Կիրակի, 17 նոյեմբերի

Ֆրանսիական համալսարանի դասախոսներն ընդդեմ ռեկտորի



Ֆրանսիական համալսարանի արդեն նախկին դասախոսների համար անհասկանալի են իրենց աշխատանքից ազատելու պատճառները Հայաստանի Ֆրանսիական համալսարանից աշխատանքից ազատվել է 29 դասախոս` աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտման հիմքով: Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը նշում է, որ նրանք ազատվել են ինչպես աշխատանքային պայմանագրերի ժամկետի ավարտման, այնպես էլ որակական չափանիշներին չհամապատսխանելու, ներքին կանոնադրությունը չհարգելու պատճառով. «Երբեմն դասախոսներն իրենց պահում են ուսանողի պես, ուշանում են դասերից, ծրագրերը եւ պլանները չեն կատարում, անհրաժեշտ գրականության ցանկը չեն տրամադրում, չեն բավարարում տվյալ առարկայի դասավանդման պահանջներին»: Ռեկտորը որեւէ դասախոսի անուն չնշեց` պատճառաբանելով, թե հարգում է նրանց բոլոր իրավունքները եւ չի ցանկանում, որ նրանք չկարողանան այլ տեղում ընդունվել աշխատանքի: Աշխատանքից ազատված դասախոսների համար միանգամյան անհասականալի է աշխատանքից հեռացվելու պատճառը. «Ի՞նչ չափանիշներով են ընտրվում դասախոսները, երբ մեկի համար գործող չափանիշները բացակայում են մյուսի պարագայում: Սա խոսում է կաթվածահար մենենջմենթի մասին», -ասում է անգլերենի ամբիոնի նախկին վարիչ Գայանե Հակոբյանը: Աշխատանքից հեռացված դասախոսները հիմնականում Ֆրանսիական համալսարանում աշխատելու 7-10 տարվա աշխատանքային փորձ ունեն: Նրանք նամակ են գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, Աշխատանքի պետական տեսչությանը, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Աժ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, Լիոնի երեք համալսարաններին: 29 դասախոսներից 14-ը դիմել են Քանաքեռ-Զեյթուն շրջանի վարչական դատարան: Դասախոսներ Հերմինե Ահարոնյանը, Նարինե Կոխտիևանը, Անուշ Մխիթարյանը, Գայանե Հակոբյանն ասում են, որ առայժմ ուղարկած ոչ մի նամակի պատասխան չեն ստացել, իսկ բուհի ղեկավարությունը հրաժարվում է իրենց հետ հանդիպել: Հարցին, թե հնարավոր է նրանց ազատած լինեն քաղաքական հայացքների համար, դասախոսները նշեցին, որ իրենք անկուսակացական են եւ երբեք պահանջ չի ներկայացվել դառնալ ՕԵԿ-ի անդամ: Ռեկտորի խոսքերով`Ֆրանսիական համալսարանում դասախոսներն աշխատում են պայմանագրով, որոնց ժամկետները լրանում են, ժամանակի ընթացքում անհրաժեշտ է լինում որոշ առարկաներ հանել կրթական ցանկից, նորերը մտցնել. «Ես հավատում եմ արդարադատությանը եւ սպասում եմ դատարանի որոշմանը, ես ոչ մի օրենք չեմ խախտել»,- ասում է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը: Այժմ համալսարանում Աշխատանքի պետական տեսչությունը ստուգումներ է իրականացնում: Բուհի ղեկավարության ցանկությունը, ռեկտորի հավաստմամբ, մեկն է` ապահովել կրթական բարձր որակ, ուսանողներին ապահովել լավագույն պայմաններ: «Մեր պրոֆեսիոնալիզմի մասին խոսում են տասը տարիները, ոչ մի ատեստացիա, ոչ մի կոնկուրս, ոչ մի դասալսում չի արվել, այդ ինչպե՞ս են որոշում, որ մենք չենք համապատասխանում չափանիշներին»,- ասում է ֆրանսերենի դասախոս Նարինե Կոխտիևան: Դասախոսների իրավաբան Մարատ Ատոմյանը նշում է, որ այստեղ խախտվել են բազմաթիվ իրավական նորմեր. «Նախ` աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2008 թ.-ին, դրանից հետո դասախոսներն անորոշ ժամկետով կնքված պայմանագրի մեջ էին, եթե նրանք ասում են, որ դասախոսները 40 րոպե ուշանում էին դասերից եւ լսարանից դուրս գալիս 20 րոպե շուտ, ապա ինչո՞ւ այդ ժամանակ նրանց նկատմամբ կարգապահական պատասխանատվություն չի կիրառվել»: Իրավաբանը նաեւ նշում է, որ աշխատանքի ընդունումը եւ աշխատանքից ազատումը կարող է լինել միմիայն ռեկտորի որոշմամբ: Եթե Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկն ասում է, որ չնայած աշխատանաքային օրենսգրքի համաձայն ինքը կարող էր ընդամենը 10 օր առաջ ծանուցել դասախոսների աշխատանքից ազատելու հրամանի մասին, նա դա արել է 2 ամիս առաջ: Իսկ դասախոսները նշում են, որ իրենց տարբեր ժամկետներում են ներկայացվել նման ծանուցագրեր, ըստ որում` դրանք առանց կնիքի են եղել, առանց ստորագրության, միայն լոգոյով: Ծանուցման մեջ ընդամենը նշված էր ազատման հիմքը` աշխատանքային պայմանագրի ավարտը: Նրանք հարցնում են բուհի ղեկավարությանը, եթե 2000 թ-ից. աշխատելով Ֆրանսիական համալսարանում, միայն 2004թ-ից է  պայմանգիր կնքվել իրենց հետ, ապա ո՞ւր է կորում մյուս 4 տարվա աշխատանքային փորձը: Ռեկտորի մյուս դիտարկմանը, թե նա դասախոսներին վճարել է 48 օրվա արձակուրդային, դասախոսները նշեցին, որ, 10 տարի աշխատելով այդ համալսարանում, միայն վերջին երկու տարում են արձակուրդային ստացել, իսկ 48 օրվա արձակուրդային չեն ստացել: Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական բաժնի պետ Վաղարշակ Մեյրոյանն ասում է, որ 2007-2008թթ. կնքված պայմանագրերի մեջ կա մի կետ` ցանկացած դասախոս պետք է հետեւի իր ինֆորմացիոն արկղիկում գցված նամակներին, մինչդեռ իր վստահեցմամբ` համալսարանի որոշ դասախոսների արկղիկներ այնքան են լցված եւ չստուգված, որ այլեւս թուղթ գցել հնարավոր չէ: Դասախոսները նշում են, որ իրենք նամակները ստանում են նաեւ էլեկտրոնային հասցեի միջոցով, արկղիկներն էլ ստուգում են պարբերաբար, եթե այնտեղ ինչ-որ պայմանագիր էլ լինի գցված, ապա դա պետք է լինի երկու կողմերի համաձայնությամբ: Ռեկտորի այն դիտարկմանը, թե որոշ դասախոսներ չունեն բավարար գիտելիքներ, Ֆրանսիական համալսարանի արդեն նախկին դասախոսները ցույց են տալիս իրենց սերտիֆիկատները, տարբեր մրցույթներում եւ քննություններում ձեռք բերած հաջողությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: Դասախոսները նաեւ նշում են, որ մասնագիտական կարողությունները ստուգելու բազմաթիվ ձեւեր կան` ատեստացիա, դասալսում, գնահատում, որոնցից ոչ մեկը չի կիրառվել: Օրինակ` ֆրանսերենի դասախոս Անուշ Մխիթարյանն ասում է, որ իրեն բազմիցս համալսարանը Ֆրանսիա է ուղարկել` վերապատրաստվելու, իսկ մայիս ամսին էլ` Բուլղարիա. «Եթե իմ ծառայությունները պետք չէր նրանց, եթե նրանք դժգոհ էին իմ մասնագիտական կարողություններից, ապա ինչն էր իմաստը այդքան ներդրումներ կատարել իմ մասնագիտական կայացման համար»,- նշում է անգլերենի դասախոսը: Ռեկտորն էլ հավելում է, որ մեկ դասախոս ազատվել է  աշխատանքից տարիքի պատճառով. նա 84 տարեկան է: Կան նաեւ դասախոսներ, ովքեր ազատվել են աշխատանքից գիտական գործունեությամբ զբաղվելու համար: Դասախոսներ Հերմինե Ահարոնյանը, Նարինե Կոխտիևան, Անուշ Մխիթարյանը, Գայանե Հակոբյանը չեն զբաղվում գիտական գործով եւ իրենց բառերով` այդքան էլ նման չեն 84 տարեկանի: Ինչ վերաբերում է ռեկտորի այն հայտարարությանը, որ դասախոսները ստորագրություններ են կեղծել, մարդկանց ստիպել միանալ իրենց բողոքին, ապա դասախոսներն ասում են, որ իրենք նման լծակներ չունեն` ինչ-որ մեկի վրա ճնշում գործադրել: Ֆրանսիական համալսարանի ուսանողները սկզբում իրենց դասախոսներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել, անգամ ցանկացել են տարբեր ակցիաներ անցկացնել, բայց հետո լռել են:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված