Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

«Բաքուն տասնյակ տարիներ խախտում է պարտավորությունները»



Բոստոն ժամանելուն պես  Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց քաղաքի կենտրոնում գտնվող «Հայկական ժառանգության պուրակ» կոչվող վայր, որտեղ հաջորդ տարի կավարտվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման  աշխատանքները: Հուշակոթողի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Էդվարդ Նալբանդյանին նախագծի վերաբերյալ բացատրություններ տվեցին: Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն 11 տարի է Տավիտյան հիմնադրամի շնորհիվ Հայաստանի շուրջ 150 դիվանագետներ, պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել դասընթացներ անցնել Ֆլեթչերի դպրոցում, եւ շնորհակալություն հայտնեց Ֆլեթչերի դպրոցի ղեկավարությանը շարունակական համագործակցության համար: Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Հայաստանի ԱԳ նախարարի ելույթին հետեւեցին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցեր: Անդրադառնալով Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայտնվելուն` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Այսօր խոսում են Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինի եւ Հիտլերի միջեւ պայմանավորվածություններից, կասկածի տակ դնում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Մինչդեռ լռության են մատնվել անցյալ դարասկզբին Լենին-Քեմալ պայմանավորվածությունները, Ստալինի եւ Քաղբյուրոյի որոշումները, որոնք հիմք հանդիսացան Հարավային Կովկասում մի շարք խնդիրների, որոնք մինչ այսօր լուծումներ չեն գտել»: Պատասխանելով հարցին, թե ադրբեջանցիները պնդում են, որ մադրիդյան առաջարկությունների ինչ-որ տարբերակի են համաձայնվել, իսկ Հայաստանը` ոչ, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Վերջին մի քանի ամիսների ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերին մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակը ներկայացվեց այս տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում եւ մեր կողմից հայտարարվեց, որ դա ընդունվում է որպես բանակցությունների  հիմք, ինչպես որ դա արվել էր 2007 թ. նոյեմբերին ներկայացված փաստաթղթի առաջին տարբերակի կապակցությամբ:  Ադրբեջանցիները մերժում են թե՛ առաջինը, թե՛ վերջինը: Աշխատանքային տարբերակներից մեկի առնչությամբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է այն ընդունել որպես բանակցությունների հիմք, բայց որոշ բացառություններով: Սակայն պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունվածը: Հետո, ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել: Ի՞նչ է սպասում Ադրբեջանը, որ իրենց «այսպես կոչված ընդունվածը»` բացառություններով հանդերձ, պետք է ընդունվի Հայաստանի եւ Արցախի կողմից: Եվ իրենց այդ կեցվածքն էլ համարում են կառուցողական մոտեցում: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները ականջների մեջ խցան են դրել եւ չեն ուզում լսել` ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը»: Անդրադառնալով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին,  Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի պայմանները, այլ նաեւ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունը, որով Բաքուն ի շարս այլոց պարտավորվել էր ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից: Մինչ այսօր միջազգային հանրությունը շարունակում է կոչեր  անել այդ կապակցությամբ, իսկ Ադրբեջանը համառորեն շարունակում է իր սադրիչ կեցվածքը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները: Ադրբեջանը այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի, եւ անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերյալ: Պարզ է, որ այսպիսի կեցվածքը չի կարող բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի համար»: Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆլեթչերի դպրոցի տնօրեն Ստեֆեն Բոսվորթին, որի հետ քննարկեց ԱԳՆ եւ հաստատության միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:  Բոստոնում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բոստոնի հայ համայնքի կողմից Հայաստանի արտգործնախարարի պատվին կազմակերպած ընդունելությանը, որին խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին: Ավարտելով այցելությունը Միացյալ Նահանգներ` Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Երեւան:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված