Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Նոր Ընտրական օրենսգրքով մի քանի քայլ առա՞ջ ենք գնում



Ընտրական օրենսգիրքը կարեւորագույն իրավական ակտն է, այն ապահովում է գործընթացը, մշտապես կարող է ենթարկվել փոփոխությունների  եւ բարելավվել, որպեսզի սրընթաց զարգացող աշխարհին համահունչ լինի: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերով` Ընտրական օրենսգրքի փոփոխություններով մի քանի քայլ առաջ ենք գնում: Վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ միջազգային մի շարք դիտորդական կազմակերպություններ ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնք միտված են եղել Ընտրական օրենսգրքի բարելավմանը: Ամենակարեւոր  կետը, ինչպես նշեց ՀՀԿ պատգամավոր Հ. Սահակյանը, ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգն է` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ Տեղամասային ընտրական հանձնաժողով. եռաստիճան համակարգը պահպանվել է, ձեւավորման կարգն է փոփոխվել: «Եթե նախկինում Կենտրոնական եւ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ձեւավորում էին քաղաքական թիմերը եւ նրանց ներկայացուցիչները, ապա այսօր դրանք ավելի պրոֆեսիոնալ են»,- ասում է պատգամավորը: Կենտրոնական եւ Ընտրատարածքային հանձնաժողովները կազմված են 7-ական անդամից: Մարդու իրավունքների պաշտպանը, Վճռաբեկ դատարանի նախագահը յուրաքանչյուր հանձնաժողովի համար 5-ական անդամ են ներկայացնում, իսկ երկրի նախագահը ընտրում է 7 թեկնածուների, որոնք էլ ձեւավորում են Կենտրոնական եւ Ընտրատարածքային հանձնաժողովները: Տեղամասային ընտրական հանձնաժողովը ներկայացնում են քաղաքական թիմերը, այդ դեպքում` ընդդիմությունը չի կարող ունենալ ոչ տեղակալ, ոչ նախագահ, ոչ էլ քարտուղար: Նոր օրինագծով` Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմվելու են մասնագիտական մոտեցմամբ: Անդամներից երկուսը պետք է լինեն իրավաբան, երկուսը պետք է լինեն կին, պետք է ակտիվ զբաղված չլինեն քաղաքական կյանքով, ունենան համայնքային ծառայողի ստաժ: Մինչեւ նոյեմբերի 11-ը առաջարակություններ ներկայացնելու ժամանակ կա: Ընդդիմությունից եւս կան առաջարկություններ, որոնք հակասական են: Օրինակ` մեկ ընդդիմադիր ուժ պնդում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները պետք է ձեւավորեն քաղաքական թիմերը, իսկ մյուսը պնդում է, որ քանի որ ընտրության պատասխանատվությունը կրում է պետությունը, ապա պետք է լինեն պրոֆեսիոնալներ: Եթե նախկինում գովազդային պաստառները փակցնելու համար քաղաքական թեկնածուն դիմում էր համայնքի ղեկավարին եւ նա էր հատկացնում, ապա  այսօր դրա հավասարության սկզբունքն էլ պաշտպանված է: Համայնքի ղեկավարը նախապես պետք է հայտ ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հետագայում համամասնորեն բաժանվի բոլոր քաղաքական թեկնաժուներին, եւ նրանք ունենան հավասար պայմաններ: Կանանց մասնակցությունը օժանադակելու համար եւս օրինագծի մեջ փոփոխություններ կան: «Հանրապետական կուսակցությունը քաղաքական որոշում է կայացրել, որ ընտրական ցուցակների մեջ առաջին տասներորդը լինի կին, այնուհետեւ ամեն վեցերորդը»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը: Հովհաննես Սահակյանը նաեւ նշեց, որ նախագծի այս տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության, որեւէ էական առարկություններ չեն եղել: Հետագայում Կենտրոնական հանձնաժողովը իր ենթաօրենսդրական ակտերի միջոցով կկոնկրետացնի այս օրինագիծը: Հովհաննես Սահակյանն ասաց, որ չի բացառվում, որ լինեն նաեւ հանրային լսումներ, նախագիծն անցնելու է քննարկման բազմաթիվ փուլեր, որպեսզի վերջնական տարբերակով ընդունված օրենսգիրքը ընդունելի լինի բոլորի համար: «Մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն, այս օրենսգրքի փոփոխումը նաեւ դրան է միտված: Վստահության մթնոլորտի ձեւավորողը յուրաքանչյուրն է, այդ թվում` եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված