ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

2029 թ. Սևանա լճի մակարդակը կհասնի 1903 մետրի



Կառավարությունը Սևանի հիմնախնդիրները լուծելու համար տրամադրել է 44 մլրդ դրամ

Երեկ տեղի է ունեցել Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ամփոփվել են 2010 թ. 9 ամիսներին կատարված աշխատանքները: Դեռևս անցյալ տարի Սևանի հարցերով զբաղվող հանձնաժողովը հանրապետության նախագահին ներկայացրել էր առաջարկությունների 8 փաթեթ, որոնք հաստատվել են:

Այդ առաջարկությունները ընդգրկում են Սևանի համակարգի բոլոր խնդիրները` պահպանություն, վերականգնում, վերարտադրում, բնականոն զարգացում և օգտագործում: Այս խնդիրները պետք է լուծել առաջիկա 2-3 տարուն: Այս բոլոր միջոցառումների համար Կառավարությունը 44 մլրդ դրամ (120 մլն դոլար) է հատկացնելու: Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն ասում է, որ սա իր մեծությամբ երրորդ միջոցառումն է` Արփա-Սևան թունելի, Որոտանի ՀԷԿ-ի կառուցումից հետո: «Հանրապետության նախագահը և Կառավարությունը չափազանց մտահոգված են Սևանի խնդիրներով: Դա է հավաստում ֆինանսական նեղ դրության մեջ այս գումարը տրամադրելը»,- նշում է նա: Սևանի առաջին խնդիրը ջրի մակարդակի բարձրացումն է, երկրորդը` ջրի որակն է, երրորդը` էկոհամակարգի վերականգնումը: Արփա-Սևան թունելի ավելի քան 3,3 կմ երկարությամբ հատվածը վթարային վիճակում է: Այն վերականգնելու համար հրատապ միջոցառումներ են պետք: Հայտարարված միջազգային մրցույթում հաղթել է «Արփա-Սևան» ՓԲԸ-ն, կառույցի վերականգնման արժեքը 11,8 մլրդ դրամ է: Սեպտեմբերի 1-ից սկսված շինարարական աշխատանքները կավարտվեն 6-7 ամսվա ընթացքում: Ջրի մակարդակի բարձրացման հետ կապված մյուս խնդիրը ջրի կորուստների հարցն է: Վլադիմիր Մովսիսյանն ասաց, որ արդեն սկսվել է Սևանի տարածքում գործող հիդրոտեխնիկական կառույցների վերանորոգումը: Այս աշխատանքների համար ծախսվում է 3,4 մլրդ դրամ: 6,4 մլրդ դրամ էլ ծախսվելու է Արարատյան դաշտի հողերի վերականգնման վրա: Ակնկալվում է, որ այս բոլոր միջոցառումներից հետո` 2029թ., Սևանա լճի մակարդակը կբարձրանա մինչև 1903 մետր: «Ոչ մի խնդիր այլևս գոյություն չունի, միայն ժամանակի հարց է»,- ասում է Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը: Այս տարի Սևանի մակարդակը անցյալ տարվա համեմատ բարձրացել է 56սմ-ով: 2008թ ջրի մակարդակը բարձրացել է 6սմ-ով, 2009-ին` 36սմ-ով: Այսօր մաքուր ջրի խնդիրը ամենակարևորն է, քանի որ գլխավոր նպատակը քաղցրահամ ջուր ունենալն է: Սկսվել են և այս տարի կավարտվեն 5 քաղաքի` Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի մաքրման, կոյուղագծերի վերականգնման աշխատանքները: Անհրաժեշտ է լուծել առափնյա 43 համայնքի ջրամատակարարման, կոյուղիների, ինչպես նաև մաքրման խնդիրները: Նախատեսված է մաքրել ջուրը աշխարհում հայտնի բազմաթիվ ձևերով: Վլադիմիր Մովսիսյանի խոսքերով` շատ կարևոր է, որ հանձնաժողովը տեղեկություն ունենա ջրում առաջացած և առաջացող ցանկացած պրոցեսի վերաբերյալ: Նախատեսում են ստեղծել մոնիտորինգի ժամանակակից համակարգ, ինֆորմացիոն բանկ: Սևանի ավազանում աղբի հետ կապված հարցերը լուծելու համար Կառավարությունը հատկացրել է 12 մլն դրամ: Սևանի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ մնաց 520 շենք, որից 203-ը` քարե, 317-ը` փայտե, շարժական: Ապամոնտաժման, քանդման, տեղափոխման աշխատանքները սկսված են, արդեն 27 շենք-շինություն է ապամոնտաժվել, քանդվել: Դրանցից 22-ը «Լավանդա Սիթիում» է, 5-ը Սևան ազգային պարկի կառույցներն են: Եթե քանդվող շինությունն ապօրինի է, ապա փոխհատուցում չի տրամադրվի: «Ջրի առաջ բոլորը հավասար են»,- ասում է Վլադիմիր Մովսիսյանը` նշելով, որ նախապես տեղեկացնելու են այն մարդկանց, որոնց տները մնալու են ջրի տակ, որ իրենց գլխի ճարը տեսնեն: Հաջորդ խնդիրը կապված է ափամերձ անտառների մաքրման հետ: Ջրի տակ է մնացել մոտ 593 հա անտառ ու թփուտ: Այս ամիս Ֆինլանդիայից Հայաստան կբերվի այն սարքը, որով կմաքրեն ջրի տակ մնացած անտառները: Ճանապարհների հարցը ևս կարևոր է, ջրի տակ է մնալու 16,6 մետր ճանապարհ: Վաղը Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովը կքննարկի ճանապարհների տեղափոխման գլխավոր հատակագիծը, որը պետք է իրականացվի մինչև 2029թ.: Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովն առաջարկում է Սևանում ձկան արդյունագործական որսն արգելել 3 տարով, մինչև ձևավորվի մայրական կազմը, և սկսվի վերարտադրությունը: Դրան զուգահեռ` արհեստական ուղղությամբ աճեցնել ձկնիկներ ու տեղափոխել լիճ: Այս առաջարկությունն արդեն ներկայացվել է Կառավարությանը: «Մենք իրոք հոգս ենք պատճառելու մեր քաղաքացիներին: Ես խնդրում եմ քաղաքացիների ներողամտությունը, սա ազգային գերխնդիր է, Սևանը պետք է բարձրացնենք 6 մետրով, դա կտա 8 մլրդ խորանարդ մետր ջուր»,- ասում է Վլադիմիր Մովսիսյանը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված