Երկուշաբթի, 11 նոյեմբերի

Մեկ տարում մարդուն հնարավո՞ր է «ծաղիկ» դարձնել



Այս տարի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտ ընդունելության համար մեծ մրցակցություն էր: Այս հանգամանքը հաշվի առնելով` դերասան Արտաշես Ալեքսանյանն որոշեց ստեղծել արտիստական ստուդիա, որի նպատակը, նրա խոսքերով, ոչ միայն կրթություն տալն է, այլեւ սատար կանգնել հայ կինոյին եւ թատրոնին: «Ցանկանու՞մ եք տիրապետել դերասանի վարպետությանը, հաղթել բոլոր հնարավոր քասթինգներում, նկարահանվել սերիալներում, ֆիլմերում, տեսահոլովակներում, մասնակցել թատերական բեմադրությունների եւ այլ նախագծերի…»,- այս է  խոստանում  Stage 7 դերասանական ստուդիան դերասան, թատրոնի եւ կինոյի վարպետ Արտաշես Ալեքսանյանի գլխավորությամբ: Այս արտիստական ստուդիայում սովորելու համար պետք է գրանցվել մինչեւ սեպտեմբերի 30-ը, դասերը կսկսվեն հոկտեմբերից եւ կտեւեն մեկ տարի` շաբաթական երեք օր, կուրսի ավարտին տրվում է վկայական: Դերասանական ստուդիայում ուսանելու արժեքը ամսական 30.000 դրամ է, տարիքային սահմանափակում չկա: Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ միայն ցանկությունը քիչ է, նայելու են, ընտրելու են արտիստական ստուդիայի ուսանողներին, նախատեսվում է մոտ 30 տեղ:  Արտիստական ստուդիայի ուսանողներն անցնելու են դերասանի վարպետություն, հոգեբանություն, արեւելյան մարտարվեստներ եւ այլն: Արտաշես Ալեքսանյանի խոսքերով` մեկ տարին մի քիչ քիչ է, բայց իրենց դիմորդները գալու են սովորելու: Նա դաս է տալիս Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, տեսնում է, թե ինչ է կատարվում բուհերում. «Մեկը գալիս է` օժիտի համար դիպլոմ ստանալու, մեկը` գեղեցիկ աղջկա հետ ծանոթանալու, մեկը` գեղեցիկ տղայի հետ»- ասում է դերասանը: Հոգեբանությունը ուսուցանելու է հոգեբան Կարինե Նալչաջյանը, ով կարեւորեց հոգեբանության իմացությունը դերասանի համար: «Եթե բնատուր արտիստական օժտվածություն ունեցող մարդը նաեւ ունենար կրթություն, ինչքան մեծ հաջողությունների կհասներ: Ես կմատուցեմ նրանց հոգեբանական գիտության օրինաչափությունները, որոնք իրենց կօգնեն թե իրենց կյանքում, թե աշխատանքում»,- ասում է հոգեբանը: Արտիսատական ստուդիան խոստանում է կրթել ոչ միայն հոգին, այլեւ մարմինը արեւելյան մարտարվեստներ դասընթացի շրջանակներում` ջիտ կուն դոյի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Ղանդոյանի ուսուցմամբ:  Նա նշում է, որ արտիստը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, ունենա մարզված մարմին: Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ այսօր դերասանի մասնագիտությունը դարձել է սովորական բան, ով ցանկանում է, խաղում է, միչդեռ յուրաքանչյուր դերասան պետք է արտիստական դպրոց անցնի: «Հետքի» հարցին, թե  4,5,6 տարի այդ մասնագիտությունը սերտած մարդու համար վիրավորական կլինի տեսնել, որ ինչ-որ մեկը եւս արտիստ է դարձել մեկ տարում, Արտաշես Ալեքսանյանը պատասխանեց. «Մեկ տարում, եթե մարդը ունի ցանկություն, մի քիչ էլ որ շնորհք, կարելի է նրան ջրել, ծաղկեցնել, դարձնել ծաղիկ»:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված