Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Անիում նամազ անցկացնելու նպատակը հայերին վիրավորելն է



Ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

«Մենք բոլորս ուրախանալու առիթ ունենք, որովհետեւ դարեր շարունակ մեր եկեղեցիները անարգվել են, ուղղակի պղծվել են այնպես, ինչպես կարողացել են, օրինակ` զուգարանի են վերածել, իսկ հիմա ուզում են այդ նույն շենքում նամազ անել»,- անդրադառնալով  Անիի ավերակներում Թուրքիայի «Ազգայնական Շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելիի ու նրա համակիրների կողմից (ի պատասխան Սուրբ Խաչում անցկացված պատարագի) նամազ կատարելուն, ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նա նշում է, որ երբ Շուշիի եկեղեցին ազատագրեցին, այն զուգարան էր եւ այդպիսի բազմաթիվ օրինակներ կան: Սամվել Կարապետյանը նշում է, որ մենք բազմաթիվ այլ խնդիրներ ունենք, եւ հիանալի է, որ թուրքերը գիտակցել են, որ եկեղեցում պետք է աղոթել: Նա միշտ երեւույթներին համեմատության մեջ է նայում եւ կարծում է, որ խնդրի վրա սեւեռվելու եւ նեղվելու հիմքեր չկան: Նամազ կատարելու նպատակը, ըստ հուշարձանագետի, հայերին վիրավորելն է: Իսկ ինչ վերաբերում է Պոլսո պատրիարքարանի արձագանքին, ապա այդպիսին սպասելու կարիք էլ չկա, քանի որ նա մեծ հարցերին անգամ չի արձագանքում: «Շենքը քանդում են, չի արձագանքում, նամազ անելու համա՞ր պետք է արձագանքի»,- ասում է հուշարձանագետը: Սամվել Կարապետյանը չգիտի, թե հիմա քանի եկեղեցի կա Թուրքիայում, բայց ասում է, որ, օրինակ, 1912 թվականին 2000-ից ավելի էր: Ընդհանուր առմամբ, այդ եկեղեցիների 10 տոկոսի հետքերն են միայն մնացել: «Ամեն անցնող տարվա մեջ եղածների թիվն է պակասում»,- նշում է հուշարձանագետը` ընդգծելով, որ 10-15 տարի հետո մենք այլեւս անելիք չենք ունենա, եթե թուրքական իշխանություններն այս տեմպերով շարունակեն ոչնչացնել հայկական նյութական մշակույթի հետքերը: «Մենք ամեն օր ուշանում ենք այս իմաստով»,- փաստում է մասնագետն ու հավելում, որ  խնդրի լուծմանը կարելի է հասնել միայն պետական մակարդակով միջազգային ատյաններում հարցը բարձրացնելու ճանապարհով, օրինակ` ՄԻԵԴ-ում հայցեր ներկայացնելով: Նա ասում է, որ պետք է գոնե թղթի վրա արձանագրենք եղածները, գնանք նկարենք եւ պատմության մեջ նշվի: «Մեր տան մեջ հայ բնօրրանի հետքն են ոչնչացնում: Ամեն ազգի պայքարը պայքար է իր հայրենիքը պահելու համար»,- ասում է նա:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված