Կիրակի, 08 դեկտեմբերի

Չիլիի փորձը, ճապոնական դրամն ու հայ աշխատուժը



Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդունել է Չիլիում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուարաչիին: Վերջինս ներկայացրել է իր բազմամյա աշխատանքային փորձը, մասնավորապես` կապված Ճապոնիայի, Պարագվայի, Ուրուգվայի և Չիլիի միջև կնքված փոխըմբռնման քառակողմ հուշագրի հետ, որը մեծապես խթանել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Իբրև կոնկրետ արդյունք` հյուպատոսը նշել է, որ 40 տարի առաջ Չիլիում ոչինչ չգիտեին ձկնաբուծության մասին, իսկ ճապոնական փորձագիտական օժանդակության շնորհիվ ներկայումս սաղմոնի արտահանման գծով Չիլին աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Գուարաչին առաջարկել է մտածել Չիլի- Ճապոնիա-Հայաստան` եռակողմ հուշագրի մասին, որը թույլ կտա ակնկալել բարձր արդյունքներ` ձկնաբուծության և արտահանման ոլորտում: Նախարարը նկատել է, որ խնդիրը կդյուրանա, քանի որ Ճապոնիայում նախատեսվում է բացել հայկական դեսպանություն: Ճապոնաչիլիական հանձնախմբի անդամ և Ճապոնիայում որպես Չիլիի դեսպան աշխատած Գուարաչին խոստացել է անել ամեն ինչ` հուշագրի գաղափարն իրագործելու նպատակով: «Ես հասցրել եմ նկատել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս գյուղատնտեսության զարգացմանը, -ասել է նա:- Չիլին այդ իմաստով կարող է շատ օգտակար լինել: Բավական է ասել, որ Չիլին տարեկան արտահանում է 2,5 միլիարդ դոլարի թարմ միրգ: Հայաստան-Ճապոնիա-Չիլի-Արգենտինա հուշագրով կարող են վավերացվել նոր տնտեսական հարաբերություններ: Այլ կերպ ասած` Չիլիի փորձը, ճապոնական դրամը և հայկական հողն ու աշխատուժը կարող են նոր որակի բարձրացնել հայկական գյուղատնտեսությունը»: Իր հերթին, գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է, որ հայ-ճապոնական համագործակցության շրջանակներում Հայաստանը Ճապոնիայից ստացել է 10 դրամաշնորհ, որոնցից վերջինով արդեն Հայաստանում է գյուղտեղնիկայի խմբաքանակը: Հանդիպման ավարտին Գ. Ալավերդյանը խոստացել է հանգամանալից քննարկել առաջարկվող բազմակողմ համագործակցության գաղափարը, առանձնացնել առավել հեռանկարային ոլորտները և որպես մեկնարկ` սեղմ ժամկետներում ներկայացնել մշակված փաթեթը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված