Կիրակի, 21 հուլիսի

Լրատվամիջոցների հաշվին գումար աշխատելը գայթակղիչ է դարձել



Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի ընձեռած` զրպարտության եւ վիրավորանքի համար լրատվամիջոցին գումարային պահանջ ներկայացնելու հնարավորությունից այս անգամ որոշել է օգտվել Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Վ. Եղիազարյանի հայցն ընդդեմ «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Պատասխանող կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավված է «Հետք» շաբաթաթերթը: Համայնքապետը դատարանից խնդրել է «զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին «Հետք» թերթով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից եւ պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ` դատական ծախսերը»:

Նախնական դատական նիստը` դատավոր Վ. Հովնանյանի նախագահությամբ, նշանակված է նոյեմբերի 14-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում:

Ինչի՞ց  է վիրավորվել Լեռնապատի համայնքապետը  

Այս տարվա օգոստոսին «Հետքը» Ադրինե Թորոսյանի հեղինակությամբ հրապարակել էր «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացվում է Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանի եւ համայնքապետ Վ. Եղիազարյանի միջեւ ծագած դատական վեճը: Այն ծագել էր «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածի արդյունքում, որտեղ գյուղի տարբեր բնակիչներ, այդ թվում եւ Գեւորգ Մելքոնյանը, քննադատում են գյուղապետի գործունեությունը` տալով տարբեր գնահատականներ: Այդ գնահատականները համարելով վիրավորանք, իսկ հրապարակված տեղեկությունները` զրպարտություն, գյուղապետը դատի է տվել իր երկու համագյուղացու` Կամսար Թամարյանին եւ Գեւորգ Մելքոնյանին: Թամարյանից գյուղապետը պահանջել է ներողություն, հերքում և 3 մլն դրամ հատուցում (1 մլն դրամ` վիրավորանքի, 2 մլն դրամ` զրպարտության համար): Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը` Վանաձոր), դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, ով քննելու է նաեւ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ լրագրողի, հայցը բավարարել է մասնակի` վճռել է պարտավորեցնել Կ. Թամարյանին նույն լրատվամիջոցով ներողություն խնդրել վիրավորանք հասցնելու համար, հերքել զրպարտություն համարվող տվյալները և հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 400 հազար դրամ (300 հազար դրամ` վիրավորանքի, 100 հազար դրամ` զրպարտության համար) և 16 հազար դրամ՝ դատական ծախսերի գումար:

Գեւորգ Մելքոնյանի դեմ Լեռնապատի ղեկավարը միեւնույն պահանջով` ներողություն, հերքում եւ 3 մլն դրամ փոխհատուցում, երկու անգամ հայց է ներկայացրել Վանաձորի դատարան, երկու անգամ էլ հայցը վերադարձվել է: Երրորդ անգամ արդեն գյուղապետը զրպարտության եւ վիրավորանքի հայցը ներկայացրել է` առանց գումարային փոխհատուցման, պահանջելով բռնագանձել միայն դատական ծախսերը:

«Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար` 2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով»,- Ադրինե Թորոսյանի այս նախադասությունը եւ նյութի վերնագիրն է գյուղապետը համարել զրպարտություն եւ որակել որպես վիրավորանք` նշելով, որ ինքը Մելքոնյանին գույքային պահանջ չի ներկայացրել:

Իրականում լրագրողը հոդվածում չի մասնավորեցրել, որ գույքային պահանջը ներկայացվել էր դատարանի կողմից վերադարձված առաջին եւ երկրորդ հայցերով, իսկ վարույթ ընդունված հայցից այն հանվել էր: Եվ այս անճշտությունը Լեռնապատի համայնքապետը կարող էր ուղղել` խմբագրություն ուղարկելով հերքման կամ պատասխանի տեքստ` համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի, որով կարգավորվում է «Հերքման եւ պատասխանի իրավունքը»: «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» «այլանդակ» վերնագրում (ձեւակերպումը Լեռնապատի համայնքապետինն է) ի՞նչն է վիրավորական` անհասկանալի է: Բայց ինչո՞ւ չփորձել 1 մլն դրամ աշխատել… 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Artur00:34 - 29 սեպտեմբերի, 2011
Այ քեզ գյուղապետ: Ընկել ա մարդկանց հետևից: Էտ նոր փողեր աշխատելու ձև ա էլի անունով: Ես վախենում եմ պատկերացնել, որ նման մարդկանց հայցերը կարող են բավարարվել: Ֆեմիդայի աչքերը փակ են,փակ են ոչ թե նրա համար որ մարդիք ծիծաղեն օրենքի վրա կամ կանգնեն դրանից բարձր, այլ սկզբունքի իրացման համար: Թող սեպտեմբերի 21-ին կուրծք ծեծող դեմոգոգները մտածեն մեկ-մեկ դրա մասին: Երանի մեր դատավորները դատեին նաև սրտի ձայնին անսալով, թե չէ խաղալով ուր ենք հասնելու:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված