Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Ըստ պատգամավորի` խնդիրը գյուղատնտեսական արտադրության ապահովագրումն է



Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը եւ Աժ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պետք է զրուցեին այս տարի գյուղմթերքների, մասնավորապես` կարտոֆիլի թանկացման մասին: Բայց Հրաչ Բերբերյանը չեկավ ասուլիսին, քանի որ չէր հասցրել Լոռիից հասնել մայրաքաղաք: «Վերջին ամիսներին կարտոֆիլի գնի բարձրացումը պայմանավորված է շուկայական հարաբերություններով եւ բնակլիմայական պայմաններով: Ինչ-որ չափով կապված է նաեւ կառավարության եւ գյուղնախարարության աշխատանքների հետ: Կարտոֆիլի գնի բարձրացումը կապել օլիգարխների հետ, տեղին չէ»,- ասում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Նա փաստեց, որ գյուղատնտեսական մթերքների գներն այս տարի բարձրանում են: Հարցին, թե ինչու շուկայական հարաբերությունների արդյունքում գները միայն բարձրանում են, բայց երբեք չեն իջնում, Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ կա ինքնարժեք հասկացություն. գինը չի կարող շատ իջնել: Կարտոֆիլի գինը բարձրացել է, քանի որ քիչ են ցանել: Նա նշում է, որ կարտոֆիլ մշակելն արդյունավետ գյուղատնտեսական արդյունք չէ. մշակում են նախալեռնային եւ բարձր գոտում ապրողները: Գյուղերում կարտոֆիլը շատ ավելի էժան է, բերում են քաղաք, գինը կրկնապատկվում է: Փաստորեն, վերավաճառողն ավելի շատ գումար է ստանում, քան արտադրողը, քանի որ գյուղացին իր կարտոֆիլը 120-150 դրամից թանկ չի վաճառում: Կարտոֆիլի գնի բարձրացումը պայմանավորված է արտահանմամբ: Այս տեսակետի կապակցությամբ Աժ պատգամավորը նշեց, որ եթե արտահանվում է, դա երկրին օգուտ է. «Այն, ինչ-որ արտահանվում է, երկրի համար դրական է: Եթե այսօր մենք կարողանում ենք արտահանել, ուրեմն կա պահանջարկ: Դա զարկ է տալիս այդ բնագավառի զարգացմանը, տեղական արտադրանքին: Եթե այսօր քաղաքացին տուժում է, որ ծիրանը թանկ է, ապա գյուղացին շահում է: Մեր բնակչության մի մասը շահում է, մյուս մասը` տուժում»,- ասում է Լեռնիկ Ալեքսանյանը: Եթե կարտոֆիլի գնաճը շուկայական հարաբերությունների արդյունք է, ապա որոշ տնտեսագետների պնդմամբ` այդ պարագայում պետությունը պետք է առաջին անհրաժեշտության մթերքների լրացուցիչ պաշարներ ունենա, օրինակ, հացահատիկ, կարտոֆիլ: Լեռնիկ Ալեքսանյանը նշում է, որ պետությունը միջոցներ է ձեռնարկում` կանխելու հացահատիկի գնաճը: Իսկ հացահատիկի գինը կախված է ներկրումից, գների նկատմամբ վերհսկողությունից: Կարտոֆիլի շուկայում մենաշնորհ կա՞ Հարցին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Մենաշնորհը բացասական երեւույթ է: Կան մի քանի լուրջ արտադրողներ, ինչը դրական երեւույթ է, քանի որ գոնե կան 10-20 մարդ, որոնց հետ կարելի է պայմանագիր կնքել եւ բանակին ապահովել կարտոֆիլով: Ես չգիտեմ մարդ, ով կարող է գների վրա ազդել: 100 հեկտարը դեռեւս քիչ է, որ մարդ թելադրի կարտոֆիլի գին»: Ըստ բանախոսի` շատ բան կախված է նաեւ ցրտահարություններից, որոնց հետեւանքով գյուղացու բերքը տուժում է, պետությունը չի փոխհատուցում, վերջինս մենակ է մնում բնության հետ եւ հաջորդ տարի հողն արդեն չի մշակում: Այս առումով` Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ մեր թիվ մեկ խնդիրը գուղատնտեսական արտադրության ապահովագրումն է: «Այսօր մենք պետական կազմակերպություններ գյուղատնտեսության բնագավառում չունենք. բոլորը սեփականացրած են: Նույնիսկ չունենք կամ քիչ են միջանկյալ սպասարկող կազմակերպությունները», - նշում է հանրապետական պատգամավորը: Լեռնիկ Ալեքսանյանն այն կարծիքին է, որ գյուղատնտեսությունը պետք է տարբերվի մնացած բնագավառներից եւ լինի պետական վերահսկողության ներքո, այսինքն` պետությունը պետք է քաղաքականություն վարի, օրինակ, պայմաններ ստեղծի, որ Արարատյան դաշտում ցորեն չցանեն, քանի որ դա նշանակում է միավոր հողից քիչ եկամուտ ստանալ: «Այնտեղ պետք է այգի լինի, բոստան, բանջար եւ այլն, բայց ոչ ցորեն»,- ասում է նա: Ինչ վերաբերում է պարապ հողերի համար հարկ տալուն, ապա Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ չկա շատ աղքատ գյուղացի, որ իր հողը չմշակի, իսկ այն մարդը, ով չի մշակում, ուրեմն ունի հավելյալ եկամուտի աղբյուր: «Մի քանի ամիս հետո կանգնելու ենք մեկ այլ խնդրի առաջ` խաղողի մթերում: Այսօր պետությունն ուզում է գինու գործարանին ստիպել, որ խաղող գնի, բայց չեն ընդունում»,- ասում է պատգամավորը եւ հավելում, թե ինքն այն կարծիքին չէ, որ չեն ընդունում, որպեսզի բերքը փչանա եւ էժան մթերեն: Ըստ նրա` խնդիրն այն է, որ նախորդ տարվա բերքը դեռ իրացված չէ. գործարանները լցված են անցյալ տարվա խաղողի գինիներով:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված