Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ռաֆիկ Պետրոսյանն Ալիևին անվանեց «ուզուն ախմախ»



Իսկ Լ.Ալավերդյանի համար անհասկանալի է իշխող կուսակցության դիրքորոշումը ՄԱԿ-ում ներկայացվելիք հակահայ բանաձևի հարցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից հետո Ադրբեջանը ՄԱԿ-ին ներկայացրեց հակահայ բանաձև, որը Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն առնվազն ծիծաղաշարժ է համարում, քանի որ, նրա խոսքերով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները ոչ մի պարտադիր ուժ չունեն որևէ պետության համար, իսկ դրանից հետո Ադրբեջանը նպատակ ունի այդ բանաձևի քննարկումը մտցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: «Եթե Ալիևը` ուզուն ախմախը, կարծում է, որ այդպիսի ծիծաղաշարժ և անարդյունավետ նախաձեռնողություններով հանդես է գալիս հերթական անգամ, միևնույն է, որևէ հաջողության չի հասնելու»,- այսօր ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Իսկ թե ինչու է Ալիևը «ուզուն ախմախ», Ռաֆիկ Պետրոսյանը բացատրում է, որ երբ մարդ բարձրահասակ է և տխմարություններ է անում, նշանակում է` այդ հասակի մեջ քամի է ընդամենը, և Ալիևը կախվում է փրփուրներից, ինչի լավագույն օրինակը, Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով, բանաձևի ներքաշումն է: Նա վստահ է, որ աշխարհի բախտը որոշող խոշոր պետությունները կողմնակից են Արցախի հարցը լուծել Մինսկի խմբի ձևաչափում, և բանաձևը չի հասնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն, ասում է, որ շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերում ՄԱԿ-ին և նրա որոշումներին, և եթե դա մեզանում զավեշտ է հարուցում, ապա դա էլ է մոտեցում և խոսում է երկրի մասին: «Ինձ անհասականալի է իշխող կուսակցության քաղաքականությունը, և ուզում եմ իմանալ` մենք ինչ-որ բան անո՞ւմ ենք, որ կառաջացնի արձագանք ոչ միայն Ադրբեջանում, այլև ՄԱԿ-ում»,- ասում է Լարիսա Ալավերդյանը: Նա հավելում է, որ մենք ունենք բազմաթիվ կարևոր որոշումներ, որոնք ընդունել է հենց ՄԱԿ-ը: «Եթե մենք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, ընդունում ենք միայն պարտադրանքը, պատիժը, ռեպրեսիան` որպես ազդեցության կամ կառավարման մեթոդ, ապա ՄԱԿ-ի բոլոր որոշումները քաղաքական բնույթի հզոր հիմք են ստեղծում Ադրբեջանի համար»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: Նա հարցնում է, թե ո՞ր քաղաքական ուժի համար ՄԱԿ-ի բանաձևը քաղաքական հետևանքներ չունի, և արդյոք այդ ուժերը սպասո՞ւմ են, որ իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր միայն ընդունվեն: «Ինչպես հասկացա, մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը և թույլ ենք տալու, որ Ադրբեջանը ինչքան ուզի, կատակի, և սպասելու ենք, թե երբ է որոշումը պարտադիր լինելու»,- ասում է Լարիսա Ալավերդյանը: Նա նշում է, որ Հ1-ը ցույց է տալիս ԼՂԻՄ-ի քարտեզը` անջատ Հայաստանի Հանրապետությունից և ոչ թե ԼՂՀ-ն` իր Սահմանադրությամբ հաստատված սահմաններով: Սա, ըստ Լարիսա Ալավերդյանի, խոսում է մեր պասիվ դիրքորոշման մասին, և սրանով Հայաստանը շարունակում Է Ադրբեջանի դիրքորոշումը: «Հայաստանի Հանրապետությունը` իր Հ1-ով և «Հայաստանի Հանրապետություն» թերթով, նույնպես հաստատում է, որ ինքը ևս չի տեսնում այսօրվա ԼՂՀ-ի Սահմանադրությամբ հաստատված սահմանները` որպես օրինական սահմաններ»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված