Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Սա իմ վերջին կանգառն է»



Երեւանի Վահագնի թաղամասից հետո Վանահովիտն է: Այստեղ ում հարցնես` Նիգոլի տունը որն է, ցույց կտան: Վանահովտում ինչ տեսնում ես` կամ Նիգոլինն է եղել, կամ էլ է, բայց նրա աշխատասենյակը աննկարագրելի փոքր է: «Սփյուռքահայերու երեք սերունդ երազել են Հայաստան գալ, դա հորս, մեծ մորս, իմ երազը եղել է, ու երբ դռները բացվեցին, վազելով եկանք: Սփյուռքահայը որ կայցելե, իր մտքին մեջ Հայաստանը իդեալական երկիր կըլլա: Քեզ թվում է` հայրենիքումդ ամեն ինչ իդեալական պետք է լինի»,- ասում է Նիգոլի կինը` Զաբել Բերբերյանը: Ամուսիններ Նիգոլ Աբրահամյանը եւ Զաբել Բերբերյանը ծնվել են Լիբանանում, Նիգոլի ծնողները Խարբերդից են, կնոջ ծնողները` Կիլիկիայից: Կանադահայ Նիգոլը դեռ 1993 թ. պատերազմի ժամանակ Ղարաբաղում օգնություն է բաժանել, չի մասնակցել ռազմական գործողություններին, քանի որ «աղջիկը խնդրել էր չմահանալ»: Կանադա վերադառնալիս արդեն Հայաստան գալու մասին որոշումը կայացրել էր: 1999 թ. նա ընտանիքով տեղափոխվեց: «Շատ եմ թափառել, բայց սա իմ վերջին կանգառն է»,- ասում է Նիգոլը: Հայաստանում ապրելու որոշմանը ծնողները դեմ են եղել, 1999 թ. հոկետմբերի 27-ից հետո արտերկրում բոլորն ասել են, որ Հայաստանում ժողովրդական պատերազմ է` «Գժվե՞լ եք, ինչու՞ եք գնում»: «Իր հայրն ասում էր` աղջկաս Նիգոլը խաբեց Հայաստան տարավ, իմ հայրն էլ ասում էր` Զաբելը խաբեց տղուս»,- կատակում է Նիգոլը: Ամուսիններն այլեւս չեն զարմանում, չեն էլ զայրանում, Հայաստանում ապրելու 11 տարիների ընթացքում հարմարվել են տեղի վարքերին ու բարքերին: Առաջին տարին ամենադժվարն է եղել. աշխատանք չկար, ոչ ոք չի ուզել նրանց աշխատանքի ընդունել: Նիգոլն ապրել է ավելի քան 7 երկրում եւ աշխատել բազմաթիվ մասնագիտություններով: Դեղագործական կրթություն ունենալով` նա ամենատարբեր աշխատանքներ է կատարել` տաքսի վարել, հյուրանոցում աշխատել, խանութ աշխատեցրել, երշիկի գործարան հիմնել Ստոկհոլմում: Այդպես բազմաթիվ մասնագիտացումներ է ձեռք բերել, հմտացել նաեւ բիզնես մենեջմենթի ոլորտում: Հայաստանում առաջին անգամ վերանորոգել է իր բնակարանը, հետո կառուցել է «Բարեւ, տուն» հյուրանոցը եւ հիմնել «Բարեւ, երկիր» տուրիստական գործակալությունը: Հյուրանոցով եւ գործակալությամբ այժմ զբաղվում է Զաբելը: Հայաստանը Զաբելին հնարավորություն է տվել ղեկավարի աշխատանք անել: Մասնագիտությամբ մանկավարժ է, նաեւ` մանկագիր, 4 հեքիաթ է տպագրել երեխաների համար: Ունենալով բազմաթիվ ընկերներ, ովքեր ցանկանում էին գալ Հայաստան եւ այստեղ տուն ունենալ, Նիգոլը մտածել է բնակարանաշինությամբ զբաղվել: Վանահովիտ թաղամասում գնել է հողատարածք, կառուցել տներ եւ վաճառել: Այժմ նրան են պատկանում թաղամասի միայն լողավազանը եւ պարտեզը: Նիգոլը իրենց համարում է միջինից բարձր վաստակ ունեցողներ: Բայց բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, ինքն իր հետ պայքարի մեջ եղել, թե արդյոք կկարողանա՞ կայանալ իր երկրում: «Այստեղ շիտակ ալ աշխատիս, նորեն դժվար է, ստվերային դաշտի մեջ ալ լինիս` էլի դժվար է: Հարկայինը երբեք մեղավոր չէ, միշտ գործատերին է մեղադրում: Չեն հավատում, որ դու կարող ես շիտակ աշխատել այս երկրի մեջ, կարծում են` ամեն մարդ գող է»,- ասում է Նիգոլը եւ վստահեցնում, որ ինքը միմիայն «շիտակ» է աշխատում: Ամենաշատ խնդիրներ ունեցել են Կասկադում` «Կայարան» համալիրի բնակարանաշինության հետ կապված, այժմ նա դուրս է եկել այդ նախագծից` փոքր-ինչ հանգստանալու, բայց համալիրում երկու տան մասնաբաժին ունի: Նիգոլն ասում է, որ փողը իրեն չի փչացրել, քանի որ ինքը փող չսիրող մարդ է, «հիպի եղած եմ ժամանակին»: Ասում է` երբեք փող տալով կամ ծանոթով գործ չի դասավորել, ու որ փող տալը ավելի հեշտ է ու էժան, քան օրենքով աշխատելը: Իրեն համարում է հաջողակ մարդ, աշխատանքում հաջողությունների հասնելու համար Նիգոլն ունի իր բանաձեւը` երբեք կանխիկ գումար չի պահել, միշտ հող, անշարժ գույք է գնել ունեցած գումարով. «Ես հարուստ չեմ, ես փող չունեմ, կալվածք ունեմ»,- ասում է Նիգոլը: Ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է Նիգոլի բիզնեսի վրա, շատ նախագծեր դադարեցվել են: Նա ընդունում է, որ չկա մարդ, ով չի մտածում օգուտ ստանալու մասին, ինքը երկու տարի պատերազմի ժամանակ միայն օգուտ է տվել, իսկ այժմ ոչ միայն օգուտ է տալիս, այլեւ ստանում է: Եղվարդի շրջանում` Զորավանում, 25.000 հատ ծառ է տնկել, հիմա էլ Վանահովտում արվեստի պատկերասրահ է հիմնում իր բոլոր ընկեր-արվեստագետների համար, ովքեր կկարողանան ցուցադրել եւ վաճառել իրենց գործերը: Պատկերասրահում այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, գարնանը կավարատվեն: Նիգոլն ուզում է Պռոշյան գյուղում «ժողովրդական տներ» սարքել, խոստանում է դրանք հիպոթեքային ցածր տոկոսադրույքներով տալ երիտասարդ ընտանիքներին: Հայրենադարձ ընտանիքը Հայաստանում նաեւ հիասթափություններ է ունեցել: Նիգոլին այստեղ դուր չի գալիս «շփացածությունը», ասում է` նոր հարստացածները հոգով աղքատ են, հենց նրանք են մուգ ապակիներով սեւ, մեծ ջիպեր քշում եւ ուրախանում: «Այստեղ տղաների համար մաչոյությունը ոսկի շղթա գցելն է, ինչքան այն հաստ լինի, ինչքան վիզը հաստ լինի, էդքան լավ: Անպայման կնոջդ կողքին պետք է սիրուհի ունենաս»,- ասում է Զաբելը: Նիգոլը չի սիրում ռաբիսը թե կյանքում, թե երաժշտության մեջ, դրա համար էլ իր հարեւան ռաբիս երգիչ Թաթուլի հետ միայն հարեւանություն է անում, բայց նրա երգերը չի լսում: Փոխարենը մյուս հարեւանի` Ռուբեն Հախվերդյանի երգերը լսում է, հարեւանություն էլ է անում: «Նրան ասում եմ. «Ռուբո, դու մի խոսա, երգի»»,- ասում է Նիգոլը: Նիգոլի հոբբին իր աշխատանքն է, ամենից շատ սիրում է ծառ տնկել, հող մշակել: Ընկերոջ` Ատոմ Էգոյանի ֆիլմերից մեկում է նկարահանվել: Ներկայացում է խաղացել Արմեն Խանդիկյանի հետ: Նիգոլն ու Զաբելը քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց ծնվել եւ ապրում են որպես դաշնակցական, ասում են` դա իրենք չեն որոշել, իրենց պապերն էլ դաշնակներ էին: «Պատերազմից նոր ելած երկիր է, շատ արյուն թափած ենք, պատերազմի ատեն էս ժողովուրդը ավելի սիրալիր էր, ավելի համեստ էր, ընկերական, քան այսօր, բայց հարստացան, փողը փչացնում է, նոր սերունդ պիտի գա, որի աչքը պետք է կուշտ լինի»,- ասում է Նիգոլը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված