Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Ադրբեջանը հերթական սառը ցնցուղը ստացավ միջազգային հանրությունից»



Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևը երեկ չմտավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգ: ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը կարծում է, որ բանաձևի վերաբերյալ կարելի է եզրակացություններ անել տարածաշրջանում վերջին զարգացումների համատեքստում: «Հայ-ռուսական արձանագրություններով Ռուսաստանը կարծես շատ ակնհայտ հասկանալ տվեց, որ տարածաշրջանում ձևավորված իրողությունները պահպանվեն և ռազմական ճանապարհով չփոփոխվեն: ԱՄՆ պետդեպարտամենտը շատ զուսպ արձագանքեց ռազմաբազաների պայմանագրին: Այսինքն` գերտերությունները հակված են պահպանել վատ խաղաղությունը, որովհետև կոմունիկացիաների խնդիր կա»,- նշում է Դավիթ Ջամալյանը: Նրա կարծիքով` տրամաբանությունն այն է, որ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան պատերազմը: Բանախոսը նաև նշում է, որ անգամ եթե բանաձևը ընդունվեր, այն իրավական ուժ չէր ունենա, գերտերությունները ևս չէին աջակցի այս բանաձևին, իսկ Ադրբեջանը ցանկանում էր «օկուպացված տարածք» եզրույթը միջազգային շրջանառության մեջ մտցնել: Ասուլիսի մյուս բանախոսը` պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը, բանաձևի հետաձգումը մի կողմից համարում է հայկական դիվանագիտության հաջողությունը, մյուս կողմից` պատճառաբանում է նրանով, որ գերտերությունները չեն ցանկանում, որ Արցախի հարցը դուրս գա Մինսկի խմբի համանախագահների քննարկման շրջանակից: «Ադրբեջանը ցայտնոտնի մեջ է, հերթական սառը ցնցուղը ստացավ միջազգային հանրությունից, քանի որ միջազգային գործընթացում էլի ձախողվեց»,- նշում է պատմաբանը: Նրա կարծիքով` Ադրբեջանը ցանկանում էր հարցը Թուրքիայի միջոցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից մտցնել Անվտանգության խորհուրդ, որի որոշումները պարտադիր են երկրների համար:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված