ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Միջազգային հանրության համար «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը չարյաց փոքրագույնն է



Կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ԼՂ-ի խնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների հիմքում քաղաքագետը երկու պատճառ է առանձնացնում. օգոստոսի 20-ի հայ-ռուսական արձանագրությունների ստորագրումը եւ սեպտեմբերի 24-ի Օբամա-Ալիեւ հանդիպումը, իսկ մնացած իրադարձությունները կարելի է դիտարկել այդ համատեքստում: «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական փաստաթղթի ստորագրումը մեսիջ էր Ադրբեջանին, որ Ռուսաստանը եւս շահագրգռված է այս ստատուս քվոյի պահպանությամբ: Օբամա-Ալիեւ հանդիպումը Ադրբեջանի համար նշանակություն ուներ իրենց լեգիտիմության, Ամերիկայի հետ հարաբերությունների առումով»,- ասում է Սերգեյ Մինասյանը: «Այցը մի փորձ է ակտիվացնելու կամ գոնե շարունակելու այն բանակցային գործընթացը, որի գլխավոր նպատակը հենց գործընթացն է, այլ ոչ թե ինչ-որ արդյունք, դա կողմերն էլ գիտեն»,- նշում է քաղաքագետը ու հավելում, որ արդյունք մոտակա ժամանակներում դժվար է ակնկալել, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ գնալ այն աստիճանի զիջումների, որոնք կհամապատասխանեին մյուս կողմի պահանջներին, եւ դժվար թե տարածաշրջանում ինչ-որ ֆորսմաժոր լինի, որը փոխի այդ իրավիճակը. «Ադրբեջանը իր բոլոր լծակներից ներկայումս Հայաստանի հանդեպ ունի մեկուկես լծակ, մեկը ռազմական ռեւանշն է, իսկ կեսը Թուրքիայի հետ Հայաստանը տնտեսական շրջափակման ենթարկելը»: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, ապա այն արվել է անգլերենով, իսկ անգլերենում օկուպացված բառը նշանակում է գրավված, քաղաքագետը  որեւէ կրիմինալ այդ արտահայտության մեջ չի տեսնում: Ստեփանակերտ-Խանքենդի անվանման մասին քաղաքագետը նշեց, որ կարեւոր է, որ Ստեփանակերտը կա, իսկ մյուս կողմից` նրա կարծիքով` համանախագահները ստիպված են ինչ-որ տեխնիկական բաներ անել, որ ցույց տան Ադրբեջանին, որ այդ առաքելությունը ինչ-որ չափով բխում է Ադրբեջանի շահերից. «Ալիեւը միշտ խոսում է պատերազմի մասին, իսկ այդ պատերազմը չի սկսվում, պետք է բացատրի սեփական ժողովրդին, որ իբր իրենց ճնշման տակ այդպես են անվանել: Դա չի հակասում մեր շահերին, կարեւորն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է»: Նրա խոսքերով` Հայաստանի համար դրական է այն, որ բանակցային գործընթացը շարունակվում է, համանախագահները եւս ասում են, որ խաղաղ կարգավորումը եւ բանակցային գործընթացը թիվ մեկ խնդիրն են, եւ ոչ ոք չի թողնելու ռազմական գործողությունների վերսկսում: Քաղաքագետի խոսքերով` կողմերից ոչ մեկը չի կարող սկսել պատերազմ, քանի որ կա ռազմատեխնիկական եւ ռազմական բալանս, քաղաքական սահմանափակումներ: Միջազգային հանրության համար «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը չարյաց փոքրագույնն է: Նա նշում է, որ այն ստատուս քվոն, որ կա Լեռնային Ղարաբաղի գոտում, իրականում համապատասխանում է բոլոր ուժերին, նույնիսկ Թուրքիային, միայն Ադրբեջանն է, որ փորձում է արհեստականորեն իրավիճակը փոխել, սակայն չի ստացվում. «Ադրբեջանն իրավունք չունի եւ ոչ ոք չի թողնելու, որ Ադրբեջանը սկսի նոր ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի գոտում, դա ասված է նաեւ Օբամայի կողմից»: Սերգեյ Մինասյանն ասում է, որ մտահոգվելու կարիք չկա, որովհետեւ այն իրավիճակը, որը կա ներկայումս, հայկական կողմին ձեռնտու է: Իսկ ԼՂ-ի անկախության հարցի բարձրացումը ԱԺ-ում ավելի շատ ներքաղաքական խնդիր է, այն էականորեն չի կարող փոխել բանակցային գործընթացը: Մինչեւ դեկտեմբերին կայանալիք Աստանայի գագաթնաժողովը նոր փոփոխություններ չեն լինի: «Ես բավականին մեծ կարծիք ունեմ համանախագահների մասին, կարծում եմ` ինչ-որ կրեատիվ լուծումներ իրենք պետք է գտնեն»: Վաղվա միջազգային ֆորումի մասին քաղաքագետը նշեց, որ այն ունիկալ չէ, եւ Եվրոպայի խորհրդի մասնակից երկրներում նմանատիպ ֆորումներ տեղի են ունենում: Բայց նրա խոսքերով` այդ ֆորումը նոր սրացում կբերի Հայաստանի ներքաղաքական կյանքում: Օրինակ` քաղաքագետն ասում է, որ ընդդիմությունը դա փորձելու է օգտագործել, եւ պատահական չէ, որ ՀԱԿ-ի միջոցառումներից մեկը հենց վաղն է լինելու:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված