Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

Արմեն Ռուստամյան. «Էդ համաձայնագիրը հո հիմա քարի վրա գրված չի՞»



Ըստ պատգամավորի` ռազմակայանի մասին պայմանագրի երկարաձգումը նաև պայմանավորված է Հայաստանի առաջացրած վտանգավոր իրավիճակով Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Ո՞րն է հայ-ռուսական պայմանավորվածությունների վերաբերյալ ՀՅԴ տեսակետը: Հայաստանը գտնվում է մի աշխարհաքաղաքական իրավիճակում, որ ունի, վատ թե լավ` ինչ-որ անվտանգության համակարգ: Այդ անվտանգության համակարգը փոխելու, տարածաշրջանային նոր, ավելի ամբողջական համակարգի մասին անընդհատ խոսակցություններ լինում են եվրոպական, միջազգային տարբեր կառույցներում: Բայց այդ նոր համակարգը դեռևս ձևավորված չէ, և դեռ հայտնի էլ չէ` այդ համակարգը ընդհանրապես կձևավորվի՞ այնպես, որ այդտեղ թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե մնացած բոլոր երկրները, որոնք հենց այդ համակարգի համար վտանգավոր են, փոխեն իրենց մոտեցումները: Դա ես մոտ հեռանկարում չեմ տեսնում: Եվ տրամաբանական է, եթե նորը չկա, հինը ամրապնդել: Այս տրամաբանության մեջ տեղավորվում է այն, ինչ կատարվեց (նկատի ունեմ զուտ պայմանագիրը): Պայմանագիրը, հնի հետ համեմատած, նոր որակի վրա է բարձրացնում մեր անվտանգության երաշխիքները, և դա ամենակարևոր չափանիշներից մեկն է: Ես նկատի ունեմ անվտանգության միայն մեկ բաղադրիչը` ռազմական անվտանգությունը: Որևէ մեկի համար երևի գաղտնիք չէ, որ ռազմական անվտանգության 80 %-ից շատ ավելին պայմանավորված է այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններով (ովքեր տեղյակ են այդ ռազմական գործից, գիտեն, որ դեռ մի բան էլ ես շատ քիչ եմ ասում): Այսինքն` ռազմական անվտանգության հետ կապված` Հայաստանը այսօր որևէ իրական այլընտրանք չունի: Սա իրականությունն է: Ուրեմն, այդ ծավալը բարձրացնելուն ուղղված ցանկացած քայլ, ընդհանուր առմամբ, բնականաբար դրական է: Երկրորդը: Ինքնիշխանության խնդիրը միջազգային պրակտիկայում առաջանում է ընդհանրապես այն ժամանակ, երբ մի երկիր որոշում է իր երկրում տեղադրել այս կամ այն երկրի բազաները: Իհարկե, բազաների տեղադրման հարցը նոր որակ է ենթադրում հարաբերությունների մեջ, և շատերը դրան մի քիչ խեթ աչքով են նայում` մտածելով, որ եթե բազա է տեղադրվել, այդ բազան կարող է մի օր նաև իրենց դեմ օգտագործվել: Դրա համար անընդհատ նշում են, որ սա երրորդ կողմի դեմ ուղղված չէ: Այդ առումով Հայաստանը նոր քայլ չի կատարել: Հայաստանը 95թ.-ից այդ բազաները տեղադրած ուներ իր տարածքում: Փոխվել են դրա ծավալը, դրա ժամկետները: Եվ այս իմաստով մեզ միշտ հարցրել են` «ինչո՞ւ եք հանդուրժում ռուսական բազաները Հայաստանում»: Մենք բացատրել ենք թե Ամերիկային, թե մյուս բոլոր, այսպես ասած, հետաքրքրվող երկրներին, անձամբ ես բազմաթիվ այդպիսի հանդիպումներ եմ ունեցել, ասել եմ. «Տվեք մեզ անվտանգության այլ երաշխիք` բազաները հանելու հարցը վաղն էլ դնենք: Ունե՞ք այդ երաշխիքը` մեզ տալու: Վաղը ի՞նչ ենք անելու»: Որևէ մեկը էդ պատասխանը ինձ չի տվել, որովհետև չունենք այդպիսի պատասխան: Հիմա փորձ անում ենք, այո, մյուս բազմավեկտոր տրամաբանությամբ, ՆԱՏՕ-ի հետ, բայց դրանք դեռ շատ հեռու են այն մակարդակից, որը կարող է այսօր ունենալ Հայաստանը իր այսօրվա ռազմական անվտանգության տեսանկյունից: Երրորդ կարևոր հարցը, այդ համաձայնագրի կարևոր խնդիրն այն է, որ մեր մյուս միջազգային պարտավորությունների հետ հակասություններ չառաջացնի: Դեռ համաձայնագիրը չի եկել Ազգային ժողով, դա պիտի գա: Ես տեքստը դեռ չեմ տեսել, բայց հուսով եմ, որ այդպես են արել (դիվանագետներ են, տեղյակ են): Բայց նաև չեմ բացառում, որ որոշ բաներ նկատած չլինեն: Հիմա կգա, այդ հարցի պատասխանը այդ ժամանակ էլ կտանք: Բայց մյուս կարևոր բաղադրիչը կա: Ուղղակի այսօր սա արձանագրությունն է մեկ կարևոր փաստի, հարգելիներս. ինչո՞ւ հենց հիմա դա տեղի ունեցավ: Այդ հարցը շատ են տալիս, չէ՞: Երբ էլ տեղի ունենար, իհարկե, այդ հարցը կարող են տալ: Ինչո՞ւ 49 տարով երկարացվեց, և ինչո՞ւ ժամկետը չսպառված` երկարացվեց: Այո, այո: Երբ դա հասունանում է, դա անում են, էլ չեն սպասում` երբ դա ինչ-որ ձևով աշխարհաքաղաքական առումով կընկալվի կամ ոչ: Էդտեղ ես ինչ-որ մի լուրջ բան չեմ տեսնում: Բայց կա լուրջ բան հայ-թուրքական հարաբերությունների այս տխրահռչակ ընթացքի հետ կապված: Հայ-թուրքական հարաբերությունների ըստ էության ձախողված այս գործընթացը մի բան է առաջացրել. այն, ինչ մենք ուզում էինք, դրա հակառակն առաջացրեց: Իբր թե պետք է պատերազմի վտանգը պակասեցներ («հարևաններ են, հարաբերվում» և այլն, և այլն): Ճիշտ հակառակը` պատերազմի վտանգը մեր տարածաշրջանում այսօր աճել է: Երկրորդ կարևոր հարցը կա: Ասում էինք, որ իբր թե թուրք-ադրբեջանական շահերի ինչ-որ բախում, հակասություն առաջացնենք, այդ տանդեմը խզենք, մեր դիրքերը կամրապնդվեն բանակցային գործընթացում: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը. ավելի ամրապնդվեց թուրք-ադրբեջանական այդ տանդեմը, և որոշել են արդեն բազաներ տեղադրել հենց Նախիջևանում: Այսինքն` առաջացրինք մեզ համար շատ ավելի վտանգավոր իրավիճակ: Եվ ինչ-որ տեղ, այո, այս քայլը թելադրված է նաև հենց դրանով: Դա ոչ ոք չի խոստովանի, բայց ես, տրամաբանությունը նայելով, ուրիշ բան այստեղ չեմ տեսնում, որովհետև իսկապես այդ տանդեմի հզորացումը լուրջ վտանգ է Հայաստանի համար: Այդ տանդեմը միշտ էլ կար, բայց կոնկերտ քայլեր են արդեն ձեռնարկվում. տեղավորել բազաներ, այն էլ` Նախիջևանում, արդեն նոր որակ է: Այսինքն` մինչև 2044 թ.-ը Հայաստանը ազգային անվտանգությունը ապահովելու որևիցե երաշխիք չի՞ ունենալու, դրա՞ համար են այդքան երկարաձգում: Ես ժամկետներ չեմ կարող ասել, բայց որ մոտ հեռանկարում այս իրավիճակում ես չեմ տեսնում նոր անվտանգության համակարգի նշույլներ, հստակ է: Երբ երևան այդ նշույլները, էդ համաձայնագիրը հո հիմա քարի վրա գրված չի՞. ամեն երկիր էլ ինքնիշխան երկիր է և կարող է պետք է եղած տեղը… Այդպիսի՞ համաձայնագրեր են եղել, որ մտել ենք այլ համակարգերի մեջ: Մենք ունեցել ենք բազմաթիվ համաձայնագրեր, բայց նույն եվրոպական մյուս կառույցների հետ նաև ունեցել ենք համապատասխան հարաբերություններ: Եթե հակասություն չի լինի միջազգային պարտավորությունների մասով, Հայաստանը ազատ է նաև այն մյուս ուղղությամբ շատ լրջորեն աշխատել, այսինքն` բազմազանացնել իր այլընտրանքը տարբեր անվտանգության բաղադրիչներով: Պրն Ռուստամյան, ինչո՞ւ եք կարծում, որ ռուսական բազաները մեր անվտանգությունը պիտի ապահովեն և տանդեմ ստեղծեն, այն դեպքում երբ Ռուսաստանը միշտ իր շահերով է առաջնորդվում, և Վրաստանը լուրջ մտավախություն ունի, որ ռազմաբազաները նաև կարող են իր դեմ օգտագործվել: Այդ ամենը նորից կապված է նրա հետ, թե ինչ է գրված համաձայնագրի մեջ: Էնտեղ շատ պարզ գրված կլինի` մենք մեր անվտանգության բաղադրիչ ունե՞նք, թե՞ չունենք: Գրված է, չէ՞, որ միայն օրինակի համար` այլևս հին Խորհրդային Միության սահմանները չեն պաշտպանելու այդ բազաները և անվտանգությունը միայն դրանով չեն ապահովելու, չէ՞: Սա արդեն դրական փոփոխություն է, որովհետև Հայաստանը դիտվում է որպես անկախ պետություն` իր ամբողջ պարագծով` և Ադրբեջանի հետ սահմանը, և Վրաստանի հետ սահմանը: Իսկ որ Վրաստանը տարբեր պայմանագրեր է կնքում, տարբեր հայտարարություններ է անում` ուղղակի մեզ դեմ, մենք ի՞նչ ենք ասում: Ամեն մեկն իր շահերով է առաջնորդվում, և սա ուղղակի չի ուղղված Վրաստանի դեմ, այդ բազաները միշտ էլ կային: Եվ վրացիներն էլ էին այն ժամանակ դժգոհում, որ ռուսական բազաներ կան Հայաստանում: Իսկ եթե պատերազմ սկսվեր էս կողմից կամ էն կողմից, վրացիները մեր կո՞ղքն էին լինելու: Պրն Ռուստամյան, օգոստոսի 2-ին ՀՅԴ-ն հանրահավաք է անում, օգոստոսի 2-ին Ղարաբաղում նշվում է Անկախության տոնը, օգոստոսի 2-ին էլ մեր ռազմավարական գործընկերը մեկնում է Ադրբեջան: Սա զուգադիպությո՞ւն է: Մենք երբ ինչ-որ մի բան ստորագրում ենք, ասում ենք` մենք մեր անկախությունից չզիջենք, չէ՞, ինքնիշխան ենք, էս ենք, էն ենք: Բայց հազար անգամ մեզանից մեծ երկիր է. նա չի՞ մտածում իր ինքնիշխանության, անկախության մասին: Բա մե՞նք: Դե, դու քո չափով մտածի, նա` իր չափով: Չափերի տարբերությունը տեսե՞լ եք քարտեզի վրա: Այսիքն` բա ի՞նչ եք ուզում, ուզում եք` հավասարը հավասարի… Ամեն ինչ չի լինի էդպես: Մյուս կողմից էլ ուզում ենք, որ ինքը միջնորդ պահպանվի բանակցային գործընթացում, ճի՞շտ է: Մեդալը մի երես ունի, մյուսն էլ ունի, չէ՞: Մենք հիմնական խնդիր ունենք այսօր` ֆորմատը չփոխելու: Իսկապես եթե Ղարաբաղի հարցում ֆորմատի փոփոխության հարց առաջացավ, ի վնաս մեզ է լինելու հարյուր տոկոս: Բա ֆորմատի մեջ Ռուսաստանն է: Եթե Ռուսաստանը մեղադրվեց միակողմանիության մեջ, եթե ինքը ամբողջությամբ Հայսատանի հետ եղավ, այսպես ասած, մի դաշինքի մեջ, ոնց որ Բելառուս-Ռուսաստան, այդ ժամանակ ինքը չի էլ կարող միջնորդ լինել: Այսինքն` այդ ֆորմատն էլ հարվածի տակ կդրվի: Մի բան զիջում ես մի բան ստանալու համար: Էդպես է միշտ էլ: Կարելի՞ է սպասել, որ Ազգային ժողովը կողմ կքվեարկի արձանագրությանը: Արձանագրությունը թող բերեն, մինչև վերջ կտեսնենք, բայց, այո, ես ասացի տրամաբանությունը: Էդտեղ ի՞նչ մի պրոբլեմ կա: Այսինքն` ՀՅԴ-ն դեռևս չունի՞ ձևավորված կարծիք: Ես ասացի ՀՅԴ-ի կարծիքը շատ հստակ: Մենք դրական ենք համարում այս գործընթացը` այն, ինչ եղել է, բայց բուն համայնագիրը քանի չենք տեսել… Կտեսնենք` այնտեղ հակասություններ` պարտավորությունների, մյուս մասով կա՞ն, թե՞ չկան: Դուք ասում էիք, որ հայ-ռուսական արձանագրությունը կմտնի Ազգային ժողով: Չե՞ք կարծում, որ մինչև ստորագրելը պետք էր առնվազն պատգամավորներին ներկայացնել կամ Ազգային ժողովում քննարկում կազմակերպել: Այդպիսի կարգ չկա: Կա «Միջազգային պայմանագրերի մասին» օրենք: Այս օրենքով են շարժվում: Իհարկե, հայ-թուրքականի հետ կապված` մենք տեսանք, որ այդ օրենքում խախտումներ կան, բայց Ձեր ասածը հաստատ նախատեսված չէ, որ մինչև ստորագրելը պատգամավորների հետ քննարկեն: Այսինքն` դա օրենքի պահանջ չէ, դրա համար էլ չեն արել:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված