Կիրակի, 15 դեկտեմբերի

Արմեն Ռուստամյանը քայլեր է առաջարկում Ադրբեջանի ներկայացնելիք բանաձևի դեմ



Նրա համոզմամբ` Հայաստանի գործող իշխանություններն ունակ չեն այդ քայլերն անելու Ադրբեջանը փորձում է ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջան ներմուծել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևը, որը կքննարկվի սեպտեմբերի 9-ին: ՀՅԴ-ն Հայ դատի իր բոլոր կառույցներին հրահանգել է լոբբինգ իրականացնել հնարավոր բոլոր երկրներում և թույլ չտալ, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջարկած հակահայ բանաձևն ընդունվի: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` նմանատիպ ֆորումներում հաճախ բանաձևերը քվեարկվում են` առանց հարցի էության մեջ խորամուխ լինելու և ըստ քաղաքական նպատակահարմարության` «տրվելով Ադրբեջանի քարոզչական հնարանքներին»: Այնուամենայնիվ, Ադրբեջանն անընդհատ Հայաստանին կանգնեցնում է նման փաստերի առաջ: «Սա ուղղակի նշանակում է, որ նույնը մենք պետք է անենք: Լավ, թող գնան այդ բանակցությունները, ինչ-որ մեծ պայմանագիր մի օր կնքվի: Ես չգիտեմ` դա երբ կլինի, բայց էդ բանակցություններն, իհարկե, պետք են, և այդ ուղղությամբ պետք է ամեն ջանք գործադրել: Բայց ո՞վ է մեզ խանգարում սկսել երկրորդ գործընթացը` ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը, որը շատ նման է Ցեղասպանության հարցին: Եվ Ցեղասպանությունն էլ, եթե Թուրքիան մի օր ճանաչի, շատ ավելի արագ հարցերը կլուծվեն: Բայց մենք հո գիտենք, որ Թուրքիան էդքան հեշտ ճանաչողը չէ (եթե ընդհանրապես ճանաչի): Դրա համար սկսել էինք Ցեղասպանության միջազգային ճանաչման այդ գործընթացը: Հիմա նույն բանը պետք է կատարել Ղարաբաղի հարցով»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Նա նշեց, որ Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքին, ընդ որում` խոսքը որոշման` Կոսովոյին չվերաբերող հատվածի մասին է: Սկզբունքի, իրավունքի իմաստով նախադեպն ունիվերսալ է և շատ ավելի լայնորեն կիրառելի է հենց Ղարաբաղի հարցով: Ի պատասխան օր օրի հզորացող Ադրբեջան-Թուրքիա տանդեմին` Արմեն Ռուստամյանն առաջարկում է ստեղծել ՀՀ-ԼՂՀ տանդեմ: «Այսինքն` մենք կատարենք քայլեր, որոնցով ստիպենք` գործընթացները ընթանան մեր ուզած ուղղությամբ, դրանով մտնենք ԼՂՀ ճանաչման այդ գործըթնացի մեջ: Մենք բարձրացնենք ԼՂ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարց»,- ասաց պատգամավորը: Սրա համար, ըստ Արմեն Ռուստամյանի, հայկական կողմը բոլոր հիմքերն ունի` թշնամու կողմից ռազմատենչ հայտարարություններ, Մինսկի խմբի բանակցային գործընթացին հակասող հարձակում սահմանի վրա: Արմեն Ռուստամյանը ԵԽ-ում իր ելույթում ասել է, որ խորհրդարանականները փակ աչքերով են նայում այդ ամենին և չեն ուզում որևէ ձևով արձագանքել: «Իրենք չեն արձագանքում` եկեք մենք մեզ պաշտպանենք, մենք մեր քայլերը կատարենք` իրենց դնենք այն փաստերի առաջ, որոնց հետ իրենք պարտավոր են հաշվի նստել: Եվ այդ ռազմաքաղաքական դաշինքը կնքվի, որտեղ շատ հստակ, բացահայտ ասվի, որ Հայաստանը ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորն է: Հավատացեք` սա ոչ պակաս կարևոր թեզ է` միջազգային առումով հաստատելու իմաստով, նշանակության առումով, որքան ԼՂՀ-ի ճանաչման հարցը: Սրանք իրար լրացնող հարցեր են: Մենք քանի մեր հարցերը ինքնուրույն, մեր ուզած եղանակով չենք դնում և չենք ներկայացնում, պարտադրում միջագային հանրությանը, նրանք մեր ձայնը չեն լսի: Պարզապես հայտարարություններով հեռու չես գնա»,- ասաց Արմեն Ռուստամյանը: «Դուք Հայաստանի իշխանության մեջ այդ քայլերն անելու պատրաստակամություն հիմա տեսնո՞ւմ եք» հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ տեսնում է վախվորած քայլեր` այդ ուղղությամբ և տարբեր քաղաքական գործիչների կողմից հայտարարություններ, որոնք ավելի շատ ուղղված են ներքին օգտագործմանը: «Մեզ պետք են քայլեր, որոնք ազդեցություն կունենան դրսում, որոնք խորհրդարանական, պաշտոնական դիվանագիտությունը կարողանա օգտագործել: Օրինակ` իրենք մարդու իրավունքների, հումանիտար հարցերի հետ կապված են, չէ՞ այս անգամ ՄԱԿ-ում դրել իրենց խնդիրը, որ էդ սոուսով ներկայացնեն: Բայց Ղարաբաղը ամենամեծ իրավունքն ունի այսօր պահանջելու` մարդու իրավունքների հետ կապված այդ խնդրի դաշտում քննարկումներ անցկացնել»,- նշեց բանախոսը: Արմեն Ռուստամյանի հավաստմամբ` իրենք եվրոպական կառույցներում բարձրացրել են հայ փախստականների հարցը: «Ի՞նչ մեղավոր է Ղարաբաղի բնակիչը, որ քանի դուք չեք ճանաչել իր անկախությունը, նա չպիտի ունենա այն նույն մարդու իրավունքները, որ բոլոր երկրները, բոլոր բնակիչներն ունեն: Նույն փախստականները, ինչ է թե իրենք Ադրբեջանում են, ունեն ուղղակի հնարավորություն` օգտվելու տարբեր ծրագրերից, իսկ Ղարաբաղի փախստականները` ոչ, որովհետև իրենք, չգիտես ինչու, չեն ճանաչվել: Էդ մարդն ի՞նչ մեղավոր է, որ դուք ձգում եք հարցի լուծումը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսին հատուկ Շուշի են տարել, որտեղ կազմակերպել են վերջինի հանդիպումը Ադրբեջանից գաղթած մոտ 100 փոխստականի հետ: Թերրի Դեյվիսն ասել է, որ աբսուրդ է, որ այս փախստականները որևէ աջակցություն չունեն եվրոպական, մարդասիրական կառույցների կողմից, ասել ու անցել է: «Մենք պետք է պահանջենք և կատարված փաստի առաջ դնենք: Չպիտի, օրինակ, Ղարաբաղի իշխանությունները մտածեն` «եթե օդակայան բացենք` մեզ վատ աչքով կնայեն»: Վաղն էլ պետք է էդ օդակայանը բացել, և ինքնաթիռները սկսեն թռչել: Պիտի կանգնեցնես կատարված փաստի առաջ: Վաղն էլ պետք է վերաբնակեցման խնդիրը շատ ավելի ակտիվ դնել, որովհետև այն մարդիկ ովքեր փախստական են, տները թողել են Ադրբեջանում, ունեն ամբողջական իրավունք` իրենց հենց այդ տարածքներում ապրելու: Ո՞վ է փոխհատուցել իրենց գույքի, տների կորուստը: Ադրբեջանցիներին մենք էստեղ փոխհատուցել ենք, և դա բոլորը գիտեն (էդ փաստաթղթերը կան)»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե երբ Արմեն Ռուստամյանը խոսում է նոր որակի իշխանության մասին, նկատի ունի, որ ՀՅԴ-ն գործո՞ղ իշխանություններին է հասունացնելու այդ նոր որակին, թե՞ պահանջում է, որ գործող իշխանությունները հրաժարական տան, և ընտրությունների միջոցով ձևավորվի այդ նոր իշխանությունը: «Մենք, նոր իշխանություն ասելով, նկատի ունենք նոր իշխանություն, ոչ թե այս իշխանությունը: Այս իշխանությունները անեին, լավ կլիներ էլի ամեն ինչ. էլ ի՞նչ ունեինք: Այն բոլոր խնդիրները, որ ես ասացի, իրենց լուծում չեն գտել և չեն գտել էս իշխանությունների օրոք: Ուրեմն, նշանակում է` էս իշխանությունները ունակ չեն: Ի՞նչ հասունացնենք արդեն: Հասունացնել է պետք իշխանափոխությունը, իշխանության ձևավորումը, որ ժողովուրդը այդ գիտակցությանը գա: Շատ դժվար ճանապարհ է` նկատի ունենալով նաև մեր ընտրական արատավոր համակարգը, որով, իհարկե, մենք ենթադրում էինք իշխանություններ փոփոխություն, բայց էդ արատավոր ընտրակարգն էլ պետք է լրջորեն վերանայվի»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Արմեն Ռուստամյանը համարում է, որ իշխանափոխություն պետք է լինի միայն ընտրությունների միջոցով:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված