ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Եթե այսպես շարունակվի Ջավախքը հայաթափվելու է, իսկ Թիֆլիսի հայությունը տուժելու է»



Հայաստան-Վրաստան հարաբերություններում խոսքն ու գործն իրար հակասում են: Այսօր այս մասին խոսեցին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը եւ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Թամարա Վարդանյանն ասում է, որ մի կողմից հայտարարում են, թե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան հարցեր, որ չկարգավորվեն, մյուս կողմից էլ` կա չլուծված խնդիրների մի մեծ փաթեթ: Նա նշում է, որ հայ-վրացական հարաբերություններում կոսմետիկ բնույթի, երկրորդային, ոչ բովանդակային, ձեւական գործողություններ են, օրինակ` այնտեղի Գրողների միության անդամները գալիս են Հայաստան, հանդիպում են մեր Գրողների միության անդամների հետ, համատեղ համաժողովներ են անցկացնում, մշակութային օրեր Թբիլիսիում, մինչդեռ իրականում սկզբունքային խնդիրները մնում են չլուծված: Թամարա Վարդանյանը շեշտում է հետեւյալ սկզբունքային խնդիրները. 1. Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելը: 2. Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու եւ եւս 5 եկեղեցու անհապաղ վերադարձը Հայ Առաքելական եկեղեցուն: 3. Ջավախքում հայոց լեզվի, հայ գրականության, հայեցի դաստիարակության ապահովման խնդիրը: 4. Ջավախքում հայ-վրացական համալսարանի բացումը: «Այնուամենայնիվ ինձ համար զարմանալի չէ, որ Վրաստանի հայության խնդիրները տարիներով չեն լուծվում: Մենք բացահայտ ցուցադրում ենք, որ մեզ համար գերակա են առեւտրանտնտեսական հարցերը, իսկ Վրաստանում ապրող հայության խնդիրները դառնում են լուսանցքային: Պետք է վերանայենք խնդիրները եւ հայության խնդիրները դարձնենք առաջնային ու դրանով իսկ հնարավորություն չտանք վրացական կողմին մահակի նման մեր գլխին պահել իրենց աշխարհագրական դիրքի առավելությունը»,- ասում է «Նորավանքի» փորձագետը: Պատահական չէ, որ հայ-վրացական հարաբերությունները քննարկող հանձնաժողովը կոչվում է հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողով, այսինքն` այդտեղ տնտեսական խնդիրներ են քննարկվում, համատեղ 8 նիստ է կայացել, եւ Ջավախքի հարցը չի քննարկվել ընդհանրապես: Նա նշում է, որ մենք ազգային արժանապատվությունը թողել ենք մի կողմ եւ հանդես ենք գալիս կրավորական կեցվածքով, ու եթե այսպես շարունակվի, Ջավախքը հայաթափվելու է, իսկ Թիֆլիսի հայությունը տուժելու է: «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն էլ ասում է, որ Վրաստանի պաշտոնատար անձինք, այցելելով Հայաստան, ամեն անգամ մի հետաքրքիր դիպված թողնում են, ինչը վերլուծությունների տեղիք է տալիս: Նրա խոսքերով`վրացական կողմը շարունակում է ավանդույթները, ըստ որի` նախքան բանակցությունները պետք է մի կարեւոր փաստարկ ունենան իրենց ձեռքին, որի միջոցով հայկական կողմից զիջումներ են կորզում, մինչդեռ վրացական կողմի զիջումները միայն արհեստական են: Մյուսը փաստարկը կապված է ռուսական ռազմաբազաների հետ:  «Ռուսաստանը Վրաստանի վրա ազդելու շատ ավելի ուրիշ միջոցներ ունի, քան գալ հասնել Հայաստան, ուստի ռազմաբազաները վտանգ չեն ներկայացնում, մինչդեռ Վրաստանի բոլոր կոմունիկացիանները հակահայկական են»,- ասում է «Միտքի» փորձագետը: Վրաստանի արտգործնախարարը «Ջավախք» տերմինը օգտագործելու հետ խնդիրներ առաջացրեց, մինչդեռ Վրաստանն ավելի քան 60 կոնվենցիա է ստորագրել Ջավախքի վերաբերյալ, բայց դրանց ոչ մի դրույթներ չեն իրականանում: «Վրաց արտգործնախարարի այցը ցույց տվեց այն, որ վրացական կողմը դեմ է կամ հանդես չի գալիս այնպիսի նախաձեռնություններով, որ իր տարածքում հայկականությունը դառնա գործոն»,- նշում է Վահե Սարգսյանը: Վրացական կողմը հայկականությունը մերժում է իր տարածքում` կրճատելով լեզվի ժամերը, դասագրքրերը. «Վրացականության շունչը ժամ առ ժամ ավելանում է հայկական դպրոցներում»,- ասում է նա: Լեզվի ժամերը կրճատվում են, որպեսզի ավելի լավ յուրացվի վրացերենը, այսինքն` վրաց լեզուն հայկական միջավայրում փոխարինում է հայերենին: Չնայած բազային կրթությունը հայերեն է տարվում, բայց Վրաստանի կրթության մասին օրենքը սահմանում է, որ պետք է վրացերեն լինի, այսինքն` ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված