Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Լիլիթ Պիպոյան. «Հիմա ես եմ ու իմ համակարգիչը»



Այսօր երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանն ու երգչուհի Լիլիթ Պիպոյանը «Հայելի» ակումբում պետք է խոսեին երաժշտության մասին: Սակայն Գիսանե Պալյանը առողջական խնդիրների պատճառով չէր եկել և իր փոխարեն ուղարկել էր «Էմփիռեյ» խմբի հիմնադիր անդամ, կիթառահար, երգահան Կարեն Արզումանյանին: Լիլիթ Պիպոյանի և Կարեն Արզումանյանի խոսքերով` իրենք նորմալ են վերաբերում նրան, որ վերջին շրջանում տարբեր երգիչներ «լցնում են» Մարզահամերգային համալիրը: Լիլիթ Պիպոյանն ասում է, որ այս պահին ինքը չէր կարողանա «լցնել» համալիրը, մինչդեռ պոտենցիալ կար, և անհրաժեշտ էր որոշակի աշխատանք տանել: «Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ մշակութային երևույթների մասին մարդիկ պետք է տեղեկանան, արտիստը ինքն էլ պետք է ներկայանա, ակտիվ լինի»,- ասում է Լիլիթ Պիպոյանը: Իսկ որպեսզի արտիստը ներկայացվի, անհրաժեշտ է գովազդ, որը նյութական հիմք ունի: «Ինչ որ կա, այդ էլ կանք: Մշակույթն էլ է նման նրան, որ ասում են` ժողովուրդը արժանի է իր ղեկավարներին: Ժողովուրդը փոքր երեխայի նման է. ինչ տալիս են, այն էլ ճանաչում է, սիրում»,- ասում է երգչուհին: «Ինչպիսին հանդիսատեսն է, այն էլ նրան մատուցվում է»,- ասում է Կարեն Արզումանյանը` միաժամանակ նշելով, որ Հայաստանում երգում են այն, ինչ պահանջում են: «Էմփիռեյ»-ը մոտ ապագայում ևս կփորձի «դահլիճ լցնել»` մենահամերգներով հանդես գալով Հայաստանում և արտասահմանում: Հաջորդ տարի խումբը նախատեսում է երկրորդ ալբոմը թողարկել: Այն կընդգրկի 10-12 երգ, որից 6-ն արդեն ձայնագրված է: Լիլիթ Պիպոյանը շուրջ մեկ տարի շարունակ աշխատել էր մի ստեղծագործության վրա, որը կատարելու համար 16 երաժիշտ էր պետք: Երգչուհին ֆինանսավորում ստանալու հարցով դիմել էր Մշակույթի նախարարությանը, բայց մեկ տարի սպասելուց հետո մերժում ստացել: Դրանից հետո Լիլիթ Պիպոյանը որոշել է, որ այլևս չի դիմի պետական ատյաններին: «Հիմա ես եմ ու իմ համակարգիչը: Շատ երջանիկ եմ, հիմա ծրագիր եմ գրում ֆոլկ-տրանս ոճի մեջ: Կեսը պատրաստ է, հուսով եմ` գարնանը փոքր կազմով կկարողանամ ներկայացնել»,- ասում է Լիլիթ Պիպոյանը: Երաժիշտները նշում են, որ հնարավոր է կոտրել կարծրատիպերը: Օրինակ` տարիներ առաջ Հայաստանում շատ քչերը գիտեին ռոքի, ջազի մասին: Նրանք նշում են, որ ջազը տարածում ստացավ շնորհիվ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով այցելում էր «Առագաստ» սրճարան ու ջազ լսում, իսկ ռոքը` շնորհիվ վարչապետ Տիգրան Սարգսյանի: Անդրադառնալով «Հետք»-ի հարցին, թե ինքը ելույթ ունենալո՞ւ է վաղը կայանալիք «Էրեբունի-Երևանի 2792 ամյակի» միջոցառումներին շրջանակում` Լիլիթ Պիպոյանը պատասխանեց, որ չնայած ինքը շատ է սիրում բացօթյա համերգներ` բայց վաղվա միջոցառումներին հրավիրված չէ: Ինչ վերաբերում է առհասարակ պետական համերգներին, ապա Լիլիթ Պիպոյանը երբեք չի մասնակցել դրանց, ինչի մեջ նաև իր մեղքն է տեսնում. տարիներ շարունակ իրեն հեռու է պահել զանգվածային միջոցառումներից: Այժմ նա զանգվածային միջոցառումներին մասնակցելու կարիք է զգում, բայց չեն հրավիրում: Իսկ «Էմփիռեյ»-ը երբեմն ելույթ է ունենում պետական համերգներին, պարզապես ռոք խմբի ելույթի համար անհրաժեշտ տեխնիկան շատ թանկ արժե:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված