Չորեքշաբթի, 20 նոյեմբերի

Ադրբեջանում իշխանափոխությունը կլինի իշխանության ներսում



Օգոստոսի 3-ին Ահարոն Ադիբեկյանին է դիմել ադրբեջանցի լրագրող Համիդ Համիդովը, ով աշխատում է մի շարք ինտերնետային թերթերում, եւ հայ սոցիոլոգից մեկնաբանություններ է խնդրել ղարաբաղյան հարցի վրաբերյալ: «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տված մեկնաբանությունները Համիդովը այդպես էլ չի տպագրել: Այսօրվա ասուլիսին Ահարոն Ադիբեկյանը խոսում էր Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ ղարաբաղյան հարցի մասին: Ըստ նրա` այս նոր խորհրդարանի կազմը չի վերընտրվելու լրիվ, կլինեն որակական փոփոխություններ: «Իշխանափոխությունը մեզ մոտ էլ, նրանց մոտ էլ կլինի իշխանության ներսում, ընդդիմադիրներն այնտեղ անելիք չունեն»,- ասում է բանախոսը: Ադիբեկյանը նշում է, որ նոր ընտրված պատգամավորներն էլ ղարաբաղյան հարցում կկրկնեն այն, ինչ ասում է իրենց նախագահը: Ադրբեջանական հաշվարկներով` իրենց իշխանական հատվածներում ամեն  4-5-րդը հայ է` կամ ծագումով, կամ ամուսնացած է հայի հետ. «Նրանց ներսում մենք դրված ենք մատրյոշկաների պես»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը: Նա նշում է, որ խրախուսելի է Ադրբեջանահայերի ասամբլեայի դիմումը` մասնակցելու ընտրություններին: Նա  «դատարկաշատախոսություն» անվանեց Ադրբեջանի այն հայտարարությունները, թե իրենք պատրաստ են ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծել: Ադիբեկյանը նշում է, որ հարձակվողը երբեք չի հայտարարում դրա մասին: «Դա ներքին օգտագործման համար է, թուրքական աշխարհին փորձում է իր պարտությունը սպիտակեցնել»,- ասում է սոցիոլոգը: Նա նշում է, որ գոյություն ունի «ադրբեջանական սինդրոմ» կոմպլեքսը, երբ փորձում են իրենց պարտությունը հաղթահարել, ռեւանշ վերցնել պարտության դիմաց, դա երիտասարդ ազգին բնորոշ է: Սոցիոլոգը շեշտում է, որ այն ամբիցիոզ ծրագրերը, որոնք Ադրբեջանը դնում է, կարող են լինել 50-60 տարի հետո, բայց ոչ այսօր. «Մենք պետք է մեր ճանապարհն անցնենք, Ադրբեջանն էլ պետք է իրենը անցնի, ոչ թե ասի` մի հատ դու անցի, տեսնեմ` ուր ես գնում, նոր ես»: Նա նշում է, որ թեպետ բոլոր տերություններն ասում են, որ Ադրբեջանը պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, չեն հերքում ինքնորոշման իրավունքը, բայց հակահայկական տարբեր որոշումների եւ բանաձեւների կողքին կան նաեւ չգրված օրենքներ` եթե հողի համար արյուն ես թափել, այդ հողը քոնն է: «Բանակցությունները գնում են փակուղի, փակուղուց դուրս գալու մի տարբերակ կա` հետ գալ սկզբնական կետ, իսկ սկզբնականում մենք ունենք ինքնավար Ղարաբաղ, որը չի ուզում մնալ Ադրբեջանի կազմում, այստեղից պետք է սկսել ամեն ինչ: Հիմա մենք փակուղու մեջ ենք, պետք է դուրս գանք եւ նորից սկսենք շարժումը»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը: Ղարաբաղյան հարցի շուրջ ծավալվող բոլոր գործընթացների եւ բանակցությունների արդյունքում վերջին հաշվով, ըստ սոցիոլոգի, տառապում է ղարաբաղցին, ինչքան էլ նա հաղթող է, միեւնույն է` միշտ վախը սրտում է: Բայց Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ ուրախացնող է, որ բազմաթիվ ներդրումներ են կատարվում Ղարաբաղում: «Մոտակա տարիներին լուրջ բաներ կլինեն Ղարաբաղում, եւ դա կանեն ոչ թե հայերը, այլ օտարերկրյա ներդրողները»: Ադիբեկյանն կարծիքով` կարեւորը սահմանները չեն, այլ այն, որ ղարաբաղցին կարողանա ապրել իր հողի վրա, երեխային ուղարկի հայկական դպրոց, խոսի հայերեն, ազգությունը պահի: Ադիբեկյանն ասում է, որ մեզանում այնպիսի տպավորություն է, թե Ղարաբաղի հարցը լուծված է: Ավելին` ըստ նրա` ղարաբաղյան հարցը այսօր հավասար է էկոլոգիական խնդիրներին եւ զբաղեցնում է 12-րդ տեղը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված