէ գործում եղած նյութերի վերաբերյալ ներկայացնել գրավոր առարկություններ:  Միջնորդությունը նորից մերժվեց, իսկ մեղադրող Մհեր Դավթյանը հրապարակեց գործում առկա ապացույցները: Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 25-ին:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված